Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց՝ հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ն (1in.am) և Հանրային հեռուստաընկերությունը ետ են կանչել իրենց հայտը:
Aravot.am-ը ՀՌՀ ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ն (1in.am) հանձնաժողովին որևէ պատճառաբանություն ներկայացրե՞լ է հայտը հետ վերցնելու հետ կապված, նա պարզաբանեց. «Դա «Սկիզբ մեդիայի» որոշումն է եղել, և հանձնաժողովը որևէ այլ պարզաբանում չի ստացել` բացի այն, որ հայտը հետ վերցնելու դիմում է ներկայացրել»:
Կարդացեք նաև
Նշենք, որ մրցույթի արդյունքներով՝ 1-ին տեղում է «Արմենիա TV» ՓԲԸ-ն է՝ 713 միավորով, 2-րդում՝ «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) 688 միավոր, 3-րդում՝ «Շանթ» ՍՊԸ-ն՝ 680 միավոր, 4-րդում ATV ՍՊԸ-ն՝ 670 միավոր, 5-րդում «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ-ն (Կենտրոն հեռուստաընկերություն) 663 միավորով, 6-րդում՝ «Շարկ» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) 657 միավորով, 7-րդում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն 626 միավորով, 8-րդ տեղում «Արմնյուզ» ՓԲԸ –ն՝ 613 միավոր, 9-րդ տեղում՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+)՝ 545 միավոր, 10-րդ տեղում Freenews ՍՊԸ-ն՝ 531 միավոր:
Այսինքն՝ մրցույթից դուրս են մնում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն, «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) և Freenews ՍՊԸ-ն, քանի որ հանրապետական սլոթերի թիվը 5-ն է, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն, «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) մայրաքաղաքային սլոթի համար չեն էլ դիմել:
Մեր այն դիտարկմանը՝ սոցիալական ցանցերում տարբեր նախաձեռնություններ, արշավներ կային, թե լավ կլինի, որ լիցենզիա չտրամադրվի այն հեռուստաընկերություններին, որոնք քննադատում են իշխանություններին, օրինակ՝ 5-րդ ալիքին, «Արմնյուզ»-ին: Մինչդեռ մրցույթի արդյունքներով՝ նրանք կհեռարձակվեն, թեև միայն մայրաքաղաքային ծածկույթում: Հետաքրքրվեցինք՝ նման դիմում եղե՞լ է հանձնաժողովին, նա պատասխանեց. «Հանձնաժողովն առաջնորդվում է միայն օրենքով և հանձնաժողովի կարգերով, և որևէ արշավ՝ հատկապես սոցիալական ցանցերում, չի կարող հիմք հանդիսանալ, որ հանձնաժողովը որոշում կայացնի օրենքից դուրս»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ