Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, ասել եմ բոմժեր են, ինչ որ ասել եմ` ասել եմ»․ զայրացած Վազգեն Մանուկյանն ու իմ քայլական պատգամավորների ամոթանքը

Հունվար 15,2021 21:12

Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների այցը Գյումրի սկսվեց միջադեպով։ Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածում մի խումբ քաղաքացիներ փակել էին ճանապարհը՝ չթույլատրելով նրանց մուտք գործել հանրապետության երկրորդ քաղաք։ Ինչպես երևում է համացանցում հայտնված տեսանյութից, քաղաքացիները բղավում էին՝ «Դաշնակցականներ, դավաճաններ», «Վազգեն դավաճան», «Նիկոլ վարչապետ»։ Նրանք պահանջում էին, որ Իշխան Սաղաթելյանը դուրս գա մեքենայից։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, մտնելով Գյումրու «Արագած» մարզամշակութային դահլիճ ու լրագրողների խնդրանքով մեկնաբանելով միջադեպն, ասաց․ «Ճանապարհները փակ էին, մեր մեքենաներն այնտեղ էին, բայց ես անցա։ «Իմ քայլ»-ը իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էին բաժանված»։

Իր ելույթը սկսելիս էլ նա անդրադարձավ կատարված միջադեպին՝ ասելով․«Ես, այնուամենայնիվ, լավ կարծիքի եմ․ կարծում եմ՝ իրենց ներքին համոզմունքը չէ, այլ փող են բաժանել»։

Հանդիպման վերջում ևս Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր ասածը․ «Ասել եմ՝ բոմժեր են, ինչ որ ասել եմ՝ ասել եմ»։

Նշենք, որ Վազգեն Մանուկյանի այս բնութագրմանն անմիջապես անդրադարձան Շիրակի մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորներ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը։

Նազելի Բաղդասարյանը իր ՖԲ էջում գրել էր․ «Քաղաքական որոշ շրջանակների շահերը սպասարկող և իրեն առաջնորդ հռչակած Վազգեն Մանուկյանն այսօր Գյումրի այցելության ժամանակ հանդգնել է գյումրեցիներին անվանել «բոմժեր»։

Ցավոք սրտի, նմանօրինակ գործիչների կենսագրությունն ու բառամթերքը տասնամյակներով չի փոխվում։ Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը, որից հետո նա այլևս չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք։

Գյումրիից ու գյումրեցիներից հեռու մնացեք։ Մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով»։

Կարեն Սարուխանյանն էլ գրել էր․«Երբ իրեն « փրկիչ » հռչակած, կոռուպցիոն բազմապիսի շղթաներով ամրացածների վարչապետի թեկնածուն վախից և ներշնչանքից արդեն իսկ անվտանգության աշխատակիցներ է իր կողքով քայլեցնում, երբ Գյումրու մոտ հավաքված քաղաքացիներին համարձակվում է վիրավորել` նեղվելով, որ քաղաքացիները նրա ներշնչանքի արդյունքում առաջացած անխափան ճանապարհն էին փակել, ապա ես ինձ թույլ կտամ հավաքված և բողոքի խոսք ասող քաղաքացիների անունից շատ մեղմ, բայց երկու բառ ասել ինքնահռչակին. ամոթ քեզ

Իսկ Շիրակն ու Գյումրին միշտ կմնա իր բարձունքում

Թավի ՞շ …

Չի ՜ Լինելու»։

Նշենք, որ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպմանը դահլիճը լեփ-լեցուն էր․ ներկա էին նաև Շիրակի նախկին բոլոր դաշնակցական մարզպետները, Ազգային Ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ Հանրապետական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը պնդում էր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ պիտի պատասխանատվության ենթարկվեն նաև նախարարները։ Նա, մասնավորապես մատնանշում էր առողջապահության նախարարին։

Հանդիպումը տևեց մոտ մեկ ու կես ժամ, քննարկվեցին տարբեր հարցեր՝ գերիների, ճանապարհների ապաշրջափակման, Վազգեն Մանուկյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» ծրագիրը։

Հանդիպումն, ընդհանուր առմամբ անցավ հանգիստ մթնոլորտում, թեև դահլիճում նստած մի կնոջ հետ թեթևակի միջադեպ գրանցվեց։ Կինը տեղից բացականչում էր, որ ոչ մեկին չի հետաքրքրում հաշմանդամ դարձած անձանց հարցը։ Նա նախատինք էր տալիս, որ եկել են աթոռակռիվ մղելու։

Մանրամասները՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Posted by Miqayel Sahakyan on 2021 թ. հունվարի 15, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031