Aravot.am-ի հարցին, թե հետաձգվելուց հետո օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է ընդամենը մի քանի ամիս, ՀԱՕԿ-ը ի՞նչ է անում քառամյա ցիկլի գլխավոր ստուգատեսին նախապատրաստվելու ուղղությամբ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Հույս ունենք, որ 32-րդ ամառային օլիմպիական խաղերն, այնուամենայնիվ, 2021 թվականին կկայանան, չնայած ազդակները հիմա լրիվ հակառակ ուղղությամբ են գալիս: Կորոնավիրուսի նոր շտամի մուտացիայով պայմանավորված՝ ամենուրեք կրկին լոքդաուն է հայտարարվում:
Խնդիր տեսնում ենք, որովհետեւ դեռեւս անցած տարվա վարկանիշային մրցաշարերը չեն կայացել եւ դեռ պետք է տեղի ունենան: Անկեղծ ասած, ես որեւէ վստահություն չունեմ, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես պլանավորել են: Սակայն մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այս պահին ինչպիսի գրաֆիկ կա, դրանով էլ առաջնորդվում ենք: Բոլոր մարզաձեւերի հետ համագործակցելով՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով»:
Մեր խնդրանքով պարոն Ռոստոմյանը մանրամասնեց կատարված եւ կատարվող աշխատանքների ընթացքը: «Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը երկու հիմնական բաժնից է բաղկացած՝ տեխնիկական եւ մարզական: Տեխնիկական մասով մեր աշխատանքները նորմալ հունի մեջ են: Մարզական մասով կարելի է երկար խոսել, քանի որ բավականին խնդիրներ առկա են: Նախ, գրեթե մեկ տարի բաց է թողնվել, քանի որ այն երկար անունով նախարարությունը (նկատի ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը. Ա. Հ.) բառիս բուն իմաստով քանդեց սպորտը: Իմ խորին համոզմամբ, եւ վստահ եմ, որ ճիշտ եմ, սպորտը անընդհատությունը պահպանելն է: Այսինքն, այդ վերջին մեկ տարում կարելի էր խելացի գտնվել: Նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, որը համարում էր, թե բոլորից խելացին է, ինքս մի քանի անգամ գործնական խորհուրդ եմ տվել: Ասել եմ՝ պետությունն ունի Ծաղկաձորի հիանալի մարզաբազա, Երեւանում՝ մարզական քոլեջ: Պանդեմիայի ժամանակ դրանք վերածիր կարանտինի գոտու, սարքիր մարզական փակ գոտի, բոլոր մարզաձեւերի մարզիկներին թեստավորում արա եւ տար այնտեղ: Թող ռոտացիոն կարգով ուսումնամարզական հավաքներ անցկացնեն: Ծաղկաձորյան բարձրադիր գոտում հավաքի ավարտին, այդ մարզիկները թող իջնեն քոլեջ, այնտեղինները՝ բարձրանան Ծաղկաձոր ու այդպես միմյանց փոխարինելով մարզվեն, մարզավիճակ ձեռք բերեն: Ընդ որում, առաջարկս վերաբերում էր թե պատանիներին ու երիտասարդներին, թե մեծահասակներին: Ականջալուր չեղան, որովհետեւ տառապում են «ամենագիտության» ախտանշանով ու խորհուրդների կարիք չեն զգում:
Անգործության պտուղները շուտով քաղելու ենք: Պատանեկան ու երիտասարդական սպորտը մեկ տարի է՝ չկա, հավաք չի արվել, մրցում չի անցկացվել: Տա Աստված, Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունենանք: Բայց եթե նկատել եք, վերջին շրջանում ամեն ինչ թողել ենք Աստծո հույսին: Աստված հայի կողմից է, բայց մեդալ չի տալու: Պետք էր գործ անել, սակայն ընդհանրապես ոչինչ չի արվել: Կրկնում եմ, սրա արդյունքը մի քանի տարուց կզգանք, երբ պատանեկան եւ երիտասարդական հավաքականները չեն կարողանա սնուցել ազգային հավաքականները, որովհետեւ կտրվել է անընդհատության գործընթացը:
Կարդացեք նաև
Ավելին ասեմ, մեկ տարի մանկապատանեկան մարզադպրոցները չեն աշխատել: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում: Կորսվածը ինչ-որ չափով վերականգնելու համար երեք-չորս տարի է հարկավոր լինելու: Այսինքն, մեկ օլիմպիական ցիկլ՝ 2024 թվականի օլիմպիական խաղերինը, կորսվել է եւ միանշանակ կարելի ասել՝ խնդիր է: Լավագույն դեպքում, կրկին Աստծո կամոք, մենք կկարողանանք շատ թե քիչ նորմալ թիմով մասնակցել 2028 թվականի օլիմպիական խաղերին:
Հայ ազգը միշտ էլ հրաշամանուկներ ծնել է: Բայց եթե մարզադպրոցները չեն գործում, այդ հրաշամանուկները որտե՞ղ են աճելու:
Ինձ գիտե՞ք ինչն է զայրացնում: Այն, որ այսօրվա ղեկավարները սպորտից բան չեն հասկանում եւ ոլորտին վերաբերվում են սիրողական մակարդակով: Ու այս որակի մարդը դարձել է երկար անունով նախարարության ղեկավար: Եվ իրենց թվում է, թե մեկ տարի հետո կհավաքվեն, Պողոսը իր ծանրաձողը կբարձրացնի, Պետրոսը իր հարվածները կկատարի, Մարտիրոսն էլ՝ իր ցատկերը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ