Կառավարությունն ԱԺ է ուղարկել «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» փոփոխությունների օրինագիծը, որով քրեական գործեր քննող դատավորների համար 2 նոր մասնագիտացում է կիրառվելու՝ միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ զբաղվող դատավորներ։ Դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում, ԲԴԽ-ի կողմից ընտրվելու եւ ուսուցանվելու են, ապա նշանակվեն։
ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը, անդրադառնալով մասնագիտացված դատավորների թեմային, նշեց․ «Ես կարծում եմ, որ մասնագիտացված դատարաններ ստեղծելը ժամանակակից աշխարհում դատական իշխանության զարգացման կարեւորագույն ուղղություններից է, քանի որ այն ապահովում է քննվող գործերի առավել արդյունավետ լուծում։ Բացի դրանից, այս նախագիծը կարեւոր այլ հանգամանք էլ ունի՝ փաստացի ավելացվում է դատավորների քանակը, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում դրական քայլ է»։
– Բայց դատավորների պաշտոնների թափուր շատ տեղեր կան, ումո՞վ են համալրելու այդ մասնագիտացված դատարանները։
– Նախ, առաջինը՝ նշված նախագիծը, այսպես ասած, ներսի դատավորներին հնարավորություն է ընձեռում նոր մասնագիտացումում տեղ գրավել, իսկ եթե մենք խոսում ենք նոր հաստիքներ ավելացնելու մասին, ամեն դեպքում, պետք է նոր դատավորներ կարողանանք ներգրավել դատական համակարգ։ Եվ իրոք, այո, այդ խնդիրը կա, մենք այդ թեկնածուների մրցույթներ ենք հայտարարում, եւ անբավարար քանակով ու որակով դիմողներ են լինում։ Խնդիրն այստեղ ավելի խորքային է։ Ես կարծում եմ, որ մենք լրջորեն պետք է վերանայենք դատավորների սոցիալական-նյութական ապահովվածության երաշխիքները, որպեսզի մեր որակյալ իրավաբանների համար գրավիչ դարձնենք այս աշխատանքը։
Կարդացեք նաև
– Իսկ այն, որ իշխանությունն անընդհատ ոչ հաճելի որակումներ է տալիս համակարգին, դա չի՞ խանգարում, որ մարդիկ չցանկանան այդ գործով զբաղվել։
– Հասարակական հնչեղություն ունեցող գործընթացների կիզակետում հայտնվելը գուցե կարող է այս համալրման գործընթացի վրա որոշակի ազդեցություն ունենալ, բայց, իմ համոզմամբ, հիմնական խնդիրը նա է, որ համեմատած աշխատանքի ծավալին եւ պատասխանատվությանը, դատավորները ոչ համարժեք վարձատրություն են ստանում, եւ արդյունքում ունենում ենք այն, որ որակյալ իրավաբանները չեն ցանկանում գալ եւ դառնալ դատավոր։
– Դուք իրավաբան-գիտնական անդամ եք, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ առաջադրվելու հետ կապված ի՞նչ կասեք, մասնավորապես՝ տարիքային սահմանափակման։
– Խնդիրն օրենքի տարբեր դրույթների համապատասխան մեկնաբանության հարց է, ընդհանուր սկզբունքը, որն առկա է՝ նորմատիվ ակտերը մեկնաբանում է այն մարմինը, որը կիրառում է, այս դեպքում՝ ԱԺ-ն։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում