Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։
Օրակարգում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և Ավանդական բժշկության համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները սահմանված կարգով քննարկեցին մասնագիտական ուսումնական հաստատությունների արտաքին գնահատման փորձագիտական զեկույցները, դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրներն ու ձեռքբերումները։
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի պարագայում սա հավատարմագրման երկրորդ շրջափուլն է։ Հետևաբար մանրակրկիտ քննարկվեց, թե նախորդ հավատարմագրումից ի վեր այդ ուսումնական հաստատություններն ինչ առաջընթաց են ունեցել, ինչ քայլեր են ձեռնարկվել նախորդ փորձագիտական խմբի կողմից մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ և ինչպիսին են արդյունքները։
Դիտարկվեց նաև հավատարմագրվող երեք ուսումնական հաստատությունների՝ փորձագետների խորհրդատվությունների հիման վրա կազմված բարելավման ծրագրերի իրատեսականությունը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային և Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Ավանդական բժշկության համալսարանը ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։
Նշենք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, իսկ ՎՊՀ-ն 2015-ին ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 4 տարի ժամկետով։
ՈԱԱԿ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ