ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իր արտահերթ զեկույցի մասին՝ ասելով, որ այն, ինչ հրապարակել է, ընդամենը մի մասն էր. «Ադրբեջանում հայատյացության քարոզը ոչ միայն չի նվազում, կազմակերպված ինստիտուտների քարոզ է, այլ ավելին՝ նոր զարգացումներ է ստանում, գեներացվում է իրենց բարձրագույն իշխանության մարմիների կողմից, խրախուսվում է մշակութային գործիչներով ու արժանանում խրախուսանքի հասարակությունում: Այն պատերազմական հանցագործությունները, որ կատարում են Ադրբեջանի զինված ուժերը, մեր ուսումնասիրությունները վկայում են, որ նրանք օգտագործում են անգամ այն բառերը, ինչ Ադրբեջանի քաղաքական իշխանության բարձրագույն մարմինները: Այդ ընթացքում, նաեւ պատերազմից հետո նոր զարգացումներ են բերել, օրինակ, դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ թե՛ Ադրբեջանի նախագահի, թե՛ Թուրքիայի նախագահի ելույթները, որոնք նաեւ բացահայտ ցեղասպանության սպառնալիքներով էին, հետագայում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների ներկայությամբ Ադրբեջանի նախագահի ելույթը, դրանից հետո՝ 2021-ինը»:
Ըստ օմբուդսմենի, պետք է ամեն ինչ անեն, որ այս ամենը միջազգային կառույցներին լինի հասանելի:
Խոսելով ռազմագերիների խնդրի մասին՝ Թաթոյանն ասաց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հետ կապված հարցը: Ամեն ինչ անում են, փորձում են հեռու պահել իրավական ատյանները այս հարցից: Նույնը կարող է վերաբերել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, դրանով քաղաքականացնել: Մենք սա չպետք է թույլ տանք, որովհետեւ քաղաքականության հետ սա կապ չունի: Իրենք հղում են անում եռակողմ համաձայնության վրա, ասում են՝ Հայաստանը խախտել է եւ այլ ինչ-որ բաներ՝ գերիների հարցը նաեւ օգտագործելով: Այստեղ ակնհայտ է, որ այդ հարցը ոչ մի քաղաքական նշանակություն չունի, չի էլ կարող ունենալ: Շատ վատ է, որ չկա եռակողմ համաձայնության մեջ, բայց եթե չլիներ անգամ, ինչ է, դա կարող էր նշանակել, որ իրենք կարող են չապահովե՞լ գերիների վերադարձը: Մենք չպետք է թույլ տանք, որ իրենք դա անգամ կապեն այդ հայտարարության որեւէ կետի հետ, որովհետեւ սա մարդու իրավունքների պաշտպանության պրոցես է: Ինչի՞ մասին է խոսքը, պետք է ապահովեն եւ վերջ, սա մարդու իրավունքների հարց է: Մեր ռազմագերիների նկատմամբ հարուցում են քրգործեր եւ այլն, սա նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Նրանք իրավունք չունեն դա անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ