Երևանի Սիրահարների այգուց հունվարի 14-ին գողացել են հայ մեծ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը։ Այգու աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ կատվի բացակայությունն առաջինը առավոտյան նկատել է այգու ղեկավար Լեւոն Մայիլյանը:
Աշխատողների կարծիքով՝ գողությունը հավանաբար կատարվել է գիշերը, եւ գողը գուցե ծանոթ է եղել տեղանքին ու իմացել է, որ տեսախցիկները միայն այգու մուտքերն են նկարում: Նրանց խոսքով՝ տարածքը առավոտյան հսկում են իրենք՝ այգու աշխատողները, իսկ երեկոյան՝ անվտանգության աշխատակիցները, որոնք հերթապահության գալիս են ժամը վեցին:
ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է հաղորդում, եւ նյութեր են նախապատրաստվում:
Մեր այցելության ընթացքում տարածքում աշխատում էին նաեւ ոստիկանները:
Կարդացեք նաև
Արարքի մասին գնահատական տվեց Գեւորգ Էմինի թոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը: Նա ասաց. «Քայլը վանդալիզմ է. գիտեմ, որ ոստիկանությունը ֆեյսբուքյան հրապարակումներից է տեղեկացել դեպքի մասին, իրենք ասել են, որ զբաղվում են այդ գործով, փորձում են գտնել գողոնը: Սա, կարծում եմ, կապված է մեր երկրում անիշխանության, քաոսի, անտերության տարիների վերադարձի հետ: Շատ երկար ժամանակ քաղաքից արձաններ չէին գողանում. նման բան ես հիշում եմ 90-ականների սկզբին, բայց հիմա նորից վերադարձել է: Ես հույս ունեմ, որ երկաթի ընդունման կետերը չեն ընդունի մի քանի կգ բրոնզը, եւ մենք կկարողանանք այն նորից վերականգնել, որովհետեւ դրա ձուլելը շատ մեծ գումար կարժենա»:
Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում