Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Հունվար 16,2021 23:17

Ադրբեջանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Հայաստանի ռազմական ագրեսիայի» արդյունքում տուժած իր քաղաքացիների ազատությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ բողոքը ՄԻԵԴ է ներկայացվել հունվարի 15-ին, հայցի պատրաստման աշխատանքներին մասնակցել են Ադրբեջանի հայտնի իրավաբաններ և միջազգային փորձագետներ:

Փաստաթղթում բարձրացվել են հարցեր՝ կապված «Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում և 7 հարակից շրջաններում» Ադրբեջանի քաղաքացիների «կյանքի իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքի, դավանանքի ազատության, գույքի և ազատ տեղաշարժման» խախտումների, ինչպես նաև «խոշտանգումների ենթարկվելու և վատ վերաբերմունքի» կապակցությամբ: Հայցում նաև «ապացույցներ են բերվում», որ Հայաստանը որևէ միջոց չի ձեռնարկել հակամարտության հետևանքով անհետ կորած Ադրբեջանի 3890 քաղաքացիների ճակատագրերի քննության ուղղությամբ:

Բացի այդ, գանգատում «ապացույցներ են ներառված» առ այն, որ վերջին էսկալացիայի ժամանակ Հայաստանը կասետային և ֆոսֆորային արկերով, բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս գտնվող գյուղերին և քաղաքներին, որոնց հետևանքով զոհվել է 93 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, վիրավորվել 423 քաղաքացի, ամբողջությամբ ավերվել է 264 տուն:
Փաստաթղթում պահանջ է դրված «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:

Այսօր նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ Հայաստանը նույնպես պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մենք բավականին ժամանակ է՝ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ ապացույցների հավաքագրում, գնահատում, գանգատի նախապատրաստման պրոցեսներ: Մոտակա ժամանակներում մենք պատրաստվում ենք ընդդեմ Ադրբեջանի ներկայացնել գանգատ: Այն ներառելու է բավականին մեծ շրջանակ՝ սկսած զոհերի, վիրավորների, տեղահանվածների իրավունքների պաշտպանության տրամաբանությունից մինչև կորցրած և վնասված գույքի վերաբերյալ պահանջները, որոնք կարծում ենք բավականին մեծաթիվ են»,-նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` գանգատի մեջ նաև քննարկվելու են միջազգային իրավունքի բոլոր խախտումները՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումները, որը Ադրբեջանը թույլ է տվել պատերազմի ընթացքում արգելված մեթոդներով ու միջոցներով պատերազմ վարելու եղանակով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031