Հենակետային մարզաձեւերի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները սկսել են ուսումնամարզական հավաքները: Նրանք նախապատրաստվում են մրցաշրջան 2021-ին կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի եւ ազգային առաջնություններին, միջազգային մրցաշարերին:
Ծանրամարտի կանանց ազգային, երիտասարդական եւ պատանեկան հավաքականները հունվարի 13-ից Օլիմպավանում են: Նրանք այնտեղ մարզումները կշարունակեն մինչեւ ամսվա վերջ ու ավարտից անմիջապես հետո կմասնակցեն Հայաստանի առաջնությանը:
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ին ասաց. «Այս հավաքը, կարելի է ասել, դեռ դեկտեմբերի կեսերին մեր իրականացրած հավաքի շարունակությունն է: Հրավիրել ենք 17 մարզուհիների: Հավաքի ավարտին կմասնակցենք Հայաստանի մեծահասակների առաջնությանը, որի արդյունքով ձեւավորվելիք ազգային հավաքականը կսկսի նախապատրաստվել ապրիլի 3-ին Մոսկվայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը, եթե, իհարկե, կայանա»:
Նա նաեւ հավելեց. «Ինչպես տեղյակ եք, հիմա օլիմպիական ուղեգիր նվաճելու համար հավակնորդ ծանրորդները պետք է պարտադիր մասնակցեն վարկանիշային վեց մրցաշարի (բրոնզե, արծաթե եւ ոսկե կարգի՝ Ա. Հ.): Մեր աղջիկներից միայն 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը եւ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը արդեն հինգ մրցաշարի մասնակցել են: Եվրոպան նրանց համար վերջինն է: Դրանից հետո պարզ կդառնա, թե վաստակած վարկանիշային միավորների հանրագումարը կբավարարի՞ ուղեգրի արժանանալուն: Այսինքն, ՄՕԿ-ը եւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց մրցաշարին մասնակցելու իրավունք կտա՞ն»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար Հայաստանն ընդամենը մեկ քվոտա ունի եւ եթե երկուսն էլ վարկանիշային միավոր վաստակեն, ինչպե՞ս են վարվելու, Արտաշես Ներսիսյանը մեկնաբանեց. «Այդ դեպքում կնայենք, թե արդյունքներով աղջիկներից ով է իր քաշային կարգում ավելի մոտ մրցանակային տեղերին, նրան էլ կընտրենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ