Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

7 մթերք, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել սթրեսի դեմ

Հունվար 16,2021 19:52

Էմոցիոնալ լարվածությունը դարձել է մեր կյանքի անբաժան մասը․ մենք ամեն օր և ամենուր բախվում ենք սթրեսային իրավիճակների, ինչի արդյունքում խաթարվում է ոչ միայն մեր հոգեկան, այլև ֆիզիկական առողջությունը։

Սթրեսի հետևանքով առաջացած լարվածությունը թոթափելու համար ջանքեր գործադրելիս արժե հիշել նաև այն սննդամթերքների մասին, որոնք օժտված են, այսպես ասած, հակասթրեսային ազդեցությամբ․ մենք առանձնացրել ենք այդպիսի 7 «հակասթրեսային մթերք»։

1. Ցիտրուսային մրգեր

Սթրեսային իրավիճակների ժամանակ օրգանիզմում որոշակի հորմոններ են արտադրվում՝ ադրենալին, նորադրենալին, կորտիզոլ։ Ադրենալինը պատասխանատու է սթրեսի ժամանակ մեր օրգանիզմի ռեակցիաների համար, կորտիզոլն օգնում է օրգանիզմին հաղթահարել լարվածությունը։

Երբ այդ հորմոններն օրգանիզմում բավարար քանակով չեն արտադրվում, մեծանում է դեպրեսիայի զարգացման վտանգը։ Ցիտրուսային մրգերը մեծ քանակությամբ ասկորբինաթթու են պարունակում, որն ազդում է մակերիկամների գործառույթների վրա՝ մասնակցելով սթրեսի հորմոնների ստեղծման գործընթացին։

Ահա թե ինչու են ցիտրուսայինները՝ նարինջը, թուրինջը, մանդարինը, կիտրոնը և այլն հակասթրեսային մթերքներ համարվում։

2․ Հունական ընկույզ

 

Հունական ընկույզըՕրական 7 ընկույզ ուտելու 7 պատճառ ալֆա-լինոլենաթթու է պարունակում, որն Օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներից է։ Այն կարգավորում է զարկերակային ճնշումը, սթրեսի հորմոնների արտադրությունը՝ թույլ չտալով դեպրեսիայի զարգացումը, բարելավում է տրամադրությունը։

3. Ծովային կաղամբ

Ինչպես և մյուս ծովամթերքները, ծովակաղամբը հարուստ է յոդով․ հանքանյութ, որը պատասխանատու է վահանաձև գեղձի կանոնավոր աշխատանքի համար։ Իսկ վահանաձև գեղձն էլ իր հերթին է պատասխանատվություն կրում նյարդային համակարգի և գլխուղեղի նորմալ գործունեության համար՝ այդպիսով նաև պաշտպանելով օրգանիզմը սթրեսի բացասական ազդեցությունից։

4. Վարսակաձավար (վարսակի ամբողջական հատիկներ)

Վարսակաձավարը մեծ քանակությամբ դանդաղ յուրացվող ածխաջրեր է պարունակում, որոնք բարձրացնում են երջանկության հորմոնի՝ սերոտոնինի մակարդակը։ Այս հորմոնը բարելավում է տրամադրությունն ու ինքնազգացողությունը։ Վարսակաձավարը հարուստ է նաև սննդային մանրաթելերով, որոնք աղիներում մշակվում են որոշակի միկրոֆլորայի կողմից, արդյունքում գլյուկոզա է արտազատվում՝ հագեցնելով գլխուղեղն ու ողջ օրգանիզմը էներգիայով։

5․ Ծնեբեկ

Ծնեբեկը հարուստ է վիտամին В9-ով (ֆոլաթթու), որի անբավարարությունն օրգանիզմում հաճախ է դեպրեսիայի զարգացման պատճառ դառնում։ Ֆոլաթթուն բարձրացնում է սթրեսի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, հանգստացնում է նյարդերը, լավացնում տրամադրությունը։ Ֆոլաթթուն հիմնականում պարունակվում է կանաչ գույնի բանջարեղենի կազմում՝ ոլոռի, նեխուրի, սպանախի, կաղամբի, բրոկոլիի և այլն։

Ֆոլաթթվից բացի ծնեբեկը հարուստ է կալիումով, որը նույնպես անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։ Իսկ բջջանյութը, որը նույնպես բավարար քանակով առկա է ծնեբեկի կազմում, ոչ միայն բարելավում է աղիների վիճակը, այլև օգնում օրգանիզմից թունավոր նյութերի, շլակների դուրսբերմանը։ Ապացուցված է, որ շլակներով ու թունավոր նյութերով աղտոտված օրգանիզմը գրեթե չի կարողանում դիմակայել սթրեսային իրավիճակներին։

6․ Մուգ շոկոլադ

Խոսքը 70%-ից ոչ պակաս քանակությամբ կակաո պարունակող շոկոլադի մասին է։ Կակաոն հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք օժտված են հակաօքսիդանտային հատկություններով։ Դրանք նվազեցնում և կարգավորում են զարկերակային ճնշման մակարդակը, հոգում սրտի աշխատանքի մասին։ Հակաօքսիդանտները նաև մասնակցում են սերոտոնին հորմոնի արտադրմանը, որն էլ, ինչպես նշվեց վերևում, պատասխանատու է բարձր տրամադրության համար։

7․ Կանաչ թեյ

Կանաչ թեյը պարունակում է թեանին ամինաթթու, որը խթանում է տրամադրությունը բարելավող մեկ այլ հորմոնի՝ դոֆամինի արտադրությունը։ Մեկ գավաթ կանաչ թեյն օրգանիզմին բավարարվածության, թեթևության, հանդարտության զգացողություն է հաղորդում, որը նման չէ քնկոտության վիճակին:

Կանաչ թեյը նաև ասկորբինաթթու և այլ հակաօքսիդանտներ է ներառում իր բաղադրակազմում, որոնք օգնում են թոթափել լարվածությունն ու հոգնածությունը։ Հանգստության հետ մեկտեղ կանաչ թեյն օրգանիզմին էներգիա է հաղորդում և բարելավում գլխուղեղի ակտիվությունը։

ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մարինէ՛, ես քո գրելու ոճը շատ եմ հաւանում։ Նախադասութիւններդ գրագէտ են կենսաբանութեան տեսանկիւնից։

    Բայց մի քանի դիտողութիւն ունեմ։
    Ա. «ω-3 կիսաչհագեցած» սխալ է։ Ի՞նչ է նշանակում կիսաչյագեցած։ Անգլերէն ասում ենք polyunsaturated-բազմակի չյագեցած կամ բազմաչյագեցած։ Poly-ն полу-ն չէ՛։

    Բ. Օտարներն ասում են «յունական ընկոյզ», որովհետեւ այլ տեսակի ընկոյզներ էլ կան։ Հայերէնում այդպէս չէ։ Ընկոյզ եւ վերջ՝ առանց յունական։ Որ ասում ենք ընկոյզ, հանկանում ենք ինչի մասին խօսքը։

    Գ. Հայերէնում շաքարների անուններն, ի տարբերութիւն ռուսերէնի ա-ով չեն վերջանում՝ գլիւկՈԶ, սախարՈԶ եւ այլն։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031