Արտաշատի ավտոկայանում այսօր մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց իրականացրին՝ դժգոհելով Արարատի մարզից դեպի Երեւան երթուղիների ուղեվարձի թանկացումից, «Լիգա» եւ «Գալակտիկա» ՍՊԸ-ների գործողություններից: «Լիգա» ՍՊԸ-ի դեպքում գործ ունենք անբարեխիղճ մրցակցողի հետ, որը բարձրացրել է ուղեվարձի գինը, սակայն դրա դիմաց չի տալիս որակ: Մեր պահանջն է նախարարությանը, որպեսզի իրականացվի մշտադիտարկում, ստուգվեն, թե ինչ պայմաններում են մրցույթներ անցկացվել, թե ինչպես են անորակ ավտոբուսները հաղթել մրցույթում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Գնի դիմաց որակ» նախաձեռնության անդամ Արփինե Խաչատրյանը:
«Վեց-յոթ տարի անց դրանք արդեն անպիտան են շահագործման համար, վերածվել են մետաղի եւ երկաթի ջարդոնի: Ուղեվարձը բարձրացել է եւ տենդերի շրջանակում, եւ տենդերից դուրս: Դվին-Երեւան, Գետազատ-Երեւան երթուղիների ուղեվարձը թանկացել է եւ 250 դրամից դարձել 300 դրամ, որը տենդերի սահմաններից դուրս է: Ըստ տենդերի՝ 250 դրամը գերազանցելու իրավունք չունեն, սակայն ուղեւորից պահանջում են 300 դրամ: Իսկ Արտաշատ-Երեւան երթուղու ուղեվարձը 250-ից 300 դրամ է դարձել տենդերի շրջանակում, սակայն չի ապահովվում որակ: Չեն ջեռուցվում, ապակիները սառցակալում են, աթողները կոտրված են, դռներն ամբողջությամբ չեն փակվում, ըստ չվացուցակի չեն աշխատում: Գծերի մեծ մասը «Լիգա» ՍՊԸ-ն է սպասարկում եւ հունվարի մեկից ապօրինի ձեւով գանձում է 300 դրամ՝ 250-ի փոխարեն»,-տեղեկացրեց նա:
Արփինե Խաչատրյանը նաեւ պատմեց. «Մի քանի օր առաջ միջադեպ է եղել: Երբ ուղեւորներն ասել են, որ ավել չեն վճարելու, վարորդը փակել է դռները, զանգել կարգավարին եւ երկուսով սպառնացել են՝ եթե չվճարեն, գիծը չեն աշխատեցնի, ստիպված տաքսիներով կերթեւեկեն: Նրանք ուղեւորներից շորթում են ավելորդ հիսուն դրամ»: Արարատ քաղաքի բնակիչ Մարիամ Աղախանյանն էլ լրագրողներին հայտնեց, որ Արարատ-Երեւան երթուղին նախկինում արժեր 400 դրամ, իսկ հիմա 500 դրամ է, սպասարկում է «Գալակտիկա» ՍՊԸ-ն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Արփինե Խաչատրյանի