Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենասիրությունը ստամոքսով չի չափվում»

Հունվար 16,2021 12:00

Հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանն անցյալ տարի Արցախում նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու։

Զրույցի թեման վերջին ժամանակներում կատարվող իրադարձությունների շուրջ է։

– Տիկին Լալայան, թերեւս այսօր մեր երկու պետությունների առաջ բազում խնդիրներ կան կուտակված։ Կապիտուլյացիա, մարդկային եւ տարածքային մեծամասշտաբ կորուստներ, անտարբեր աշխարհ. խնդրեմ Ձեր խոսքը` կապված նշածս երեւույթների առաջացման պատճառների հետ։

– Նախ պետք է դադարեցնենք անընդհատ աշխարհից նեղանալու սովորությունը։ Աշխարհը ուժեղների հանդեպ է ուշադիր, իսկ մենք ուժեղանալու փոխարեն՝ միշտ ողորմություն խնդրողի դերում ենք։ Բացի դրանից, ինչքան նույն աշխարհի, այսինքն` միջազգային հանրություն կոչվածի կարծիքը հաշվի ես առնում, այնքան այն «լկստվում» է, իրենից կախված համարում քեզ։ Մենք պետք է աշխարհին ցույց տայինք, որ կախված չենք իրենց օրենքներից, միեւնույն ժամանակ, միջազգային հանրության հետ՝ ինչպես հավասարի հետ խոսելու համար պետք է մաքուր լինել, իսկ դա ամենից առաջ կոռուպցիայի բացակայությունն է։ Մեր իշխանությունները գերադասեցին փողը` արժանապատվությունից։ Լեզուները կարճացան ու դարձան միջազգային հանրության` նույն աշխարհի հզորների խամաճիկը։

– Իսկ այսօրվա իրավիճակը… Մարդիկ բաժանված են տարբեր քաղաքական թիմերի, որը գրեթե ամեն պահի բախման է հանգեցնում։

– Այսօրվա իրավիճակը 30 տարիների պատճառահետեւանքային կապ է. թե դեգրադացված հանրությունը, թե սոցիալական անարդարությունից զզված խոցելի խավի ատելությունը պետության ու պետականության հանդեպ, թե նվիրյալների հիասթափությունը՝ պետության կողմից համապատասխան ուշադրությունից զրկված լինելու պատճառով, թե անձնուրաց քաղաքացիների արտագաղթն ու ատելությունը սեփական երկրի հանդեպ՝ չգնահատված լինելու ու հալածանքների պատճառով։ Այս ամենի արդյունքում ծնվեց Նիկոլ ու նիկոլապաշտ զանգված։

Գիտեք, պիտի ասեք՝ հայրենասիրությունը ստամոքսով չի չափվում, բայց մի մոռացեք, որ հայրենասիրությունը եւ պետական մտածողությունը նաեւ դաստիարակության արդյունք է: Իսկ պետությունը հայրենասիրություն, ազգային մտածելակերպ դաստիարակելու փոխարեն՝ հնդկական ու թուրքական սերիալներ էր ցուցադրում հանրային հեռուստաալիքներով, արդյունքն ակնհայտ է՝ թրքասիրությունը ազգային արժանապատվության զգացողության իսպառ բացակայություն, լղոզված ինքնություն։

– Դա, կարծես, համատարած երեւույթ է աշխարհում: Նույնիսկ կարելի է ասել, որ այդ առումով մենք մի քիչ ավելի լավ վիճակում ենք: Խոսքս ինքնության պահպանման, ազգային մտածողության մասին է:

– Համամիտ չեմ: Նորից մենք աշխարհի չափանիշներով ենք մեզ չափում: Այնինչ, չպիտի մոռանանք, որ ի տարբերություն շատ երկրների, մենք ունենք մեզ ոչնչացնելու պետական գաղափարախոսություն ունեցող հարեւան պետություն, որի հետ դարերի թշնամանք ունենք, իսկ վերջին 30 տարում ակնհայտ պատերազմ ու քողարկված պատերազմ:

Այս 30 տարիների ընթացքում թշնամին մանկապարտեզից սկսած հայից դուշմանի կերպար ստեղծեց իր սերունդների համար, իսկ մեզ համար առայսօր թշնամին հակառակորդ է։ Սա աբսուրդ է, որի դեմ իմ լրագրության տարիներին, նաեւ սոցիալական ցանցերում պայքարել եմ։ Արդյունքը չնչին եղավ։ Մենք՝ աշխարհի տարբեր հատվածների հայերս սիրում ենք երգել, կենացներ ասել՝ ծովից ծով Հայաստանի, Տիգրան Մեծի Հայաստանի, Մուշ ու Սասուն հետ բերելու, Արարատից թուրքի ճակատին թքելու մասին, բայց փաստն այն է, որ ծովից ծով Հայաստանից մնացել էր մոտ 30.000 քառկմ, ու միշտ մտածել ենք, թե ինչպես, ինչու…

Մենք ակնհայտ տեսանք, թե ինչպես է եղել դավաճանությունը եւ Եղեռնը։ Եթե մինչեւ այս մեզ համար դավաճանությունը լոկ գրականություն էր, պատմություն, հիմա իրականություն, մեր ապրած եղելություն: Ու ինչպես միշտ՝ բոլորին մեղադրում ենք, բացի մեզնից։ Ռուսն է մեղավոր, թուրքն է մեղավոր, Ամերիկան ու Անգլիան են մեղավոր, բայց ոչ մենք։ Մինչեւ մենք չհասկանանք, որ մեղավորը հենց մենք ենք՝ ճշմարիտ ճանապարհով չենք կարողանալու գնալ։ Իսկ պատճառները շատ են։ 30 տարվա անկախության տարիներին մենք չկարողացանք ունենալ պետական կառավարման մեխանիզմ։ 30 տարվա մեջ չունեցանք ազգային գաղափարախոսության, ռազմահայրենասիրական գաղափարախոսության հայեցակարգ. փոխարենը աճեցրինք դասալիքներ, գործ տվողներ, նորմալ հասարակության համար բոլոր մերժելի հատկություններ կրող քաղաքացիներ։

– Իսկ այս իշխանությունը։

– Այս իշխանությունն էլ եղած պատառիկները գցեց աղբարկղ։ Թե ինչու պիտի քանդվեր Հայաստանն ու Արցախը, դա գեոպոլիտիկա է, կարճ եթե ասեմ՝ բարդ խաչմերուկում ենք, պետականամետ, հայրենասեր, անձնուրաց, նվիրյալ ղեկավարի դեպքում այս խաչմերուկի մեր դիրքը կաշխատեր մեր օգտին, բայց հիմա լրիվ աշխատում է ի վնաս մեզ, որովհետեւ անձնուրաց, ինքնամոռաց, հայրենիքի ֆանատ ղեկավարի փոխարեն ունենք ղեկավար, որը Արցախի հանդեպ պաթոլոգիկ ատելություն ունի: Դրա համար 2018-ին քաղաքական հարթակից հայտարարվեց, որ «իրենց քայլը» ավելի կարեւոր է, քան Արցախի հաղթանակը: Դրա համար մի կերպ հավաքված բռունցքը ցրվեց, պառակտվեց: Իսկ գաղափարից զրկված ազգը, հանրությունը դեգրադացված ամբոխն է, ինչն էլ այսօր ունենք:
Նորից ասեմ, որ նման կերպարի հաջողությունը 30 տարիների սխալ քաղաքականության արդյունք է։

– Ձեր գրառումներն ընթերցելու ժամանակ նաեւ հասկանում ենք, որ Արցախի նախագահին էլ եք ավելի վաղ հայտնել Ձեր մտահոգությունը։

– Վերջին առանձնազրույցս եղել է Արցախի ներկա նախագահի հետ, վերջին զրույցս՝ պատերազմից 2-3 օր առաջ։ Հայտնել եմ մտահոգությունս, որ Արցախն իր ուղնուծուծով ատող Փաշինյան Նիկոլը Արցախի դեմ դավեր է նյութելու, փորձել եմ համոզել, որ հետ կանգնի նրա ցանկացած քայլը ողջունելու քաղաքականությունից, բայց նա մնաց իր համոզմունքին, որ անվերապահորեն վստահում է Հայաստանի վարչապետին։ Իսկ մեկ ամիս հետո բոլորիս համար հասանելի դարձավ պատերազմի օրերի հեռախոսազրույցն այն մասին, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը բողոքում զրուցակցի հետ, որ Փաշինյանը օգնություն չի ուղարկում Արցախ՝ թողնելով տղաներին առանց զենք ու մարդկային ուժերի համալրման։ Հիմա Արցախից մնացել է ռուսի համար մի բազայի տեղ։ Այս իրավիճակում ոչ հայրենասիրություն, ոչ ռազմական գործ քարոզելու իմաստ չկա։

– Ինչպիսին եք տեսնում Արցախի վաղվա օրը, ի՞նչ առաջնահերթություններ կառանձնացնեք:

– Արցախի հրամայականները փոխվել են։ Այժմ արտաքին ճիշտ քաղաքականություն եւ ազգային արժեքների, ինքնության պահպանության քաղաքականություն է պետք մշակել ու ձեռնարկել։ Մնացածը՝ հընթացս։ Բայց, ինչպես տեսնում եմ, նույնիսկ այս ճակատագրական պահին հայրենիքի մասին մտածելու փոխարեն, նորից աթոռակռիվ է։ Ինձ համար զավեշտ է այս պահին իշխանության համար պայքարը։ Սա իմ ուղեղում չի տեղավորվում։ Արցախում, թե Հայաստանում իշխանությունը կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելու առաջին իսկ վայրկյանին պիտի փոխվեր։ Սա է աշխարհի կարգը։ Հին ժամանակներում պարտված ղեկավարներին նույնիսկ կախում էին. դա նաեւ դաստիարակչական բնույթ ուներ, բայց մեր պարտված ղեկավարներն այսօր առանց ամոթի շարունակում են հանդես գալ, հայտարարություններ անել ապագայի մասին, նույնիսկ ծափեր ստանալ։

– Ի վիճակի՞ ենք այսքանից հետո ունենալ ուժեղ պետություն:

– Իհարկե, կարող ենք: Ես ուժեղ պետությունը պատկերացնում եմ արդարամիտ դիկտատորի ձեռքերում՝ խիստ, ընդգծված ազգային գաղափարախոսության հիմքերի վրա։ Մենք այս 30 տարիների ընթացքում պիտի հիմնեինք ռազմարդյունաբերություն, ժամանակակից տեխնոլոգիաների արդյունաբերություն։ Չենք արել, հիմա պիտի անենք։ Մենք շատ թույլ ենք նաեւ տեղեկատվական պայքարում, մեր սփյուռքը ոչ թե տարին մեկ անգամ մարաթոնին պիտի գումար նվիրաբերի հայրենիքի շենացմանը, այլ պետք է սփյուռքից տեղեկատվական բանակ ստեղծել՝ հզոր բանակ, ջախջախող։ Աշխարհի լրահոսը պետք է հեղեղվի հայոց պատմության նյութերով, ազգային արժեքների քարոզի նյութերով եւ այլն։ Իսկ մեր իշխանությունները զբաղված էին ու են դղյակներ կառուցելով, շքեղ մեքենաների հավաքածուներ ձեռք բերելով, ֆեյքերի բանակներ բուծելով, կենացներ ու երգեր ասելով։ Ամեն ինչ գլխիվայր է: Մենք չենք գնահատել Աստծո բարյացակամությունը եւ արժանացել ենք նրա զայրույթին։ Մենք չկարողացանք նաեւ հոգեւոր դաստիարակության հիմքեր դնել։ Մի խոսքով, 30 տարի մենք ծառայեցինք սատանային եւ այժմ սատանան իշխում է հայոց աշխարհին։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները լայն քննարկման առիթ են դարձել…

– Նրա բոլոր հայտարարությունները հայ ազգի դեմ են, նրա ամեն արարք բացահայտ հայոց պետականության դեմ է։ Չանդրադառնալով նախկինում հնչեցրած ստերին՝ միայն մեկ սուտ հայտարարության անդրադառնամ. մինչեւ հանդիպումը հայտարարեց, որ պիտի որոշակի զիջումների գնա՝ տրանսպորտային կապի ու այլն, որպեսզի կարողանա գերիների հարցը լուծել։ Ալիեւի պահանջած պայմանները բավարարվեցին, իսկ գերիների հարցը այդպես էլ չլուծվեց։ Ցավոք, Արցախը կարող է դառնալ ռուսի համար բազա, Հայաստանը «բազար-վակզալ»՝ թուրքի ու ադրբեջանցու համար, եթե իշխանության չգա սկզբունքային, նպատակասլաց, պետական մտածողությամբ անհատ։ Թող Հայաստանի ու Արցախի քաղաքացին որոշի՝ ինչ է ուզում թողնել իր երեխաներին։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

15.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031