Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում եռակողմ հանդիպման ընթացքում չկարողացավ լուծել գերիների հարցը։ Փոխարենը ստորագրեց մի փաստաթուղթ, որով պետք է տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակում տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանի հետ։
-Իշխանությունն ակտիվորեն շրջանառում է այն թեզը, որ շուտով ապաշրջափակում տեղի կունենա, մենք նոր կոմունիկացիաներ կունենանք, տնտեսությունը կզարգանա, կսկսենք ավելի լավ ապրել։ Սա որքանո՞վ է հնարավոր։
– Տեսականորեն գուցե գեղեցիկ է հնչում, բայց պրակտիկայում այդ ամեն ինչն իրականացնելը բավականին բարդ է։ Նախ սկսենք, որ 30 տարվա պատերազմական հարաբերություններում այդքան հեշտ չի լինի թշնամի երկրով բեռների փոխադրում իրականացնելը։ Իսկ տնտեսական կապեր հաստատելը, իմ կարծիքով, անհամեմատ ավելի բարդ է, քանզի դրանք մարդկային կապերի վրա են ձեւավորվում։ Այսինքն՝ այսօր ենթադրել, որ հայ կամ ադրբեջանցի գործարարները պատրաստ են հենց վաղը եւեթ նստել սեղանի շուրջ եւ տնտեսական կապեր հաստատել, ես կարծում եմ՝ ռեալ չէ։ Ամեն դեպքում, տնտեսական կապերը կարող են լինել միայն եւ միայն 2-րդ, 3-րդ էտապում, եթե գոնե հիմնական տարաձայնությունները լուծվեն։
– Իսկ հիմա՝ այս էտապում, մեզ ի՞նչ է սպասվում։ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարում են, որ նոր կապեր են ստեղծելու Հայաստանի հետ, թեպետ հասկանում ենք, որ նրանք ուզում են Հայաստանն օգտագործել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Նախիջեւանով կապ ստեղծել եւ մեզ դուրս մղել տարածաշրջանային կոմունիկացիաներից։
Կարդացեք նաև
– Միանշանակ, լրիվ համաձայն եմ Ձեզ հետ, այս վերջին՝ 4 կետից բաղկացած համաձայնագիրը դրա փայլուն ապացույցն է, որովհետեւ, եթե խոսքը տրանսպորտային ապաշրջափակման մասին է, ապա մենք պետք է առաջնահերթությունները որոշենք, թե այսօր որ ճանապարհներն են մեզ համար ձեռնտու, որոնք ենք մենք ի վիճակի վերականգնել եւ սպասարկել բեռների փոխադրումները։ Վերջին հաշվով, մենք հասկանում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը մեկն է՝ տրանսպորտային հաստատուն կապ ունենալ մեկը մյուսի հետ, որն իրենց տնտեսություններն անհամեմատ կուժեղացնի։
– Լավ, ենթադրենք՝ ապագայում այս ծրագիրը կյանքի կոչվեց, եւ մենք հնարավորություն ստացանք Երեւանից Բաքվով Ռուսաստանի հետ կապ ունենալ, ի՞նչ բեռներ կարող ենք փոխադրել այս ճանապարհով, եւ սա կարո՞ղ է Լարսին այլընտրանք հանդիսանալ։
– Ավտոմոբիլային փոխադրումների դեպքում Ադրբեջանով ճանապարհը Լարսին այլընտրանք երբեք չի կարող հանդիսանալ։ Ադրբեջանով այդ ճանապարհն անցնելու դեպքում միանշանակ ավտոձեռնարկությունը կունենա ավելի բարձր ինքնարժեք, քան Վերին Լարսով գնացողը, հետեւաբար, երկրորդ անգամ նա չի ուզենա գնալ, որովհետեւ իր ծառայությունից ոչ ոք չի ցանկանա օգտվել, քանզի կա գին, որն առաջարկում են այլ ընկերություններ՝ Լարսով։
Հետեւաբար, Ադրբեջանով ճանապարհը Լարսի համար այլընտրանք չի կարող լինել։ Իսկ երկաթուղային տարբերակով, եթե երկաթուղիները սկսեն գործել, այո, հնարավոր է Ադրբեջանով ուղարկել բեռ, բայց այստեղ մենք նույնպես հարց ունենք, թե այդ ինչ տնտեսական մեծ կապեր ունենք, ինչ մեծ ծավալի բեռներ կան, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանից Հայաստան բերել կամ Հայաստանից տանել։ Այսօր ավտոբեռնափոխադրումներով, ըստ էության, Ռուսաստանի հետ մեր կապն ամբողջովին ապահովված է։ Իսկ երկաթուղային ծավալուն բեռներ, ծավալուն բեռների մասին է խոսքը, մենք դեռեւս տնտեսական այդպիսի կապ Ռուսաստանի հետ չունենք։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում