Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աղջկա երգը

Հունվար 16,2021 14:20

Կարծում եմ, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը «Իմ Քայլի» ամենաանկեղծ պատգամավորն է, ով բարձրաձայն ասում է այն, ինչը նաև մյուսների քողարկված համոզմունքն է։

Ժամանակին տիկին Նազարյանը անկեղծորեն բացահայտեց «Իմ Քայլի» իրական նպատակը՝ իրենք նվիրյալներ չեն, ուստի իշխանության են եկել այն վայելելու համար։

Այժմ էլ, ոմանք զարմացել են, ոմանք զայրացել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հետևյալ մտքերից․ «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել, պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա»։

Նախ, իմքայլականների երազած «խաղաղության» մասին։ Դուք իսկապե՞ս հավատում եք, որ վերջապես աշխարհում կտիրի խաղաղություն, որ այլևս պատերազմներ չեն լինի։ Նույնիսկ համեմատաբար խաղաղ Եվրոպան է անհանգիստ։ Ավելին, գնալով ավելի ու ավելի են սրվում հարաբերությունները նույն ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի և Թուրքիայի միջև։

Իսկ մեր տարածաշրջա՞նը։ Այդ որ դասընթացներում եք սերտել և գերազանցիկի պես անգիր արել «խաղաղություն, խաղաղություն» բառերը։ Թե՞ ձեզ երաշխիքներ են տվել, որ Արցախը հանձնելուց հետո Հայաստանը իր հարևանների հետ այլևս խաղաղ կապրի։ ԵՎ դուք «հանուն խաղաղության» հազարավոր զոհեր տալով հանձնեցիք Արցախը, ուստի այլևս պետք չի լինի բանակ պահել և պարգևավճարների փոխարեն ավելորդ «մսխումներ» անել։

Հիշեցի, թե տիկին Նազարյանն ինչ հիացմունքով էր խոսում Իսլանդիայի մասին, որը բանակ չունի, չնայած շրջապատված է․․․ թշնամական օվկիանոսով։ Մասնակցեք հաջորդ դասընթացներին, հանդիպեք ձեր ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ և համոզվեք, որ «խաղաղ և հանգիստ» կապրենք միայն Սյունիքը հանձնելուց հետո, առայժմ․․․

Պատահակա՞ն էր, արդյոք երկու տարի առաջ ԱԺ մեկ այլ փոխխոսնակի նախաձեռնությունը ՀՀ հիմնը փոխելու հետ կապված։
Հիշեցում․ «Մեր Հայրենիք»-ը Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության փոփոխված տարբերակն է։
Միքայել Նալբանդյանն իր բանաստեղծության մեջ, գովերգում է իտալացի կանանց, ովքեր հանուն իրենց հայրենիքի ազատության պայքարում էին իրենց եղբայրների հետ հավասար։ Եվ մեծն Նալբանդյանը սրտի կսկիծով նրանց համեմատում է հայոց աշխարհի փափկասուն, այն օրերի իմքայլական կանանց և Լենա Նազարյանի հետ։

Հատված «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից․

«Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին»:

Ասաց տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
Ուր երեք գույն կան որոշ:

Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:

— Քույրի՜կ, — գանչեց քաջ պատանին, –
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:

Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:

Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի՛ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:

Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալիան:

Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:

Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք ո՜ւր Եղիշե,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:

Ո՛հ արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛ թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են:

Առաջարկում եմ իմքայլականներին, լինել հետևողական «խաղաղասիրության» համամարդկային գաղափարախոսության մեջ և ՀՀ հիմնի տեքստը փոխարինել ԽՍՀՄ տարիների հայ-ադրբեջանական «եղբայրությանը» նվիրված երգի բառերով (հեղինակին չեմ հիշում, Նաիրի Զարյանն էր, թե՞ Սարմենը) և այն անվանել «Հայ աղջկա երգը»։ Հիշում եմ միայն երգի կրկներգը․

Քուր-Արազ-Արարատ,
Կյանքն ուրախ ու առատ,
Եղբայր դարձան Հայաստան- Ադրբեջան։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Համաձայն եմ խաղաղության ու պատերազմի վերաբերյալ ձեր մտքերին, բայց համաձայն չեմ օտար աղջկա ողբալի, թեկուզև իր հայրենիքի ազատությանը նվիրված երգի փոփոխված տարբերակը մեր համար սազական հիմն համարելու հետ։
    Որպես հակափաստարկ լսեք իմ առաջարկը, որտեղ սեղմ շարադրվում է մեր ծագումը, արժեքները և տեսլականը։ Օտարը կկռահի նաև որոշ մտքեր կապված Արարատի, Ուրարտուի ու Հիսուս Քրիստոսի հիշատակման հետ։
    Տես http://youtu.be/eZePSFBtwUo

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031