2020թ.-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մի հատվածն էլ սահմանազատման արդյունքում անցավ ադրբեջանական հսկողության ներքո։
Այդ հատվածում էին գտնվում հեռուստաաշտարակն ու բջջային օպերատորների ալեհավաքները, ու դրանք ներկայումս տեղափոխվել են հայկական տարածք։
Հիշեցնենք, որ գյուղը մի քանի օր զրկված էր հեռուստատեսային կապից եւ հեռախոսակապից։
Կարդացեք նաև
Հեռուստաաշտարակը հանելուց հետո գյուղի այդ բարձունքում ճակատենցիները տեղադրել էին հայկական եռագույնը, որը միշտ ծածանվում էր։ «Մի տաս օր կլինի, որ ադրբեջանցիները՝ ռուսների ուղեկցությամբ, հանեցին եռագույնը, ծալեցին ու հետները տարան։ Մենք դա տեսնում էինք, բայց ինչ կարող էինք անել»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ճակատենում ապրող գյուղացիներից մեկը, որը, սակայն, չցանկացավ, որ հրապարակենք անունը։
Կիրակի՝ հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա Կապանի համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց եւ համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի կողմից հանդիսավոր կերպով բարձրացվեց Հայաստանում թերեւս ամենաբարձր` 30 մ բարձրությամբ եւ 40 քմ մակերես ունեցող Հայաստանի դրոշը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ