Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլի թիմը դա «Իմ քայլը» չէ, դա մոտավորապես մի 20 հոգի մարդիկ են, որոնց մի զգալի մասը տարբեր երկրների լրտեսներ են». Վազգեն Մանուկյան

Հունվար 16,2021 22:31

Վարչապետի հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերը միավորող «Հայրենիքի փրկության շարժումը» երեկվանից սկսել է իր մարզային այցերը։ Դրանք մեկնարկեցին Գյումրիից։

Այսօր վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ նրանք եղան նաեւ Վանաձորում: Հանրապետության երրորդ քաղաքում հանդիպումը սկսվեց աղոթքով:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է Փաշինյանը հրաժարական տա, ձեւավորվի անցումային կառավարություն. «Ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրներից առաջինը՝ պետք է երկրում հաստատի հասարակական համերաշխություն, կայունություն, վերջ դնի այս թշնամանքին, ատելությանը: Երկրորդ՝ արագ ձեռնամուխ լինի մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանն ու անվտանգությանը: Այսօր մեր երկիրն անտեր է»:

Համախոհների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց, իր խոսքով, արդեն իսկ ապացուցված մի քանի փաստեր: Նա մեղադրեց գործող իշխանությանը՝ նշելով, թե պատերազմը կարելի էր ավելի վաղ դադարեցնել՝ ունենալով ավելի քիչ զոհեր. «Առաջինը՝ պատերազմը կարելի էր կանխել, երկրորդը, որ արդեն ապացուցված է՝ պատերազմին, եթե մեր բանակը պատրաստ լիներ, այդ ամուր դիրքերը կկարողանայինք պահել: Հաջորդը՝ նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, եթե կարգ ու կանոն լիներ, եթե կարողանային ճիշտ կարգավորեին բանակի աշխատանքը, մենք այդ կորուստները չէին ունենա: Ի սկզբանե, երբ որ մի քանի օրից հետո վատ վիճակով էր գնում ռազմական ընթացը, հնարավոր էր եւ պետք է պատերազմը կանգնեցնել: Առաջարկություններ եղել են, եւ մենք պատերազմը կարող էինք կանգնեցենել ավելի շուտ ու ավելի քիչ կորուստներով: Ապացուցված եմ համարում, որ Շուշին գրավել են ոչ թե ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք: Դավաճանության, թե հիմարության պատճառով, դա առանձին հարց է: Որից հետո ստորագրվեց պայմանագիրը՝ եռակողմ հայտարարությունը»:

Մանուկյանի կարծիքով՝ նույնիսկ ստեղծված իրավիճակում եռակողմ հայտարարությունը կարող էր լինել ավելի բարենպաստ՝ ի օգուտ հայերի, սակայն այդպես չեղավ:

Շարժման վարչապետի թեկնածուն ասաց, որ Փաշինյանի թիմը կազմված է 20 հոգուց, որոնք լրտեսներ են. «Իշխանությունը պետք է փոխվի ժողովրդի միջոցով, եւ այդ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Հիմա մի հատ կեղծ գաղափար են մտցրել՝ արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի վարչապետ եղած ժամանակ: Դա նշանակում է ուղղակի վերարտադրել իշխանությունը, դա նոր խաբկանք է: Եվ մեկ էլ հիշեք՝ Նիկոլ Փաշինյանը մենակ չէ, Նիկոլի թիմը դա «Իմ քայլը» չէ, դա մոտավորապես մի 20 հոգի մարդիկ են, որոնց մի զգալի մասը տարբեր երկրների լրտեսներ են, որոնք իրականացնում են դրսի ծրագրեր, որոնց գաղափարները հարիր չեն մեր ժողովրդին: Ու երբ որ ես ասում եմ իշխանությունը փոխել, ես մենակ իրան նկատի չունեմ, որովհետեւ իրենք կարող են խաբեբայություն անել, իրենք կարան մեկին փոխարինել մյուսով: Չնայած, Նիկոլի պեսին չեն գտնի»:

Հանդիպման ժամանակ Մանուկյանն ասաց, որ իրենք պետք է անցկացնեն արդար ընտրություններ՝ ներկաներին կոչ անելով փող վերցնողների «գլուխները ջարդել». «Եթե ընտրությունների ժամանակ մեկն ու մեկին փող են տվել ու նա փողով է ձայնը տվել, ոնց որ մինչեւ էդ էր կատարվում, գլուխը տվեք ջարդեք, կամ եթե ես վարչապետ լինեմ, եկեք ինձ ասեք: Մենք պետք է անցկացնենք մաքուր ու ազնիվ ընտրություն: Կարող է ընտրության միջոցով մենք սխալվենք, ամեն մարդ սխալական է: Կարող է ես ընտրեմ այն մարդուն, որին որ չարժեր ընտրել, դա ուրիշ բան է, բայց դա կլինի իմ սխալը եւ ոչ թե ինձ պարտադրված ադմինիստրատիվ ռեսուրսով կամ գումարով հարցը»:

Մանրամասները՝ տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031