«Սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների խախտումներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը գնացել էր Սյունիքի մարզ ու մի շարք խախտումներ արձանագրել:
Նա ասաց. «Չի կարող այսքան արագ այդ գործընթացն ընթանալ: Կան միջազգային կոնկրետ պահանջներ: Ճիշտ է, մենք այստեղ չունենք դելիմիտացիոն, դեմարկացիոն գործընթաց, որպես այդպիսին՝ միջազգային դասական իմաստով, դա նաեւ հայտարարել է մեր ԱԳՆ-ն, բայց մեզ անհրաժեշտ են հանձնաժողովներ, մասնագիտական հետազոտություններ, տեղում աշխատելու համար իրավական պատշաճ հիմքեր: Մենք չենք կարող մեխանիկական մոտեցումներով դնել մեր սահմանները որոշել: Սա ուղիղ առնչվում է մարդու իրավունքների հետ: Մեր սահմանային բնակավայրերի բնակիչների՝ թե՛ Սյունիքի մարզում, թե՛ Գեղարքունիքի, կոնկրետ առնչություն ունի: Խոսքը վերաբերում է կյանքի իրավունքին, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության, սեփականության եւ մյուս իրավունքներին, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ»:
Ըստ Թաթոյանի, պետք է նախապես հաշվարկներ արվեին՝ հասկանալու համար, թե մեր քաղաքացիներից քանի հոգի է տուժելու, քանիսը հնարավորություն չեն ունենալու իրենց բնակարաններն օգտագործել, հողատարածքները մշակել. «Պետք է գույքագրում անեինք: Մենք այնտեղ ի վերջո նաեւ գործարարությամբ զբաղվողներ ունենք, բա իրենց իրավունքի՞ հարցերը: Այդ հանձնաժողովները պետք է դա հավաքագրեին, նախապես վերլուծեին եւ հետո նոր դրանք օգտագործեն ինչ-որ քաղաքական բանակցություններում: Մենք պետք է այդ բազան ունենանք»:
Արման Թաթոյանը մատնացույց արեց ատելության այն մթնոլորտը, որը կա Ադրբեջանում՝ մեր «երեխաների արյունը խմել, մորթել» եւ այլն: Եվ այդ մթնոլորտում, ըստ նրա մարդը, որն ապրում է Սյունիքի մարզում, Գեղարքունիքում, անզեն աչքով իր տան առաջ տեսնում է այն զինվորներին, որոնք մի քանի օր առաջ խոշտանգում էին իր հայրենակիցներին, խախտվելու են իր իրավունքները. «Մարդը կադաստրի վկայական ունի իրեն տրված, ամբողջ հողատարածքն իրենն է, մարդը գույքահարկ է վճարել եւ այլն, մեկ էլ ասում ենք՝ գիտես ինչ կա, այդ հողատարածքը կամ կիսով չափ, կամ ամբողջությամբ քոնը չի: Բա այդ մարդու տեսանկյունից նայեք, սովորական մարդ է, ապրում է գյուղում, իր կադաստրի վկայականը ձեռքը՝ չի կարողանում այլեւս իր տուն մտնել, իր հողից օգտվել: Բա նման դեպքերը մարդու իրավունքների խախտում չի՞, բա ի՞նչ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ