Լրահոս
Օրվա լրահոսը

Ափսոս էր երեխան

Հունվար 17,2021 12:00

Այս վերլուծականս սկսել էի գրել՝ արծարծելով այն միտքը, որի հետ մեր բազմահազար հայրենակիցներ համաձայն կլինեին, այն է՝ անցած տարին բացարձակ, բառի բուն իմաստով ու գրեթե բոլոր իմաստներով անհաջող ու ձախորդ տարի էր Հայաստանի ու ողջ հայության համար, ընդ որում՝ համոզված էի, որ ինձ հետ համաձայն կլինեն մեր հայրենակիցներից գրեթե բոլորը, բայց նախքան այդ իմանալը, ինտերնետի միջոցով զարմանքով իմացա ու տեղեկացա, որ անցած 2020 թվականն իր երկրի ու իր ժողովրդի համար բացառիկ անհաջող տարի է համարել թիվ մեկ գերմանացի Անգելա Մերկելը, ով ինձնից առաջ ընկնելով, և 2020 թվականն իր երկրի ու իր ժողովրդի համար բացառիկ անհաջող տարի էր համարել՝ առաջին հերթին նշելով ու շեշտելով իր երկրի ու աշխարհի դռանը չոքած կորոնավիրուս կոչվող պատուհասը:

Մերկելն անցած տարին իր երկրի ու իր ժողովրդի համար բացառիկ անհաջող տարի է համարել, նշելով ու ավելացնելով, որ ինքն այլևս երբևէ չի մասնակցի իր երկրի առաջնորդի ընտրություններին, քանի որ չի համարում, որ ինքն անցած տարում լավագույնս է ծառայել իր երկրին ու իր ժողովրդին:

Միգուցե առավել բնական ու առավել տրամաբանակ կլիներ, եթե տարեմուտի նախօրեին նման խոստովանություն լսեինք ոչ թե Մերկելից, այլ մեր իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նմանապես բնական ու նաև տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանի դեմ տվյալ մեղադրանքը ևս մի անգամ հնչեցվեր մեր երկրի փրկության գործին վճռականապես լծված 16 (թե 17) կուսակցությունների ամբիոնից ու անձամբ նորագույն վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանից, մանավանդ, որ՝ ակնառու էր, որ Վազգեն Մանուկյանն ու նրա համախոհների մեծ մասը ռեալ հույսեր ունեին, որ տարեմուտից առաջ Փաշինյանը հրաժարականի ամանորյա նվեր կմատուցի իրենց, և Նիկոլից ամանորյա նվեր շատերն էին սպասում, որովհետև մեր կյանքում երբևէ պատերազմի վտանգն ու ահավորությունն այս չափ մոտիկից չէինք տեսել, չնայած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պարերազմ, թե խաղաղություն» դարակազմիկ հոդվածում պատերազմի մասին մեզ հույժ խստիվ էր նախազգուշացվում, և առաջինից բացի, այլ նախազգուշացնողներ էլ կային, հատկապես ու առանձնապես Վանոն՝ Վանո Սիրադեղյան անուն-ազգանունով և Ավետիս Հարությունյան կեղծանունով, ում մասին մեծն Հրանտ Մաթևոսյանը հետևյալն էր գրել. «Վանոյին կկալանեն կամ չեն կալանի, կդատապարտեն կամ չեն դատապարտի՝ միևնույն է, միջակություններս ասպարեզից հսկա ենք հեռացնում, և ի՜նչ դիպուկ հարվածներով, և ազգը ծվատելու եղանակի ի՜նչ եզակի ընտրությամբ. թշնամին անգամ այսքան դիպուկ չէր լինի: Վատ է, պարոնայք, շատ վատ է: Վերջին տխմարներն են նրանք, ովքեր իրենց ուժեղ են տեսնում այս խոշոր անհատի բացակայությամբ: Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է»:

Վատ է պարոնայք, շատ վատ է, որ Վանոյին այս օրհասական ու անհուս պահերին ենք հիշում: Անկեղծ ասած, չենք էլ հիշում. ոչ թե մենք ենք հիշում, այլ՝ մեծն Հրանտ Մաթեւոսյանը: Եվ դա էլ է տրամաբանական ու օրինաչափ: Վանոյի ու Ավետիս Հարությունյանի վերլուծությունները կարդալով՝ համոզվում ենք, որ անցնող Նոր տարին շատ դժվար է լինելու Նիկոլի ու բոլորիս համար, ու նաև 16-ի ու 17-ի համար, և եթե նույնիսկ 18 դառնան, և եթե նույնիսկ առաջին նախագահի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը դարձնեն սեղանի գիրք: Բայց 16-ի ու 17-ի արագընթաց գարգացումները հույս են տալիս, որ իրենք ոչ միայն «Պատերազմ, թե խաղաղությունը» սեղանի գիրք կդարձնեն, այլև խաղաղության դասեր կտան «Պատերազմ, թե խաղաղության» հեղինակին:

Բայց ի լրացումն Հրանտ Մաթևոսյանի ասենք, որ չնայած շատերը շատ էին ուզում ասպարեզից հեռացնել Վանո Սիրադեղյան հսկային, բայց բարեբախտաբար չկարողացան հեռացնել հսկային, մանավանդ՝ քաղաքական վերլուծության և հրապարակախոսության ասպարեզից, ի բարեբախտություն մեզ, որովհետև հիմա նաև Վանոյի հոդվածներից ու վերլուծություններից ենք իմանում, թե առաջիկայում ինչ է սպասում մեզ:

Իսկ թե առաջիկայում ինչ է սպասվում Գերմանիային ու անձամբ Մերկելին, մեզ առանձնապես չի հուզում ու չի հետաքրքրում, որովհետև անձամբ մեզ հուզող ու հետաքրքրող հարցերն այնքան շատ ու այնքան բազմազան են, որ հնարավորություն չեն տալիս, որ մի քիչ էլ Գերմանիայի ու անձամբ Մերկելի մասին մտածենք:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031