«Ես արդեն իսկ հերքել եմ: Հոդվածը գրում են, զանգում եւ ինձ հարցնում, հերքում եմ, բայց վերնագիրը դնում են այլ բան, ու բոլորը կարդում են վերնագիրը եւ սկսում խոսել դրա մասին»,- Վանաձորում այսօր «Հայրենիքի փրկության շարժման» այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե ինքը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Թե ինչու են նման տեղեկություններ հաճախ շրջանառվում, Արթուր Վանեցյանի կարծիքով. «Կա մի նպատակ՝ տեղեկատվական դաշտում փչացնել ամեն ինչ, շեղել իրական օրակարգից: Պարտված բանակ ունենք, հայրենիքի արցախյան հատվածի կորուստ, անվտանգային համակարգի քանդում, քաղաքացին չի կարող հանգիստ քնել, սպասվող տնտեսական ճգնաժամ, որոնց մասին չեն խոսում, բայց խոսում են ինչ-որ անհեթեթ տեղեկությունների մասին: Տեղեկությունը բերում են օրակարգ, հերքում ենք: Հերքելով չպետք է զբաղվենք, անհեթեթությունները հերքման կարիք չունեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ