«Աշխարհաքաղաքական հետազոտությունների թալիշական կենտրոն»-ը հերթական հայտարարությամբ անդրադարձել է Արցախի կարգավիճակի հարցին եւ դրանից բխող՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից որպես սպառնալիք դիտարկվող հնարավոր զարգացումներին:
Կենտրոնը նախ շեշտել է՝ Ադրբեջանի հասարակության տարբեր շերտեր եւ հատկապես՝ իշխանությունը, հասկանում են՝ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ստանան կարգավիճակ, այն պետք է տրվի նաեւ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներին: «Իսկ իշխանության ամենամեծ գլխացավանքը ոչ թե հայերն են, թաթերը կամ լեզգիները, այլ թալիշները՝ Ադրբեջանի թվաքանակով երկրորդ ժողովուրդը(նվազագույնը 1,5 միլիոն): Իսկ ամբողջ աշխարհում թալիշների թիվը մոտ 4 միլիոն է:
Չկասկածեք, որ թալիշների՝ հենց մեծաքանակ լինելն ու ներուժ ունենալն է, որ մյուս ժողովուրդներին թույլ չի տալիս կարգավիճակ ստանալ: Ինչպիսին էլ եղած լինեին այն թալիշները, որոնք զոհվեցին վերջին պատերազմում, մեր ժողովուրդը մինչեւ հիմա չի կարողացել հասնել ինքնավարության կարգավիճակի, ավելի ճիշտ՝ չի կարողացել վերականգնել այդ կարգավիճակը: Իրականում՝ թալիշական ինքնավարության վերականգնումը կախված չէ Ղարաբաղի հայերի կարգավիճակից:
Թալիշական ազգային շարժումն իր նպատակները չի կապում ցանկացած մեկ այլ ժողովրդին վերաբերող գործընթացների հետ: Այդ իրավունքը հիմնված է մեր պետականության պատմության եւ միջազգային իրավունքի վրա: Ադրբեջանի ֆաշիստական, պանթյուրքիստական ղեկավարությունը եւ նրան սատարող հանրությունը, իրականացնելով անարդար, քայքայիչ քաղաքականություն՝ դժվար թե կանգնեն քաղաքակրթության ճանապարհին:
Կարդացեք նաև
Թեեւ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք պատրաստ են ճանաչելու թալիշների իրավունքները, նրանք մեծամասնություն չեն: Բայց նրանք էլ են վախենում խոսել:
Թալիշ մտավորական Ֆահրադդին Աբբասզադեի սպանությունը բանտում փաստում է, որ թալիշների հանդեպ թշնամաբար գործող ուժերն Ադրբեջանում՝ այդ թվում իշխանական շրջանակներում են: Նա սպանվեց Շուշիի գրավման օրը, եւ դա խորհրդանշանական կերպով ներկայացվեց որպես թալիշական ազգային շարժման հանդեպ հաղթանակ: Մի խոսքով՝ պարզ է, թե այս պատերազմն ինչ տվեց թալիշներին:
Նման դեպքում ի՞նչ պետք է անեն թալիշները: Ընդհանուր առմամբ, թալիշական ազգային շարժումը շարունակում է պայքարը: Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները բացասաբար չեն ազդի շարժման վրա, բայց այն կհասցնեն իր նպատակին:
Պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 17-ին, Մոսկվայում տեղի ունեցավ «Թալիշական դաշնային ազգային-մշակութային ինքնավարության» հիմնադիր-հավաքը, որը պատմական իրադարձություն էր թալիշների համար: Նման մեծ կազմակերպության ստեղծումը փաստում է, որ թալիշական ազգային շարժման հիմնական ճյուղերից մեկը թեւակոխում է պայքարի նոր փուլ: Դա նշանակում է, որ Ռուսաստանը թալիշներին ճանաչում է որպես առանձին ժողովուրդ:
«Թալիշական դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունը» պետության կողմից ճանաչված միակ կազմակերպությունն է, որը հանդես է գալիս ՌԴ-ում եւ Ադրբեջանում բնակվող թալիշների անունից եւ խոսում է թալիշերեն: Այն փաստը, որ կազմակերպությունը գործում է Ռուսաստանում, թալիշների ձայնը բարձրացնում է միջազգային հարթության վրա: Ուստի ազգային իրավունքների համար պայքարը նոր թափ է ստանում: Ռուսաստանում բնակվող հարյուր հազարավոր թալիշների ընտանիքներ բնակվում են ադրբեջանում, ունեն նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն: ԱՊՀ երկրների տարածքում բնակվող թալիշները միավորվելու են «Թալիշական դաշնային ազգային-մշակութային ինքնավարության» մեջ: Մենք հիմա չենք ցանկանում ասել, թե հետագայում ինչ կլինի, բայց «Թալիշական դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունը» թալիշների համար կարեւոր դերակատարում պետք է ունենա, եւ Հարավային Կովկասում տեղի ունեցածը զարկ տվեց դրան»,-ասվում է հոդվածում:
Պատրաստեց
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2021