Լրահոս
Օրվա լրահոսը

Ախտաժամեր (իմաստախոսություն)

Հունվար 16,2021 12:54

Նոպա 1

Ես կուզենայի՝ իմ քաղաքը մաքուր լիներ, որովհետև փողոցներում ցաքուցրիվ աղբն անմիջականորեն կապված է սրտի՛ մաքրության հետ:

Ո՞վ ենք մենք, եթե ոչ՝ մի բուռ խայտառակություն՝ քաղաքակրթության տիեզերածավալ խայտառակության մեջ: Չէ՞ որ վաղուց ի վեր աղբանոց են հիշեցնում մեր բնության գողտրիկ անկյուններից շատերը, որտեղ հանգստանալ ցանկացողները նախ՝ նախորդ կերուխումի աղբն են հավաքում, որպեսզի հանգստանան հաջորդ կերուխումով:

Մեր հողը սա՞ է: Մեր հողը ներո՞ւմ է մեր այսօրինակ վերաբերմունքը իր հանդեպ: Եվ, ի վերջո, մեր հողը ցանկանո՞ւմ է, որ մենք նոր հողերի տեր դառնանք:

Ես ամաչում եմ այս տողերից:

Ես վկայում եմ մեր էության մեջ արմատական Կորուստը, որ արարչական գենն է ժխտում մեր իսկ էության մեջ: Սրանք հակադարձ համեմատական են՝ իբրև երկու ծայրահեղություն, և փոքրիշատե բացահայտում են հայ մարդու ծայրահեղական խառնվածքը:

Քաղաքը համահավաք կերպար է, բայց Երևան համահավաք քաղաքը դեմք չունի, որովհետև այստեղ գոնե մեկ խեղճ ու կրակ մշակութային թերթ չկա: Ամսագրեր չեն տպագրվում այլևս, իսկ ընթերցողին անխուսափելիորեն առաջնորդում են դեպի էլեկտրոնային բանտարկություն:

Բայց ես երազներ ունեմ իմ քաղաքի մասին և երազելով եմ ապրում օրերս՝ որ հանկարծ մոլորվում են մայրաքաղաքի կենտրոնական մասերում պերճ թշվառության մեջ՝ ակնկալելով Մաքրության երջանկությունը:
Եվ սերը մաքրության:
Եվ ազնիվ խոսքերի մաքրությունն իհարկե:
Եվ կնոջ, և ընկերության, և երեկոյան զբոսանքների, և սիրուհի-քրոջ պատուհանի տակ սերենադ երգող տղերքի…. առաքինությունը:

Ես Եռաբլուր հողն եմ իմ քաղաքի, և այստեղով հորդաներ են անցել՝ ապականելով հողահոտ իմ արցունքները:

Նոպա 2

Ընդամենը մեկ հատիկ լուցկի խլիր երեխայից, և նա կորբանա իր պստիկ հոգու մեջ:
Համանման զգացողություն է ունենում այն մարդը, ով գիտի, որ իրեն խաբում են, իսկ դիմացինը նայում է հենց աչքերի մեջ ու խաբում է՝ ծամածռվելով, ճարպոտ ժպիտ թափելով ասֆալտին և կամ՝ այլ հնարքներից ճապաղելով:

Համանման զգացողություն է ունենում այն տղամարդը, ում վրա հույս են դրել, բայց տուն է վերադառնում ուշ գիշերով և պատասխան չունի իր ընտանիքի համար:

Համանման զգացողություն է ունենում այն կինը, ով տարիներ շարունակ կաթսաներ է լվացել սառը ջրով, երեխաներին հասցրել է դպրոց ու մանկապարտեզ, կարկատել ու սիրով է կարկատել իր ամուսնու գուլպաները՝ զուտ հավատարմությամբ առաջնորդվելով, բայց հետո պարզել է հանկարծ, որ իրեն վաղուց արդեն վաճառել են իր հավատարմությամբ հանդերձ, որովհետև ամուսինը դավաճանել է:

Համանման զգացողություն է ունենում այն հալիվորը, ում ձեռքից բռնած ծերանոց են տանում:
Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում այն ողբերգությունը, երբ հայրենիքի հողն են ծախում՝ հողից քաշելով տեղաբնակ մարդու արմատը, ինչպես ատամը՝ բերանից:

Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ կարող է ենթադրել այն ողբերգությունը, երբ մարդն իր տունն ու շեներն է այրում սեփական ձեռքերով:

Ընդամենը մեկ հատիկ լուցկի խլիր երեխայից, և նա կորբանա իր պստիկ հոգու մեջ:

Նոպա 3

Ես չափում եմ տարածությունը հեռուներից եկող ձայների ուժգնությամբ:
Չկա խոստովանություն, քանզի մարդիկ թաքնվում են բառերի ետևում:

Մարդիկ տներ ու բարեկեցություն են կառուցում, և ծնում են երեխաներ, և զառամում են ապա՝ ամբողջ մի կյանք թաքնվելով այս մեկ հատիկ բառի՝ Խոստովանության ետևում:

Այս բեռը ծանր եղավ գուցե, սակայն ի՞նչ են ցանկանում այն ձայները, որ մենացան մահվան հեռուներում և մեզանից ընդամենը ակնկալում են խոստովանությունն առ այն, որ իրենք ողջ են:
Մահը ձայն է, սպասելը՝ վիրահատական գործողություն, և սպասման վիրահատությամբ տառապողն անշուշտ՝ նախ և հետո ճչում է մահվան ձայնը:

Ստվերներ…

Նոպա 4

Երեխաների մռութներին նայելիս ես ծերությունն եմ կորցնում՝ հանկարծ գտնելով Զարմանալին:

Ես նրանցից կորզում և գողանում եմ օյինբազություններ, որոնք չեն կայացել քո մանկության մեջ, որովհետև ցվերջ չես տրամաբանել քո տարիքն ու գոյության իսկությունը:
Երեխա տենելիս ես պայթեցնում եմ աշխարհի բոլոր հրթիռներն, ու Աստված իր արարչագործությունն է արտասվում իմ սրտի մեջ:

Երեխա տեսնելիս ես ըմբռնում եմ խոստովանություններ, որոնք չեն գտնվել տասնավոր հատորյակների մեջ և կեղծ են մեծ մարդկանց աշխարհներում:
Նրանք բոլորը զուլալ աղբյուրներից իջնող հեծյալներ են:
Նրանք աշխարհ են գալիս, որպեսզի մեզ՝ գործերով ու հիվանդություններով հոգսավորներիս հիշեցնեն ճշմարտություններ…
Անմեղության ճշմարտությունը:

Անմնացորդ սիրո և համբույրի ճշմարտությունը:
Վերմակի տակ գաղտնիք փսփսալու և քնքշության ճշմարտությունը:
Առաջին քայլն անելու և սայթաքելու ճշմարտությունը:

Նոպա 5

Ես՝ Աստծո սգավորս, ես՝ որ քուրձն ունեմ իբրև շապիկ և արցունքն ունեմ գինով լի բաժակիս մեջ…
Ես այսօրվա ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ, վերջին ԲԱ՛ՌԸ, որ չի եղել երգ արարելու համար, և չի խոնարհվել անպատվության առջև, և չի սակարկել երեխայի լացով և չի ուրացել հեռացողի հիշատակը…
Աչքերի՛ս մեջ նայեք, աչքերի՛ս նայեք՝ կանխավ ճանաչելով այն խոստովանությունը, որ չի պարզաբանվում.
«Աստված իմ, ինձ ինչո՛ւ լքեցիր»:

Ծաղիկներ մնացին փողոցներում, ալ կարմիր վարդեր, որ մեկնվել էին փշաբաց, և գլխատ էին վարդերը, և մխիթարություն չկար վարդերի համար:

Ես ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ, վերջին ԲԱ՛ՌԸ:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031