Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա հաղթանակը…

Հունվար 17,2021 11:43

Ամիսներ առաջ էի գրել երեխաների կողմից շատ սիրված պարուսույց Սերո Աղաբեկյանի մասին, որը մերօրյա հերոսներից է: Նա ծնվել է Ճարտարում 1998 թվականի դեկտեմբերի 16-ին:

Ավարտել է Ա. Ավանեսյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Ազատամարտիկների անվան հ. 1 մ/հ դպրոցում: 2011 թվականին ընդունվել էր Ճարտարի արվեստի դպրոցի պարի, երգեցողության ու նկարչության բաժինները:

Վերջին հարցազրույցի ժամանակ Սերոն անկեղծացավ. «Սկզբից չէի սիրում պարը, քանի որ որոշ շարժումներ շատ դժվար էի ըմբռնում, մի քանի պարապմունք սիրով չէի հաճախում, բայց արդեն 4-5-րդ պարապմունքների ժամանակ, երբ սկսեցի արդեն շարժումներ կատարել՝ միանգամից սիրեցի ու սիրով հաճախեցի պարի խմբակը»:

Սերոյի քույրը՝ Սիրանուշը, ևս իր եղբոր հետ 2011 թվականից հաճախել է պարի: Սերոն ինձ պատմում էր, որ իրար ձեռք բռնած սկսել են իրենց քայլերն ու հասել հաջողությունների: Արվեստի դպրոցն ավարտելուց հետո Սերո Աղաբեկյանը տեափոխվել է Ստեփանակերտի պարարվեստի քոլեջ: Ապագայի հանդեպ մեծ հույսերով լցված երիտասարդն, ավարտելով պարարվեստի քոլեջը, աշխատանքի է անցնում Մարտունու և Ճարտարի արվեստի դպրոցներում, որոշ ժամանակ դասավանդելուց հետո անցավ պարտադիր զինվորական ծառայության: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո վերադառնում է ծննդավայր և շարունակում դասավանդել:

«Ճիշտ է, շատ են լինում առաջարկություններ, որ տեղափոխվեմ և դասավանդեմ ուրիշ արվեստի դպրոցներում, սակայն ես այս պահին չեմ կարող հեռանալ իմ հարազատ ծննդավայրից»,-հայրենիքի հայորդին այսպես է պատասխանել իմ հարցին:

Մեր ժամանակներում կա այն կարծրատիպը, թե տղան պարի հետ ի՞նչ առնչություն ունի: Սակայն մարդիկ մոռանում են, որ տղաները պարի ասպարեզում ունեն ուրույն նշանակություն: Սերոն բացատրում էր, որ եթե պարը տղաների կողմից ներկայացվի որպես տղային բնորոշ պար, ապա ժողովրդի կողմից կընդունվի: Բայց հաճախ են լինում դեպքեր, երբ տղա պարողները պարային սխալ ընտրություն են կատարում, այդ իսկ պատճառով էլ տեղ են գտնում այդ կարծրատիպերը:

Չեմ մոռանա Սերոյի պատասխանն իմ հարցին, թե ինչ է պարարվեստը նրա համար. «Պարարվեստն իմ կյանքում կարող եմ հաղթանակ համարել, քանի որ ես իմ ներսում ունեցած ոգևորությունն ու ունակությունները փոխանցում եմ մարդկանց»:

Ցավոք, պատերազմը մեզանից խլեց տաղանդավոր ու սիրված Սերո Աղաբեկյանին, որի կյանքի նպատակները ակնհայտ էին, գործը արդար և ոգևորող:

Հարազատ կրթօջախում սիրով են հիշում նրան, չեն հավատում, որ կենսուրախ Սերոն այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ:
Նա թողել է մի կարևոր պատգամ՝ կյանքի հաղթանակների մասին… և այդ հաղթանակները դեռ կերտվելու են: Նա կերտեց նաև ի՛ր հաղթանակը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031