Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել». Նախկին ոստիկանապետը հերքում է, որ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի համար են իրեն պաշտոնանկ արել

Հունվար 15,2021 16:20

Մի քանի օր առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվեց ՊՆ փոխնախարար:

Մամուլում նրա պաշտոնանկությունը կապվեց Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ, քանի որ կորոնավիրուսի ու սահմանափակումների պարագայում նա իր առանձնատանը հարսանիք էր կազմակերպել, երբ հանրությանը արգելում էին 10 հոգուց ավելի հավաքվել:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արման Սարգսյանը պարզաբանեց. «Ես շուրջ 25 տարի ծառայել եմ ՀՀ ոստիկանությունում եւ իմ նախկին տված հարցազրույցներից մեկում եւս պնդել եմ՝ ինչ կարգավիճակում էլ լինի, անգամ առանց աշխատանքի ես նորից կծառայեմ երկրին: Ինձ համար որպես սկզբունք դրված չէր, որ եթե ես եղել եմ ոստիկանապետ, հետեւապես չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք: Միգուցե շատերի համար դա այլ կերպ ընկալվի, բայց ես դրանում որեւէ խնդիր չեմ տեսնում: Առավել եւս այս փուլում՝ հետպատերազմյան շրջանում ինձ համար մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն»:

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկությանը՝ նա ասաց. «Իմ աշխատանքի գնահատականը տվել է ՀՀ վարչապետը: Պարզաբանումների կարիք չկա: Միգուցե իրադարձությունների համընկնում էր: Հարսանիքը՝ ոչ, պատճառ չէր, պարզ ասեմ: Ինձ համար սպասելի է եղել յուրաքանչյուր կարգավիճակով ծառայել հայրենիքին: Վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունում իմ ծառայության ընթացքում մամուլը ոչ միշտ է օբյեկտիվ ներկայացրել տեղեկատվությունը, սա՝ մեղմ եմ ասում: Եղել են հրապարակումներ, որոնց մեջ իսպառ բացակայում էին իրականության հիմքերը: Ես մեծ ներդրում եմ ունեցել այդ ժամանակահատվածում ոստիկանության ծառայության կազմման առումով ու հույս ունեմ, որ ՊՆ-ում կարողանալու եմ ու անելու եմ ամեն ինչ, գիշերուզօր աշխատելու եմ, որպեսզի օգուտ բերեմ պետությանը»:

Հարցրեցինք՝ բա ձեզ ինչո՞ւ գործից հանեցին, ասել էին՝ ծաղկավոր «բանտիկ» կապեք, չկապեցի՞ք, կամ ասֆալտին փռեք՝ չփռեցի՞ք, ինչի՞ համար՝ Սարգսյանը հարցին հարցով պատասխանեց, թե իր օրոք նման հրահանգ եղե՞լ է. «Ես միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել, միգուցե…ենթադրում եմ՝ կորոնավիրուսի հետ կապված: Ես չասեմ վարչապետը դժգոհ էր, համարեմ իմ տված պատասխանը բավարարող: Ոստիկանությունը ամեն ինչ արել է, որ համաճարակի հետ կապված խնդիրները լուծվեն, ոստիկանությունը վարչարարությունը իրականացնի լավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031