Շուռնուխցի Արմեն Հարությունյանի ընտանիքը Սյունիքի սահմանազատման արդյունքում կորցրել է տունը։ Նրա ընտանիքը Շուռնուխի այն 12 ընտանիքներից է, որոնց տները մնացին ադրբեջանական հսկողության ներքո։
Արմենի խոսքով, նորից փախստական է դարձել ու տեղափոխվել է Գորիս քաղաք։ «Բայց քունը չի տանում, հենց լույսը բացվում է՝ Արմենը գյուղում է, չի կարողանում առանց Շուռնուխի»,–ասում է գյուղի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Վերջինիս մանկության ընկերն է Արմենը ու նաեւ հարեւաններ են եղել։ Արմեն Հարությունյանը երեք տղա, մեկ աղջիկ եւ երկու թոռնիկ ունի։ Գյուղի կենտրոնում նրա ընտանիքին հատկացրել են մեկ տնակ։
Կարդացեք նաև
«Էդքան շնչով ոնց մնանք ստեղ,–բացելով տնակի դուռը՝ ցույց է տալիս Արմենը,–երեխաները պիտի վազվզեն, խաղան, ստեղ հո՞ւնց վազ տան»։
Մեր զրուցակցի խոսքով, ժամանակավոր կացարանում կապրի միջնեկ որդին, իսկ իրենք առայժմ կապրեն Գորիսում։ Այս վիճակից գոհ չէ, բայց այլ ելք էլ չունի։ Աշխատանք լինելու դեպքում՝ կտեղափոխվի Շուռնուխ՝ մինչեւ կառավորությունը «մի բան անի»։
Նշենք, որ կառավարությունը նախատեսել է Շուռնուխում 12 տուն կառուցել՝ տեղահանվածների համար, ինչպես նաեւ լուծել խմելու ջրի հարցը։ «Կառավարությունը տեսնում չի ստեղ հի՞նչ ա կատարվում։ Տեսնանք մի բան կանեն, թե կխաբեն էլի»,–ասում է Արմեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ փոքր տնտեսություն ուներ, «յոլա էին գնում»։ «Հիմա հավերը մորթեցինք, կովս էլ հարեւանիս գոմում է՝ Շուռնուխում, մինչեւ տեսնանք՝ հինչ կլինի»,–ասում է Արմեն Հարությունյանը։
Շուռնուխի հնաբնակներից է, եւ ոչ մի պարագայում չի ուզում լքել գյուղը։ Կառավարությունը եթե հարցը չլուծի, ապա ժամանակի ընթացքում մի բան կփոխվի, ու նորից Արմեն Հարությունյանը ընտանիքով կվերադառնա Շուռնուխ։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ