Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ասում են՝ կան մարդիկ, որոնք Նիկոլի կողմն են, ուզում եմ հասկանալ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված»․ Վազգեն Մանուկյան

Հունվար 15,2021 23:59

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Գյումրու «Արագած» մարզամշակութային դահլիճում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նպատակը երկրի վիճակը քննարկելն ու միասին մտածելն է՝ ինչպես դուրս բերել այդ վիճակից։

Նա հիշեցրեց, որ ունենք 4500 զոհ, 10-15 հազար վիրավոր, Արցախի տարածքի մեծ մասը կորցրել ենք, իսկ Հայաստանի սահմաններն էլ անընդհատ սեղմվում են, բոլորի կողմից արհամարհանք կա հայերի նկատմամբ։

«Կորցրել ենք 100 հազար հետկար վարելահող, 315 հազար խոտհարք, 15 խոշոր հանքեր։ Միլիարդ դոլար զենք, ինքնավստահություն, և հարց է առաջանում՝ մի՞թե սա անխուսափելի է, մի՞թե սա մեզանից կախված չէ։

Անցյալ հազարամյակը, որ սկսվեց, մեզ համար սկսվեց 1045 թվին, երբ որ Հովհաննես Սմբատ արքան Անիի բանալիները տվեց բյուզանդացիներին, որպեսզի պահի իր իշխանությունը։ Եվ հազար տարի մենք միշտ կորցրել ենք տարածք և մարդ։ Միակ պայծառ կետը եղավ, երբ որ մենք 88 թվին հավաքվեցինք և կարողացանք ձեռք մեկնել մեր եղբայրներին, ունեցանք տարածաշրջանի ամենահզոր բանակն, ունեցանք հաղթանակներ։

Ներքին կյանքից շատ դժգոհ էինք, շատ թերություններ կային ներքին կյանքում, բայց որպես պետություն՝ հարգված, ճանաչված պետություն էր։ Իսկ ամիս 11-ին նայո՞ւմ էիք, ոնց էին վերաբերում մեր երկրի ղեկավարին։ Դա վերաբերմունք էր մեր նկատմամբ, ոչ միայն իր նկատմամբ։

Եվ այդ հազարին տարին, որ մենք կորցրել ենք, ոչ մեկը պատասխան չի տվել։ Թալեաթին մենք խփեցինք, Էնվերին մենք խփեցինք, բայց ո՞ր հայն է պատասխան տվել իր արածների համար։ Հիմա սկսվեց երրորդ հազարամյակը՝ 2020 թիվ, Նիկոլ Փաշինյանն Արցախի բանալին հանձնեց թշնամուն։ Ի՞նչ է, նույն ճանապարհով շարունակելու ենք գնա՞լ։

Ես ուզում եմ սկսել ակունքներից, այնուամենայնիվ այս հարցի հիմքում ընկած էր Արցախի հարցը։ Երկու օր առաջ, կարդացած կլինեք Պոպովի հարցազրույցը, Մինսկի խմբի եռանախագահներից Ռուսաստանին ներկայացնողն է։ Ինքն ասաց՝ 18 թվին, երբ որ իշխանությունը փոխվեց, սեղանին դրված էր հետևյալ փաստաթուղթը․ մենք վերադարձնում ենք հինգը տարածքները, Արցախի անկախությունն առայժմ չի ճանաչվում, բայց Արցախը, Քելբաջարը, Լաչինը մնում են այն վիճակում, ինչ վիճակում որ հիմա էին։ Բացվում էին բոլոր ճանապարհները, բոլոր կոմունիկացիաները և ինչ-որ անորոշ տարիներից հետո քվեարկության միջոցով, հանրաքվեի միջոցով որոշվում է Արցախի ստատուսը․ կլինի՞ անկախ, թե՞ կարող է ուզի մտնել Ադրբեջանի մեջ, կամ չեմ իմանում ինչ․․․

Բոլոր դեպքերում դրանից հետո նոր սկսվում է Լաչինի, Քելբաջարի հարցի քննարկումը։ Այս լուծման մեջ մի կետ կա, որը մեզ բավարար չէ։ Մենք բանակցությունների, դեռ պատերազմի ժամանակ, երբ որ այդ տարածքները վերցնում էինք, վերցնում էինք մեր անվտանգության համար։ Նաև գիտեինք, որ հետագա քաղաքական առևտրի մեջ մենք այդ տարածքները կտանք անկախությունը ստանալու համար։

Այս ծրագրի մեջ մի բան էր պակասում՝ անկախությունը, բայց ստատուս քվոն մնում էր մինչև անկախությունը հանրաքվեով որոշվեր։ Այսինքն, բավականին նորմալ տարբերակ էր, մենք մաքսիմումն էինք ուզում։

Ես ձեզ ասեմ, որ անկախություն ճանաչելն Ալիևի համար մահացու է։ Եթե Ալիևը ճանաչեր անկախությունը, նույն օրը իշխանությունը կկորցներ Ադրբեջանում։ Հիմա նորմալ երկրի ղեկավարն ի՞նչ պիտի աներ այս դեպքում․ պետք է դիմեր ժողովրդին, պիտի ասեր՝ երկու տարբերակ ունենք՝ կամ մենք ստորագրում ենք այս տարբերակը, կամ պատրաստվում ենք պատերազմի։ Եկեք, որոշենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա քննադատեց Նիկոլ Փաշինյանին, որ նման կերպ վարվելու փոխարեն տապալեց ողջ բանակցային գործընթացը։ Ըստ Վազգեն Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանը մեկ ասաց, որ Արցախը մեր հետ կապ չունի, թող իրենք որոշեն ինչ անել․ Արցախը իրեն չի ընտրել, հետո էլ շատ վտանգավոր հայտարարություն արեց, որը Բաքուն «բռնեց» միանգամից։

«Նա հայտարարեց՝ Արցախը Հայաստանն է և վերջ։ Ամբողջ 30 տարվա մեջ, որ Արցախը ինքնորոշման հարց է լուծում, ինքը դարձրեց տարածքային հարց, դրա համար, երբ որ Ադրբեջանը հարձակվեց, ոչ մեկը մեզ չպաշտպանեց, որովհետև Ադրբեջանը պաշտպանում է իր տարածքը, ինչի մասին է խոսքը։ Ամբողջ այդ գործընթացը հեչ եղավ»։

Վազգեն Մանուկյանը նկարագրեց նաև, թե ինչ կատարվեց բանակի հետ։ Ըստ նրա, առաջին իսկ օրվանից վարկաբեկեցին բանակը, գեներալների նկատմամբ քրեական գործեր բացեցին։

Նա անդրադարձավ նաև զենքերին, ասաց, որ քառօրյա պատերազմի ժամանակ արդեն իսկ ակնհայտ էր ՝ինչ պատերազմ է սպասվում, այն դրոնների՝ անօդաչու թռչող սարքերի պատերազմ էր։

«Եվ դրա համար այն ցուցակի մեջ, որ մենք ներկայացրել էինք Ռուսաստանին․ մի հարյուր միլիոն դոլար զենք պետք է առնեինք, գրել էինք այն զենքերը, որոնք որ օգնում էին պայքարել դրա դեմ։ Դա հանվեց, դրա փոխարեն առան «Սու» ինքնաթիռներ՝ առանց զինամթերքի և ֆռռում էին Երևանի վրայով, պատերազմի ժամանակ էլ ոչ մի անգամ չօգտագործվեցին։

Այսինքն՝ բանակցային պրոցեսը տապալվեց։ Էդ դեպքում բանակը պիտի ուժեղացնես։ Չէ, բանակը թուլացավ, ինչ կատարվեց բանակում, միայն մի բան․ սկսեցին երեխաներին ելակ տալ։ Ելակը, որ տալիս են, ես էլ հաճույքով կուտեմ, բայց ելակո՞վ է ուժեղանում բանակը։

Եվ սկսեց հաջորդ հարցը՝ անընդհատ գրգռել Ռուսաստանին, մի կողմից քծնել Ռուսաստանին, մյուս կողմից գրգռել։ Ես հիշում եմ, տաքսի էի նստել մի օր, որ Պուտինը եկավ Հայաստան ու չդիմավորեցին դռան մոտ, տաքսու վարորդն ասեց, բայց մեր Նիկոլը ինչ լավ նվաստացրեց Պուտինի։ է հա, օգուտ ստացա՞վ Հայաստանը դրանից»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա անդրադարձավ նաև Չինաստանի հետ հարաբերություններին, ասաց, որ այնտեղ մի քանի տասնյակ միլիոն թուրքախոս ժողովուրդ է ապրում, և նրանք սարսափում են պանթուրքիստական գաղափարախոսությունից։ Ըստ Վազգեն Մանուկյանի, նրանք միշտ ասում էին՝ եթե մի բան լինի, ձեր կողքը կկանգնած ենք, սակայն ստորագրվեց մի այլանս՝ ուղղված Չինաստանի դեմ։ Այսպես կորցրեցինք Չինաստանին՝ որպես բարեկամի, Իրանը ևս այլևս բարեկամ չէ։

«Մի մարդ, որ էսպիսի բաներ է անում, ի՞նչ պիտի ենթադրես, առաջինը, որ նա հիմար է, իսկ հիմար մարդը երկիր ղեկավարել չի կարող։ Երկրորդ, որ ինքը պետական մտածողություն չունի, և երրորդ, որ ինքը դավաճան է։ Ընտրեք, որն ուզում եք, ոչ մի դեպքում այդ մարդուն չթողնել»,-ասաց բանախոսը։

Նա նաև ասաց՝ միանգամից երևում է, որ պատերազմի այդ թուղթը ստորագրելիս՝ Հայաստանի կողմից ստորագրողը ո՛չ հոգի է դրել, ո՛չ էլ փորձել է ինչ-որ մի բան անել։

«Էնքան հիմար բաներ կան այդտեղ Հայաստանի մասին գրած, որոնք կարելի էր կանխել։ Ադրբեջանը, չնայած հաղթում էր, բայց Ադրբեջանն ինքը գտնվում էր եզրի վրա, իր մոտ էլ մեծ պրոբլեմներ էին առաջանում՝ ռազմական, ներքին բնակչության հետ կապված, ազգային փոքրամասնությունների հետ կապված։ Լինում են այդպիսի մարդիկ, իրենց տան մի քառակուսի մետրը հարևանը վերցրեց, բահը ձեռքը կվերցնի, կգնա, գլուխը կջարդի։ Իսկ սա հազարավոր կիլոմետրեր է տալիս՝ առանց մի անգամ հակաճառվելու։ Բայց դավաճանությունը շարունակվեց, այդ պայմանագիրը կնքվեց, պայմանագիրը չէ, հայտարարությունը։ Հայտարարության առաջին կետում գրված էր, որ Քելբաջարը տալիս ենք, Լաչինը տալիս ենք, իսկ մյուս տեղերում զորքը կանգնում է այն տեղում, որտեղ որ կանգնած է։

Մենք Զանգելանում ու Կուբաթլիում տասնյակ կիլոմետր առաջ էինք, այսինքն՝ ոչ թե Սյունիքի սահմանի մասին էր խոսքը գնում, այլ խոսքը գնում էր հսկայական մի տարածք Ադրբեջանից, որը գտնվում էր մեր ձեռքում։ Նիկոլ Փաշինյանը հրամայեց, որ զորքը հետ նահանջի, զորքը հետ նահանջեց, և մենք հիմա ունենք պրոբլեմներ Սյունիքի սահմանների վրա։

Ինձ ասում են՝ կան մարդիկ, որոնք Նիկոլի կողմն են, ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված։ Այ մարդ, մի մարդ,որը երկու կես տարվա ընթացքում ոչ մի պետական որոշում ճիշտ չի ընդունել, մեր երեխաներին տարել, դրել է դանակի, սրի տակ, մեր տարածքները ջարդել է, Հայաստանը դարձել է երկրորդական պետություն», -ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ ներկա վարչապետը պիտի գնա, և դա քննարկման ենթակա չէ, բայց դա պիտի անել հնարավորինս սահմանադրական ճանապարհով։ Պետք է ստեղծել կառավարություն, որի պաշտոնավարման համար մեկ տարի են տալիս։ Այն երկիրը մի քիչ կարգի կբերի, հետո ժողովուրդը կորոշի, թե ինչ կառավարություն է ուզում։

Ըստ Վազգեն Մանուկյանի, նոր կառավարությունը չպիտի գա ու վերսկսի պատերազմ։

«Եթե մեկը նման բան անի, ուրեմն խելագար է։ Ներկա պայմաններում պատերազմ վերականգնելը խելագարություն է։ Առնվազն երկու- երեք տարի պետք է, որ բանակը մի քիչ ոտքի կանգնի, դրա համար ցանկացած պատերազմ հիմա մեզ համար անցանկալի է։ Էլ չեմ ասում, որ Հայաստանն ու Արցախը երբեք իրենց նախաձեռնությամբ պատերազմ չեն սկսել։ Դիմացինն է պատերազմ սկսել, մենք հաղթել ենք, բայց այս անգամ պարտվել ենք։ Մտքներից հանեք, որ պատերազմ լինի։ Մենք շատ կարող ենք հզորանալ, շատ բանի հասնել, բայց այս պահին մտածել պատերազմի մասին, անհեթեթություն է։

Մենք պետք է վերցնենք ու քննարկենք պայմանագիրը։ Պիտի պահանջենք, որ առաջին կետը կատարվի, այսինքն՝ Զանգելանի ու Կուբաթլուի մոտ, զորքերը որտեղ կանգնած էին, այնտեղ էլ կանգնեն, ոչ թե Սյունիքի դեմ կանգնեն։ Երկրորդը՝ 8-րդ կետն է՝ գերիների վերադարձ, գերիների վերադարձը պարտադիր պիտի կատարվի։ Տեսեք մեզ հետաքրքրում է առաջին կետը, գերիներ վերադարձը, Ադրբեջանին հետաքրքրում է մենակ մի բան, ավելի շուտ երկու բան։ Մեկը՝ Ղարաբաղի հարցն է, որ մտածում է կամաց-կամաց կմարսի, մեկ էլ՝ ճանապարհ, որ Նախիջևանը միանա Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ։ Մնացած բաների վրա ինքը թքած ունեն, իրեն պետք չէ։ Այդ պայմաններում, եթե վարչապետը գնում է բանակցելու գերիների մասին, հարցը դնում ես՝ մինչև գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում։ Դե՞մ են, դուռը շրխկացրու, դուրս արի։ Նիկոլը կարա՞ այդպիսի բան անի, վախեցած, պարտված, ստորացած»։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ Արցախի հարցը նորից պիտի մտցնել Մինսկի եռանախագահների քննությանը, նախ Արցախի ամբողջությունը պիտի ապահովել ու շարունակել բանակցությունները ստատուսի վերաբերյալ։

«Եռանախագահները դրանում շահագրգռված են, Ադրբեջանը շահագրգռված չէ, ուրեմն մեզ սպասում է մեծ քաղաքական պայքար է, ոչ թե ռազմական»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ առանց Ռուսաստանի հիմա խաղաղություն ապահովել հնարավոր չէ և տարիների ընթացքում մեր ու Ռուսաստանի համընդհանուր շահերը համընկնելու են․ Թուրքիան անընդհատ լկտիանալու է, Ադրբեջանը՝ նույնպես։

«Այս տարածաշրջանում մեծ փոփոխություններ են լինելու, շատ ցավում եմ, որ այդ փոփոխությունների ժամանակ, երբ որ մենք կարող էինք մեծ օգուտներ ստանալ, այսպիսի փալաս վիճակում ենք գտնվում։

Ռուսաստանին էլ է ձեռնտու հիմա, որ մենք կանգնենք ոտքի, բայց ոչ Նիկոլի միջոցով։ Ես որ նայում էի՝ ամիս 11-ին ոնց էի իր վրա նայում, սարսռում էի ուղղակի․ ինչ արհամարհանք կար բոլորի հայացքում, երբ նայում էին Նիկոլ Փաշինյանին»։

Նա անդրադարձ կատարեց նաև երիտասարդներին, որոնք կրթվել են արտասահմանյան ֆոնդերով։ Ըստ նրա, ստացվել է այնպես, որ Հայաստանում կա երիտասարդների մի շերտ, որը գնաց պատերազմում զոհվելու ու կան նաև այնպիսի շերտ, որի համար հայրենիք բառը ոչ մի նշանակություն չունի։ Ըստ Վազգեն Մանուկյանի, պիտի ընդունել օրենքներ ու ոչ բոլոր կազմակերպություններին իրավունք տալ ֆինանսավորելու։

«Մենք պիտի կարողանանք վերահսկել ֆեյսբուքը, ոչ թե ազատությունը ֆեյսբուքի, այլ ֆեյքերը։ Պիտի իմանանք, որ ֆեյսբուքով հնարավոր չլինի մեր երկրում խժդժություններ», ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա անդրադարձ կատարեց նաև ԱԱԾ-ին ՝ասելով, որ լուրջ գործերով զբաղվելու, երկրի անվտանգությունն ապահովելու փոխարեն, այս կառույցը զբաղված է քաղաքական հետապնդումներով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031