Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից ոչ Հայաստանը, ոչ Արցախը դեռ չեն շահել»

Հունվար 16,2021 12:30

«Մոսկվայում հանդիպում էին հաղթողը եւ պարտվածը. ինչպե՞ս կարող էին պարտվածի պահանջները դրվել սեղանին, առավել եւս՝ իրականություն դառնային»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:

– Հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, որի ժամանակ ապաշրջափակման մասին համաձայնություն ձեռք բերվեց, հստակ ժամկետներ են սահմանված՝ գործընթացն արագ կազմակերպելու համար: Հայաստանում, թե մինչ մոսկովյան հանդիպումը, առավել եւս՝ հանդիպման արդյունքները, շատ քննարկվեցին: Արցախում կարծես ավելի անտարբեր են կամ կրավորական կեցվածք ունեն քաղաքական ուժերը:

– Նիկոլ Փաշինյանի այցից որեւէ ակնկալիք չունեինք: Ինքս չէի էլ կարծում, որ կլինի ծայրահեղ վատ ինչ-որ բան: Այսինքն, համակարծիք չէի այն մոտեցումների հետ, որ Արցախի հարցը կլուծի` մնացած տարածքների հանձնումով եւ այլն:

Իսկ առհասարակ, ինձ, մեզ համար Նիկոլ Փաշինյան ղեկավար գոյություն չունի: Կա Նիկոլ Փաշինյան դավաճան: Իսկ դավաճանի մասին հավելյալ անգամ խոսելու իմաստը չենք տեսնում: Մեկ անգամ արդեն նրա որակումը տրվել է: Այն, ինչ նա արեց, չի ներվում ընդհանրապես: Հիմա մենք առաջնորդվում ենք այն տարբերակով, որ որեւէ կապ չունենք Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ, նրանցից որեւէ ակնկալիք չունենք եւ ինքներս պետք է կարողանանք մեր խնդիրները լուծել՝ գտնելով դրանց լուծման սեփական ճանապարհները, մինչեւ որ Աստծո կամոք, կամ այլ հանգամանքներից ելնելով՝ կազատվենք պարտվածի դեմքը կրող իշխանություններից:

Սա, իհարկե, չի նշանակում, որ չենք հետեւում Նիկոլ Փաշինյանի քայլերին եւ գործողություններին:

– Այնուհանդերձ, Մոսկվայում համաձայնություն ձեռք բերվեց ապաշրջափակման մասին: Արդեն իսկ քարտեզներ են հրապարակվում երկաթուղային ճանապարհի՝ Հայաստան-Ադրբեջան-ՌԴ: Այդ տնտեսական շղթայում Արցախը տեղ, դեր, նշանակություն կունենա՞, տնտեսական օգուտներ կքաղի՞: Հայաստանի իշխանական շրջանակներում, օրինակ, շատ ոգեւորված են:

– Կարծում եմ՝ ոչ: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում է հունվարի 11-ի համաձայնությունը ստորագրվել, իսկ արդեն 2,5 տարի կամ մի փոքր ավելի, Արցախը որեւէ օգուտ չի քաղել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից՝ թե պատերազմից առաջ, առավել եւս՝ պատերազմից հետո: Ի դեպ, ես այն կարծիքին էլ չեմ, որ Հայաստանի Հանրապետությունն է այդ համաձայնությունից շահելու: Ավելին, հուսով եմ, որ այդ համաձայնությունը կյանքի չի կոչվի: Միակ բանը, որ այս պահին առկա է՝ հուսալ, որ մեզ համար վատ բաները պարզապես իրականություն չեն դառնա՝ մեզնից անկախ հանգամանքներից: Իսկ մինչ այդ, ինչպես ասել ենք, նույն կարծիքին էլ մնում ենք՝ պարտված իշխանությունը պետք է հեռանա, որ գոնե մեջքներս կարողանանք ուղղել եւ հոգեբանորեն պատրաստվենք հաղթանակի: Քանի դեռ Հայաստանում եւ Արցախում ունենք պարտված իշխանություն, անգամ հոգեբանորեն չենք կարող հաղթանակի պատրաստվել: Այլ տարբերակ չկա պարզապես:

– Ասում եք՝ մոսկովյան հանդիպման ժամանակ չէիք ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վատ համաձայնությունների էր գնալու՝ վերջնականապես լուծելով Արցախի հարցը, սակայն, Իլհամ Ալիեւը համատեղ մամուլի ասուլիսում՝ հղում անելով Վլադիմիր Պուտինի մի հայտարարության, ասաց, որ Արցախի հարց այլեւս չկա, այն լուծվել է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ էր ուզում ասել:

– Կարծում եմ այն, ինչը որ արդեն ստորագրվել է 2020-ի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ, ինչը որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ լցրեց մարդկանց ուղեղները՝ մենք պետք է ունենանք դիրքորոշում, որը նպաստավոր կլինի Արցախում, Հայաստանում եւ Ադրբեջանում բնակվող ժողովուրդների համար: Արդյունքում, այդ համաձայնությունը բավարարեց հայ ազգի այն հատվածին, որն այսօր շարունակում է մնալ դավաճանի կողքին, ամբողջությամբ բավարարեց Ադրբեջանի ժողովրդին: Այնպես որ՝ ինքն ինչ-որ խոստացել էր այս տարիների ընթացքում, միանշանակ կատարեց:

Իսկ առհասարակ, մենք որոշում ենք ընդունել` չտրվել հարեւան երկրից հնչող հայտարարություններին: Անցած 2,5 տարիների ընթացքում, առավել եւս պատերազմական շրջանում, ակնհայտ էր Ադրբեջանի մեդիա դաշտի ազդեցությունը մեր հասարակության վրա: Էլ չեմ խոսում Հայաստանում եւ Արցախում տարածվող ստահոդ լուրերի մասին, որոնք տեսանք, թե ինչ ազդեցություն են ունենում հասարակության վրա, որովհետեւ մենք տրվեցինք դրանց: Հատկապես Արցախում եւ Հայաստանում բնակվող հայերը, կարծում եմ, այլեւս չպետք է տրվեն նման մանիպուլյացիաների, պետք է գիշեր ու զօր աշխատենք, որպեսզի կարողանանք մեջքներս ուղղել: Այլեւս չպետք է միայն քննադատող լինենք եւ իշխանություններից սպասելիքներ ունենանք, որովհետեւ տեսանք, որ իշխանությունից պետք է նաեւ վատը սպասել: Պետք է աշխատել՝ մարդու, հայի կերպարը չկորցնելով՝ գնալ ապագա՝ ապագայում տեսնելով եւ ունենալով հզորանալու ու վերադարձի տեսլականը:

– Մոսկվայում Հայաստանին չհաջողվեց լուծել մեզ համար այսօր թերեւս ամենակարեւոր հարցը՝ գերիների եւ ռազմագերիների վերադարձը: Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դա Մոսկվայի հանդիպման անկյունաքարային հարցն է, բայց արդեն հանդիպումից հետո հայտարարեց, որ հարցը չհաջողվեց լուծել: Սրան ի՞նչ կասեք. ի՞նչն էր խնդիրը, ինչո՞ւ չի հաջողվում լուծել հայկական օրակարգի այդ կարեւոր հարցը:

– Մոսկվայում հանդիպում էին հաղթողը եւ պարտվածը. ինչպե՞ս կարող էին պարտվածի պահանջները դրվել սեղանին, առավել եւս՝ իրականություն դառնային: Ադրբեջանը գերիների խնդիր չուներ, ուներ միայն Հայաստանի իշխանությունը: Այսինքն, պահանջատերը պետք է լիներ Հայաստանի իշխանությունը: Իսկ ինչո՞ւ պիտի հաղթող կողմը լսեր, ընդհանրապես, եւ առավել եւս՝ կատարեր պարտվող կողմի պահանջը կամ թեկուզ խնդրանքը: Իհարկե, հաղթող կողմը եւս մեկ անգամ պիտի հաստատեր իր հաղթանակը, որը եւ Ալիեւն արեց:

Անկախ ամեն տեսակ հայտարարություններից, մենք որեւէ ակնկալիք չունեինք, որ Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձի հարցը լուծելու է: Հակառակը, վստահ էինք, որ չի կարողանալու հենց այդ հարցը լուծել:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031