Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես միշտ, հիմա էլ պատրաստ է աջակցել մեր հավաքականներին եւ առաջատար մարզաձեւերին». Հրաչյա Ռոստոմյան

Հունվար 15,2021 17:06

Դեկտեմբերի վերջին մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվել էր, թե 2021 թվականի օլիմպիական տարում սպորտի պետական կառույցը ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի եւ օլիմպիական խաղերին ավելի լավ նախապատրաստվելու նպատակով ի՞նչ համագործակցություն կա ՀԱՕԿ-ի հետ: Ի պատասխան, նախարարն արձանագրել էր, թե եթե օլիմպիական տարի է, բառն արդեն ուղղորդում է, թե որտեղ պիտի այդ գործունեությունը եռա: Ուրեմն, սպասում են օլիմպիական կոմիտեի ակտիվ գործողություններին: Իսկ դիտարկմանը, թե  ժամանակ չի մնում, նախարարը պատասխանել էր. «Ո՞վ է ասում ժամանակ չի մնում: Մի անհանգստացեք, ժամանակը բավարար է, ծրագիրը կկազմվի: Աստված տա՝ ազգի այսօրվա ամբողջ պրոբլեմը դա լինի: Ինչի՞ մասին եք հիմա դուք խոսում: Մեր վիճակը՝ ձեր շտապողականությունը: Չի կարելի կտրվել մեր իրականությունից: Կհասցնենք, մի անհանգստացեք… Աստված կտա, մի կասկածեք»:

Այսօր Aravot.am-ը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե օլիմպիական խաղերի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել եւ սպորտի պետական կառույցի հետ համատեղ աշխատանք իրականացվո՞ւմ է: «ԿԳՄՍ-ում սպորտի գծով փոխնախարար բերել են Կարեն Գիլոյանին, մարդ,  որը տիրապետում է ոլորտին, գիտի խնդիրները, մարդ, որը նաեւ լսել գիտի: Բայց հիմա  այնպիսի վիճակում ենք, որ մտածում եմ՝ արժե՞ ասել, որ երկուսս էլ սպորտում ենք երկար տարիներ, մտերմություն ունենք եւ արդեն սկսել ենք համագործակցել ու ծրագրեր ենք նայում: Մտածում եմ, հանկարծ դրա համար գործից չհանե՞ն: Իսկ եթե լուրջ, Ես եւ Գիլոյանը ինչ էլ անենք, սպորտային առումով արդեն ուշացել ենք: Մտքից հանեք, թե մարզիկները կարող են հավաքներում երբեմնի լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Իսկ մարտ-ապրիլին, եթե գործ չարվի, մոռացեք մեդալների մասին: Սակայն, չնայած սրան, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ինչպես միշտ, հիմա էլ պատրաստ է աջակցել մեր առաջատար մարզաձեւերին՝ Տոկիոյում հնարավոր առավելագույն հաջող մասնակցություն ունենալու համար»,-պատասխանեց Հրաչյա Ռոստոմյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031