Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը անտեսում է հայկական կողմի կարիքները․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Հունվար 15,2021 22:07

Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները և խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն իր խորը մտահոգությունն է հայտնում եռակողմ հանդիպման արդյունքի վերաբերյալ, որը 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթի 8-րդ կետի, այն է՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի խնդրի ուղղությամբ որևէ առաջընթաց չգրանցեց: Չնայած սրան՝ հայկական կողմը համաձայնեց իրականացնել նույն փաստաթղթի 9-րդ կետը: Այս ամենն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր, որ ռազմագերիների հարցը առաջնային է Հայաստանի կառավարության համար, և որ առանց այդ հարցում էական առաջընթացի չափազանց դժվար կլինի քննարկել ցանկացած տնտեսական օրակարգ:

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը ստորագրեց մի հայտարարություն, որով նախատեսվում է Հայաստանի տարածքով Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան նոր տրանսպորտային կապ ստեղծել՝ այդպիսով դռներ բացելով Էրդողանի օսմանյան պանթուրքական օրակարգի իրականացման համար: Դրա «դիմաց» Հայաստանը, որն արդեն Վրաստանի տարածքով կապուղի ունի Ռուսաստանի հետ, և ուղիղ, բաց սահման՝ Իրանի հետ, Ադրբեջանի տարածքով ստանում է պարտադրված առևտրային ճանապարհ դեպի այս երկու երկրներ՝ երկաթուղային կապով:

Հաշվի առնելով Ադրբեջանում պետության կողմից հովանավորվող հայատյացությունը, որը թիրախավորում է նույնիսկ երեխաների, ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ ընդամենը երկու ամիս առաջ կատարած դաժան ռազմական հանցագործությունները, այսօր էլ շարունակվող հայ ռազմագերիների խոշտանգումները և կտտանքները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների թշնամական հռետորաբանությունը, այս փուլում առևտրային ուղիների պարտադրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում Հայաստանի ավելի լայն անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից:

Հայաստանը, թերևս, հակամարտության միակ կողմն է, որը ոչ միայն կատարել, այլև գերակատարել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթով ամրագրված իր պարտավորությունները: Այսպիսով՝

վերոհիշյալ փաստաթղթի առաջին պարբերությունում նշվում է, որ կողմերը «պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում»: Սակայն, Արցախի մի քանի հայկական գյուղեր փոխանցվեցին Ադրբեջանին՝ չնայած նրան, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չէր հաջողվել դրանց նկատմամբ վերահսկողություն հաստատել:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց հապճեպ և խիստ վտանգավոր սահմանազատման գործընթաց՝ վտանգելով առանցքային ենթակառուցվածքները (օրինակ ՝ Կապան քաղաքի օդանավակայանը): Այն նաև հանգեցրեց հայ գյուղացինի անշարժ գույքի զգալի կորստի և անվտանգության լուրջ խնդիրներ ստեղծեց ՀՀ սահմանամերձ մի շարք բնակավայրերի համար:

Փաստորեն Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր միակ պարտավորությունը, այն է՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Փոխարենը Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են մարդասիրական այս խնդիրը նորանոր օգուտներ կորզելու նպատակով և շարունակում ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին և նրանց հարազատներին: Ադրբեջանական աղբյուրների կողմից հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում նվաստացնում են հայ ռազմագերիներին, այդ թվում անօգնական մեծահասակների: Հրապարակվել են նաև հայկական մշակութային կոթողների պղծումը փաստող մի քանի տեսանյութեր:

Մեկնաբանելով հունվարի 11-ի հայտարարությունը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ցավոք այս հայտարարությունը ստորագրելով՝ հայկական կողմը կրկին չկարողացավ բավարարել անվտանգության իր առանցքային կարիքները և հասնել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կարևոր պահանջի իրացման, այն է՝ գերիների վերադարձին: Փաստորեն հայկական կողմը նոր փաստաթուղթ ստորագրեց՝ չնայած նրան, որ չհասավ իր միակ հրատապ և կարևորագույն պահանջի իրագործմանը: Հաշվի առնելով ընթացիկ հանգամանքները, անվտանգային չլուծված խնդիրները, Ադրբեջանում հայատյացությունը և էրդողանական Թուրքիայի պանթուրքական հավակնությունները՝ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունը անվտանգային լուրջ մտահոգություններ է առաջացնում Հայաստանի հարավի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ պետության ինքնիշխանության համար»:

Հայ ռազմագերիների վերադարձի առնչությամբ Կարապետեանը նշեց. «Մենք Ռուսաստանից ակնկալում էինք, որ նա կկատարեր արդար միջնորդի իր դերը և ավելի մեծ ճնշում կգործադրեր Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս էլ կատարեր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր պարտավորությունը: Ցավալի է, որ այս հարցում շոշափելի արդյունքներ չգրանցվեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները, ինչպես նաև Եվրամիությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես պարտավոր են միջամտել՝ վերջ դնելու համար ադրբեջանական իշխանությունների կողմից հայ պատանդների կտտանքներին և խոշտանգումներին և երաշխավորելու նրանց վերադարձը»:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Բրյուսել, 15 հունվար 2020թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031