Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանդառուի հետ առևտրային ծրագիր իրականացնելը չի տեղավորվում որևէ բարոյական նորմի շրջանակում. «Փաստ»

Հունվար 16,2021 11:32

Շատ բարդ է ապաշրջափակում կոչվող ծրագրի վերաբերյալ համակողմանի արձագանք տալ: Կարծում եմ՝ որևէ մեկը վերջնականապես չի հաշվարկել դրա հնարավոր օգուտները, մինչդեռ ռիսկերն ակնհայտ են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նշենք, որ մոսկովյան եռակողմ բանակցություններից հետո տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ նոր հայտարարություն էր ստորագրվել: «Ակնհայտ է, որ փորձ է կատարվում տնտեսական բաղադրիչը գերադասել անվտանգային բաղադրիչից, ինչը կոպտագույն սխալ կլինի:

Մյուս կողմից, պարզ է, որ եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա լուրջ մարտահրավերներ ի հայտ կգան Սյունիքի համար: Այսինքն, Սյունիքը կարող է դառնալ լուսանցքային գոտի, կորցնել իր նշանակությունը՝ որպես ՀՀ-ի կենտրոնական շրջաններն Իրանին կապող հիմնական զարկերակ: Եթե նույնիսկ տնտեսական բաղադրիչը շահավետ լինի, թեպետ այդպես չեմ կարծում, ապա անվտանգային բաղադրիչի մասին մոռանալը կոպտագույն սխալ կլինի և մեր պետության ապագայի տեսանկյունից կարող է հղի լինել լուրջ հետևանքներով: Հետևաբար, նախևառաջ պետք է հաշվարկվի անվտանգային բաղադրիչը, բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ այդ ծրագրի կյանքի կոչման պարագայում և միայն դրանից հետո փորձ կատարել կենտրոնանալ տնտեսական բաղադրիչի վրա»:

Անդրադառնալով նշվածի բարոյական կողմին՝ Վ. Ոսկանյանը նկատեց. «Իրականում բարոյական հարթությունում անընկալելի ու անընդունելի մոտեցում է, երբ փորձ է կատարվում առևտուր անել այն կողմի հետ, որը պատանդ է պահում մեր գերիներին ու ռազմագերիներին: Պատանդառուի հետ առևտրային ծրագիր իրականացնելը չի տեղավորվում որևէ բարոյական նորմի շրջանակում: Այս տեսանկյունից այս ծրագիրը հակաբարոյական է: Միտված է նրան, որ պատանդառուն կարող է ձեռնարկել ցանկացած նման գործողություն ու, մնալով անպատիժ, խոստանալով առևտրային հարաբերություններ, շարունակել իր լկտի ու թշնամական վարքագիծը»: Իրանագետի խոսքով, որևէ մեկը չի կարող հասկանալ այն տրամաբանությունը, ըստ որի, նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ համաձայնագրի 8-րդ կետի չիրականացումից հետո անցում է կատարվում 9-րդ կետին:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031