Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային բեռը կծանրանա հատկապես փոքր բիզնեսի վրա՝ դրդելով ամենօրյա սպառման ապրանքների եւ ծառայությունների նոր թանկացումների․ «Ազգ»

Հունվար 16,2021 09:53
turq

Հայաստանն այժմ գտնվում է անկախության շրջանի թերեւս ամենախորը ճգնաժամի մեջ: Բացի Արցախի ահռելի մասի կորստից եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ առաջացած լրջագույն սպառնալիքներից, իշխող վարչախմբի քաղաքականությունը ճգնաժամային կացություն է ստեղծել նաեւ տնտեսության մեջ, վատթարացրել բնակչության սոցիալական կացությունը:

Եվ այս ամենի ֆոնին, վարչապետի որոշմամբ, ընդունվել է «հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» միջոցառումներ (համապատասխան նախագիծն արդեն տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում), որով նախատեսվում է ծանրացնել հարկային բեռը հատկապես փոքր բիզնեսի վրա, դրդելով նաեւ ամենօրյա սպառման ապրանքների եւ ծառայությունների նոր թանկացումների:

Կթանկանան գյուղմթերքները, առողջապահական եւ կրթական ծառայությունները

Վերոնշյալ փաստաթղթով նախատեսված է առողջապահության եւ կրթության ոլորտները հարկել ավելացված արժեքի հարկով, ինչից մինչ օրս այդ ոլորտները ազատված էին: Հիմնավորումը ուղղակի զավեշտալի է` իբր սոցիալական նկատառումներով: Այսինքն, ըստ այդ հիմնավորման, առողջապահական կամ կրթական ծառայությունից օգտվելու համար 20 տոկոս ավելի (ավելացված արժեքի հարկի չափով) վճարելը կնպաստի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը: Ընդ որում, թանկացում լինելու է թե՛ պետական, թե՛ մասնավոր հաստատություններում, քանի որ այդ ոլորտներն ամբողջությամբ ազատված են ԱԱՀ-ից: Արդյունքում, օրինակ, թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի համար, որն իրակացվում է կորոնավիրուսի ախտորոշման համար, հարկ կլինի ներկայիս 20 հազար դրամի փոխարեն վճարել 24 հազար դրամ:

Նույնը նաեւ կրթական ոլորտում: Թե՛ պետական, թե՛ մասնավոր բուհերում ուսման վարձն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ եթե այդ արտոնությունը վերացվի, ապա առանց բացառության բոլոր բուհերում ուսման վարձերը կթանկանան: Բնականաբար, դա առաջին հերթին հարվածելու է սոցիալապես խոցելի խավին, որը հիմա դժվարությամբ է վճարում այդ գումարները: Իրենց ծառայությունները կթանկացնեն նաեւ ավելի որակյալ կրթական ծառայություններ մատուցող մասնավոր դպրոցները: Սակայն սա ամբողջը չէ:

Նիկոլ Փաշինյանը որոշել է գյուղատնտեսությունը եւս ընդգրկել ավելացված արժեքի հարկի դաշտում` պահանջելով գյուղմթերքներ արտադրող գյուղացիներից հաշվարկային փաստաթղթեր տրամադրել: Ակնհայտ է, որ սա նշանակում է գյուղմթերքների թանկացման նոր փուլ: Եթե այժմ գյուղմթերքներ վաճառողները իրենց մատակարարված ապրանքների համար որեւէ փաստաթուղթ չեն ստանում ԱԱՀ-ից ազատված գյուղացիներից, ապա հիմա ստանալու են: Դա նշանակում է, որ նրանք հավելյալ 20 տոկոսի չափով հարկ են վճարելու եւ, համապատասխանաբար, թանկացնելու են իրենց վաճառած գյուղմթերքը:

Շրջանառության հարկը կբարձրանա, իսկ հարկման առավելագույն շեմը` կիջեցվի

Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ, կտրուկ նվազել են նաեւ պետական բյուջեի եկամուտները: Այն աստիճան, որ կառավարությունը հարկադրված եղավ հոկտեմբերին գրեթե 53 մլրդ դրամ վերցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարից: Այդուհանդերձ, աղետալի կացությունը անգամ դրանից հետո չբարելավվեց: Այժմ էլ «հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» միջոցառումներում կառավարությունը հայտարարում է շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման եւ շրջանառության հարկի շեմի իջեցնելու մասին: Սա նշանակում է, որ հարվածն առաջին հերթին ուղղվելու է փոքր բիզնեսին` շուրջ 60 հազար տնտեսվարողներին, որոնք գործում են շրջանառության հարկի դաշտում:

Ներդրումներն էլ սկսեցին «փախչել» Հայաստանից

Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում ոչ միայն օտարերկրյա ներդրումներ չեն կատարվել Հայաստանում, այլեւ դրանք դուրս են եկել երկրից: Այսինքն, գրանցվել է բացասական ցուցանիշ: Մասնավորապես, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրողները Հայաստանից դուրս են բերել 12,9 մլն դոլար: Նման երեւույթ վերջին 5-6 տարիներին Հայաստանում չէր արձանագրվել: Սա նշանակում է, որ մեր երկրում ունենք ներդրումների համար ոչ նպաստավոր միջավայր:

 

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031