Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ջրբաշյան․ Ադրբեջանի համար երկաթգծի կառուցումը պայմանավորված է վերականգնողական աշխատանքների կազմակերպման տեսանկյունով

Հունվար 15,2021 16:54

Խաղի կանոնների փոփոխությունը տրանսպորտային ուղիների հետ կապված հանդիսանում է արտաքին շոկ տնտեսության համար։ Իսկ այս դեպքում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը արտաքին շոկ կհանդիսանա Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի տնտեսությունների համար։ Այս մասին «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։

Նա նշեց, որ 2005 թվականին մոդելավորել են Հայաստանի տնտեսությունը և փորձել են հասկանալ, թե Թուրքիայի հետ սահմանները բացելու դեպքում արտաքին շոկն ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա․ «Այն ժամանակ ստացվում էր, որ հիմնական ազդեցությունը մեր տնտեսության վրա լինելու է տրանսպորտային ծախսերի նվազումը, ոչ միայն օգտագործելով այդ ճանապարհը, այլ նաև ազդելով վրացական ճանապարհով փոխադրումների դեպքում այն պրեմիայի նվազման վրա, որն այսօր ստանում է Վրաստանը՝ օգտագործելով իր մենաշնորհային դիրքը։ Համապատասխանաբար՝ այ այդ փոփոխությունն էր մեծ ազդեցություն ունենալու մեր տնտեսության վրա»։

Տիգրան Ջրբաժյանը հավելեց, որ 2013-2014 թվականներին «International Alert» կազմակերպությունը հետազոտություններ է կատարել ապաշրջափակման վերաբերյալ, որտեղ կան հստակ գնահատականներ․ «Երբ նայում ես Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու ճանապարհի տնտեսական գնահատականին, այդ ժամանակ գնահատականը շատ ավելի համեստ էր։ Այնտեղ հիմնականում ծախսերի բաշխումն է տրված, հիմնական ծախսը Ադրբեջանի տարածքի հետ է կապված։ Այն պահին, երբ Բաքու-Հորադիզ գիծը վերականգնված չէր, այսօր արդեն վերականգնված է, բայց այնտեղ բավականին մեծ տարածք կա Հորադիզից դեպի Մեղրի։ Մեծ մասը այդ գումարի, որը գնահատվում էր 433 միլիոն դոլար, այդ տարածքի համար է, երկրորդ տեղում հայկական մասն է, որը բաղկացած է երկու խնդրից՝ մեկը Մեղրիի բլոկն է, մյուսը Գյումրիի Մասիս-Երասխ ուղղությունն է, որը պետք է վերականգնվի, երրորդ խումբը արդեն թուրքական մասն է, որի արժեքը շատ ավելի քիչ է»։

Նա շեշտեց, որ Ադրբեջանի համար Հորադիզ-Հայաստանի սահմանում երկաթգծի կառուցումը նախապայման է և պայմանավորված է Կուբաթլու, Զանգելան և Ջաբրայիլ տարածքներում վերականգնողական աշխատանքների կազմակերպման տեսանկյունից։ Իսկ Հայաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի հետ սահմանը․ «Իմ կարծիքով՝ թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունը և թե՛ պրոֆեսիոնալ հանրությունը այսպիսի քննարկմանը, որը լինի հիմնավորված թվերով, մոդելավորված, դեռ պատրաստ չէ։ Եվ սա դեռ այն աշխատանքն է, որ պետք է անենք։ Բայց ցավոք սրտի, ինչքան տեսնում եմ, մենք այդ ժամանակը չունենք, և համապատասխանաբար այդ որոշումները ճանապարհների, պայմանների մասին ավելի շուտ պետք է կայացնել, քան թե մենք ժամանակին պետք է նախապատրաստված լինենք»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031