Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ հունվարի 15-ի նիստում ամփոփեց հանրային մուլտիպլեքսում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները։ Մրցույթն անցացվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պայմաններում։
Օրենքի նախագծի համահեղինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, «Ա1+»-ի հետ զրուցում անդրադառնալով մրցույթի արդյունքներին նշեց, որ արդյունքներն այնպիսին են, ինչպիսին պիտի լինեին․
«Եթե ՀՌՀ-ն աշխատել է գրագետ, իսկ ես գրեթե վստահ եմ, որ աշխատել է գրագետ, այդ արդյունքները ամփոփում են իրականությունը»։
Թևոսյանը շեշտեց՝ մրցույթի չափորոշիչների մեջ նոր օրենքի շրջանակներում ավելացվել է երկու փաստաթղթային կոմպոնենտ․ «Մեկը ինքնակարգավորման մարմնի կանոնագիրն է, որը պիտի ներկայացնեին, և այդ էթիկայի նորմերի խախտման վերացման համար կիրառվող մեխանիզմների նկարագրությունը։ Այս երկու փաստաթղթերը դարձել են լիցենզիոն պայմաններ և հանրային վերահսկողության հնարավորություն են ստեղծում»։
Կարդացեք նաև
Թևոսյանը ընդգծեց՝ օրենքը միտված է մաքրելու ալիքների բովանդակությունը և բերել հավասարակշռության այն առումով, որ հեռուստաալիքներում լինեն կոշտ քննադատություններ, բայց բացակայեն սուտը, վիրավորանքը, մարդու իրավունքների խախտումները․ «Օրենքն այս առումով նոր պիտի սկսի գործել, օրենքի ազդեցությունը այդ ալիքների մաքրության վրա սկսվում է այսօրվանից։ Օրենքն իր առաջ խնդիր չէր դրել, որ մրցույթն անցնի այնպես, որ հանրային դժգոհություն առաջացնող ալիքները չստանան եթեր, այլ խնդիր է դրել, որ ստանալուց հետո հանրությունը կարողանա վերահսկողություն իրականացնել և ինքը որոշի ալիքները մնան, թե ոչ, ինչպես գործեն»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: