Դժվար չէ հասկանալ, որ եթե դու գլխավոր խնդիր ես համարում գերիների վերադարձը, իսկ թշնամիդ` իր շահին հարմար հաղորդակցության ապաշրջափակումը, ապա վերադարձի հարց չլուծելով` ապաշրջափակման համաձայնություն ստորագրելը նշանակում է սպասարկել թշնամու օրակարգը:
Այլ եզրակացություն դժվար հետեւի առաջին հայացքից: Եթե քեզ համար գերադաս խնդիր ես առանձնացնում եւ այն չես կարողանում լուծել, ապա միակ տարբերակ պետք է լինի որեւէ բան չստորագրել` քո գերադաս հարցը ստորագրման նախապայման դարձնելով: Իսկ եթե վստահություն կամ երաշխիք չունես գերակա խնդիրդ լուծելու, ապա ուղղակի պետք է չմեկնել այդպիսի հանդիպման ու մի անգամ եւս Հայաստանը չնվաստացնել: Որովհետեւ բանակցել չկարողանալը այս դեպքում բնական հետեւանք է պատերազմում տանուլ տալու, տանուլ տվող ղեկավարը միշտ բարդույթավորված է ու խեղճացած, ու որեւէ պահանջ չի կարող պնդել: Բայց եթե դա չի ըմբռնում տանուլ տվող ղեկավարը` դա մեծ խնդիր է դառնում երկրի համար:
Բայց մի՞թե այդ պատճառով պետք է շարունակի տուժել հայկական շահը, մի՞թե պիտի շարունակենք չօգտվել այն իրավական-բանակցային պատուհանից, որը պոտենցիալ հնարավոր է դարձնում ե՛ւ եռակողմ համաձայնագրի բարելավումը (որից շատ է վախենում Ալիեւը), ե՛ւ նոր, թեկուզ նախապես խոստացված համաձայնագրերի ստորագրման, անգամ հնի որոշ դրույթների կատարման բացառումը:
Ի՞նչն է ստիպում պատերազմը տանուլ տված ղեկավարին, երաշխիք չստանալով, մեկնել Մոսկվա եւ ստորագրել հունվարի 11-ի նոր համաձայնագրի՝ Հայաստանի համար այս պահին ոչ առաջնահերթ, եւ, հանգիստ կարելի է ասել, նվաստացուցիչ 4 կետերը, քանի որ ե՛ւ ներքին բարոյահոգեբանական, ե՛ւ ներքաղաքական լարվածության մթնոլորտը լիցքաթափելու տեսակետից առաջնահերթը գերիների վերադարձն էր, որը մի փոքր կմեղմեր ֆոնը: Փաստորեն, ստորագրված փաստաթուղթը, որի կատարման շուրջ արդեն կողմերի տարբեր պաշտոնյաներ լրացուցիչ հանդիպում են հիմա, ի չիք դարձրեց գերիների, պատանդ պահվող քաղաքացիական անձանց, զոհվածների մարմինների լիակատար փոխանակման՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված հայկական կողմի զորեղ կռվանը, քանի որ ինչ պետք էր՝ թշնամին ստացավ առանց դրա կատարման էլ:
Կարդացեք նաև
Ու հիմա ոնց ուզի, այնպես էլ կվարվի գերիների հարցում, կշարունակի գերիների խնդիրը կապել Արցախից հայկական զինուժը դուրս բերելու իր լկտի պահանջի հետ, նոր գերիներ կվերցնի, նրանց ահաբեկիչ կանվանի, ինչպես որ մեր բնագծից վերցրած 62 զինծառայողին է անվանում կամ Լիբանանից Բերձորում ապրելու տեղափոխված հայուհուն՝ Մարալին է անվանում: Ինչո՞ւ պիտի նոյեմբերի 9-ի հրադադարը անընդհատ խախտող Ալիեւը թուրքական շահն առաջ տանել ու կարողանա տասնամյակների թուրանական երազանքն իրականացնել՝ Թուրքիան երկաթգծով Ադրբեջանին կապելով, մեր իսկ երկրի սահմանագծումն իր սրտի ցանկություններով անելով, իսկ մենք տանուլ տված պատերազմից երկու ամիս անց անգամ դիվանագիտական հակաքայլեր արած չլինենք՝ գոնե Մինսկի խմբի մյուս համանախագահներով Արցախի կարգավիճակի հարցի լուծման խնդիրը միջազգային քաղաքական հարթույթ փոխադրելով:
Պարզ չէ՞ , որ մեր ռազմագերիներով դեռ մեզ շատ է շանտաժելու․ Ալիեւը՝ GPS- ով սահման գծելիս, որսի հոտ առած բորենու պես ադրբեջանցին անընդհատ պտտվելու է մեր գյուղերի ու տների շուրջ ու շարունակի տուն առ տուն առաջ գալ: Հայկական կողմին կարծես այս պահին միայն այդ նոր համաձայնագրով ապաշրջափակվող երկաթգիծն է պակաս՝ թուրքական ապրանքով հեղեղելու համար երկիրը եւ խեղդելու մեր ապրանքարտադրողին, որն իբր կարողանում է մրցունակ ապրանք արտադրե՞լ, դեռ նաեւ արտահանելու, երկաթգծով տեղափոխելու խնդիրն է մնացել չլուծված: Նայեք «Կոմերսանտի» հրապարակած քարտեզի՝ երկաթգծի ուղուն ու շարունակեք պնդել, որ դա Մեղրիով չի անցնում, հայերիս համար օտարված դարձնելով Հայաստանի որոշակի տարածքներ: Զարմանալի է, որ պատերազմի դաշտում միլիարդավոր դոլարների կորուստ արձանագրած Հայաստանի նյուպաշտոնյաները խոսում են այդ երկաթուղու գրոշանոց օգուտներից մեր տնտեսության մեջ, կամ զոհերի արյունը դեռ չսառած՝ այդ արագությամբ ստորագրած թղթերի օգուտներն են հաշվում՝ մոռացած գլխներիս գալիք ժողովրդագրական փոփոխությունները. նոր հնարավոր պատերազմի հնարավորությամբ այդպիսի թղթի ապարդյունությունը, Սյունիքին սպառնացող վտանգները: Եւ բացի այդ՝ թուրքն ինչ-որ չի կարողանում վերցնել զենքով, վերցնում է առեւտրով եւ փողով:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածբ ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում