Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգարի զոհվելուց 2 շաբաթ անց զոհվեց նրա մորաքրոջ որդին` Յուրին, ևս 2 շաբաթ անց հորաքրոջ որդին` Հայասերը

Հունվար 17,2021 16:18

2000 թ. նոյեմբերի 14-ին Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում ծնվեց Էդգար Դոլուխանյանը։ Ո՞վ կպատկերացներ, որ տարիներ հետո նա կդառնա հերոս` կյանքը չխնայելով հայրենի հողի համար։

Էդգարը 2006-2018 թթ. հաճախել է Խնուշինակի միջնակարգ դպրոց, որն ավարտելուց հետո ընդունվել է ԱրՊՀ-ի իրավագիտություն բաժինը, այնուհետև ուսումը կիսատ թողնելով` 2019 թ. մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության։ Ծառայել է Հադրութում` հակատանկային բրիգադում` որպես ավագ օպերատոր։ Գերազանց ծառայության համար ավագ սերժանտի կոչում էր ստացել։ Պետք է ստանար նաև բանակի գերազանցիկի մեդալ։

Զոհվել է հոկտեմբերի 9-ին Կարախամբեյլիում։

Էդգարը մասնակցել է Հադրութի, Կարախամբեյլիի մարտերին։ Հակատանկային բրիգադում 26 զինվոր են եղել, այս պատերազմում զոհվեցին 6-ը։ Էդգարի զինընկերներից է նաև Արցախի հերոս Յուրա Ալավերդյանը, որը օրեր առաջ է զորացրվել, և Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը, որը ևս զոհվեց պատերազմում։

Զինակիցները Էդգարի մասին մեծ հպարտությամբ են խոսում, պատմում են նրա կատարած սխրագործությունների մասին։
«Էդգարը մեզ համար եղբայր է եղել»,-անկեղծանում են։

Տղաներից մեկը պատմում է, որ այնքան մեծ էր Էդգարի ոգևորությունը, երբ սեպտեմբերի 30-ին առաջին փորձից խոցեց թշնամու տանկը, որ ուրախությունից ինքնամոռաց հանել ու շպրտել է զրահաբաճկոնն ու սաղավարտը։

Նույն օրը, երբ խոսել է ծնողների հետ, ուրախությամբ հայտնել է լուրը և ասել, որ որպես խրախուսանք հնարավորություն կունենա ուսումն անվճար շարունակելու։

«Էդգարը շատ անվախ էր, անգամ պայթյուններն ու բարձր ձայները ասես նրա համար սովորական լինեին։ Նա հավատում էր մեր հաղթանակին ու երբեք անգամ մի փոքր չի կասկածել այդ հարցում։ Այդպես էլ անմահացավ` հաղթանակ բառը շուրթերին»,-մեզ հետ զրույցում ասում են ընկերները։

Էդգարը տան միակ տղա զավակն էր` հոր օգնականը, մոր հենարանն ու քույրերի հպարտությունը։

«Ողջ պատերազմի ընթացքում զանգում էր տարօրինակ հանգստությամբ ու լավատեսությամբ։ Վստահ էր` հաղթելու ենք»,- ասում է քույրը։

2000 թ. նոյեմբերի 14-ին Էդգարից բացի Ճարտարի ծննդատանը ծնվեցին ևս 6 երեխա` 2 տղա և 4 աղջիկ։ Այս պատերազմը խլեց ինչպես Էդգարի, այնպես էլ մյուս 2 տղաների` Բալայան Վիլենի և Շահնազարյան Հայկի կյանքն ու երազանքները։ Նույն օրը ծնվեցին, նույն պատերազմում զոհվեցին…

«Էդգարը մանկուց աչքի էր ընկնում իր արտասովոր մտածողությամբ ու ընդունակ լինելով։ Շատ պարտաճանաչ էր ամեն հարցում։ Շատ էր սիրում պատմություն առարկան, փայլուն տիրապետում էր։ Մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների ինչպես շրջանային, այնպես էլ հանրապետական, գրավել պատվավոր տեղեր, արժանացել պատվոգրերի և դիպլոմների։ Գերազանց ուսումնառության համար որպես խրախուսանք ամառային արձակուրդները անց է կացրել Հայաստանի տեսարժան և պատմամշակութային վայրերում, եղել Գառնիում, Գեղարդում, Խոր Վիրապում» ,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Էլինա Դոլուխանյանը։

Նա մանկուց շատ հայրենասեր էր։ Անչափելի սեր ուներ հարազատ Խնուշինակի նկատմամբ և հետագա կյանքը պատկերացնում էր հենց Խնուշինակում։

Հայրենասիրության իր իդեալը Մոնթեն էր։ Մոնթեի ոգով դաստիարակվեց, Մոնթեի նման անմահության ուղին բռնեց։
«Տղա ունենալու դեպքում էլ անպայման Մոնթե պիտի անվանակոչեր։ Հպարտությամբ մեկնեց ծառայության՝ կիսատ թողնելով ուսումը, վստահությամբ՝ 2 տարի անց կվերադառնա ու լավ մասնագետ կդառնա, պիտանի մարդ հայրենիքի համար։Ո՞վ կմտածեր, որ հայրենիքի համար ամենաթանկը` իր կյանքը կզոհեր…» ,-արցունքն աչքերին ասում է քույրը։

Ուներ բազմաթիվ երազանքներ ու նպատակներ, չնայած երբեք չէր սիրում խոսել դրանց մասին։ Շատ գոհ էր ծառայությունից։ Երբեք չի դժգոհել, անգամ երբ ամիսներ շարունակ հնարավորություն չի ունեցել արձակուրդ գալ, և խեղդվում էր կարոտից։ Սպայական կազմը միշտ առանձնացնում էր նրան` հպարտության առիթ տալով ծնողներին։ Պատերազմի առաջին օրվանից հերոսի պես մարտնչել է, մինչև վերջ կռվել է առանց վախի՝ հաղթողի ժպիտը դեմքին։

Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 8-ին երեկոյան։

Սիրտը երևի զգում էր… այդ օրը երկար խոսեց, հարցուփորձ արեց բոլորից։ Հոկտեմբերի 9-ի կեսօրին ընդհատվեց Էդգարի կյանքը` անկատար թողնելով նրա բազում երազանքներ։ Էդգարի զոհվելուց 2 շաբաթ անց զոհվեց նրա մորաքրոջ որդին` Յուրին, ևս 2 շաբաթ անց հորաքրոջ որդին` Հայասերը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031