Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը կունենա ժամանակակից, գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան

Հունվար 16,2021 16:13

Ինչպես հայտնի է՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա ժամանակակից, գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին: Այս պահին այն առավել քան հրատապ է, քանզի հետպատերազմյան շրջանում վիրավոր զինծառայողներին օգնելու մեծ ու հրատապ պահանջարկ կա։

Ծրագիրը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը։ Այս ծրագրի, ինչպես նաև նեղ պրոֆիլավորման մասնագետների պատրաստման հանձնառությունն իր վրա է վերցրել Հոլանդիայի մեր հայրենակից Գարիկ Խաչատրյանը, ով մենեջեր է նիդերլանդական OIM Orthopedie օրթոպեդիկ ընկերությունում ու Հայաստանում իրականացնում է լաբորատորիայի կահավորումը «Զինվորի տուն» կենտրոնում։

Գարիկ Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ այս նախագծի շրջանակներում Նիդերլանդներում օրերս կազմակերպվել է առաջին գիտաժողովը։ Այն տեղի է ունեցել Նայմեխենի Sint Maartens հիվանդանոցում։ Գիտաժողովին ներկա են եղել նույն հիվանդանոցի գործադիր տնօրեն Մարկ վան Հոուդենհովենը, տնօրենների խորհրդի անդամ Դագմար Սմիթը, օրթոպեդիկ վիրաբույժ Յան Վիլեմ Լուվերենսը, Դորնի ռազմական հիվանդանոցի օրթոպեդիկ տեխնոլոգիայի տնօրեն Էդվին Վոլֆը, OIM Orthopedie-ի ոտքի պրոթեզի մասնագետ Խայս վան Գենտը։

Գիտաժողովի ընթացքում քննարկվել է հայ գործընկերներին Նիդերլանդներ հրավիրելու հարցը. մարտի 1-ից 15-ը նրանք պետք է լինեն Նիդերլանդներում՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար: Հունվարի 19-ին Էդվին Վոլֆը Գարիկ Խաչատրյանին հրավիրել է Դորնի ռազմական հիվանդանոց՝ դասընթացների ծրագիրը կազմելու համար:

Քննարկվել է նաև Խայս վան Գենտի՝ փետրվար ամսին Հայաստան մեկնելու հարցը: Նա այնտեղ կմնա 2,5 ամիս, որպեսզի կարողանա կարիքավոր որոշ զինվորների համար պրոթեզներ պատրաստել, ինչպես նաև կախված ժամանակի հնարավորությունից՝ ֆիզիոթերապևտներ վերապատրաստել։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղն արդեն Հայաստան է ուղարկել Ottobock ընկերությունից գնված պրոթեզավորման լաբորատորիայի սարքավորումները, իսկ մոտակա օրերս ուղարկվելու է ProCare-ի 2D քայլվածքի վերլուծության սարք։

Այս ամենը գնվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի վերջին դրամահավաքի միջոցներով։ Հիմնադրամը շուտով հանդես կգա տարեկան հաշվետվությամբ։

Վերջինիա ԽԱԼԱՖՅԱՆ

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031