Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ էր Աբովյանի օմոնը, նրան կցված ՄՈԲ-ը նահանջում». Հրահատ Մխեյանը` Արգիշտի Քյարամյանին

Հունվար 15,2021 15:48

«Արդեն նոյեմբերի 3-ի դրությամբ Շուշին դատարկ է եղել: Միայն մեր զորախումբն էր, ոչ մի ռազմատեխնիկա ես չտեսա, ոչ մի այլ զորք Շուշիում մենք այդ օրերին չտեսանք: Օրենքով պետք է հակառակը լիներ`լիքը զրահատեխնիկա, զորք`Շուշիի պաշտպանության համար: Բայց դատարկություն էր»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ 39 օր «Հայրենիք» զորախմբի կազմում արցախյան պատերազմին մասնակցած ԱԱԾ պահեստազորի սպա Զոհրապ Ավետիսյանը:

ԱԱԾ պահեստազորի սպաներ Զոհրապ Ավետիսյանը, Հրահատ Մխեյանը եւ Էդգար Ավանեսովը պնդում են, որ նոյեմբերի 8-ին իրենք արդեն գիտեին, որ Շուշին հանձնված է, պատերազմն էլ`ավարտված:

ԱԱԾ պահեստազորի սպաներն այսօր հրավիրված ասուլիսում պատասխանում էին ԱԱԾ նախկին պետ Արգիշտ Քյարամյանի այն հայտարարությանը, որ «Հայրենիք» զորախումբը լքել է Շուշիում`իրեն վստահված դիրքը:

Նրանք հայտարարեցին, որ իրենց տեղակայման վայրի ոչ քարտեզներ են տվել, ոչ հետախուզական տվյալներ եւ, առհասարակ, բավական անհասկանալի մարդիկ են հրահանգներ տվել, ինչպես նաեւ`տրված հրահանգներն են անհասկանալի եղել շատ դեպքերում:

Արցախյան առաջին պատերազմին մասնակցած Հրահատ Մխեյանը, որ 2000-ականներից Հայաստանում չի եղել, իսկ մինչ այդ ԱԱԾ-ի համակարգում է աշխատել, պատերազմի առաջին օրերին 16 հոգանոց հատուկ նշանակության խմբով եկել է Հայաստան, սակայն ոչ ՊՆ-ն, ոչ ՊԲ-ն իրենց հնարավորությունները չեն օգտագործել` հրահանգելով սպասել: Արցախ են մեկնել «Հայրենիք» զորախմբի կազմում:

Արդեն Շուշիում իր՝ իբրեւ պրոֆեսիոնալ զինվորականի համար, անհասկանալի է եղել տեղակայման հենց այդ վայրը, որը ավելի շատ թիրախ է եղել: Ի դեպ, այն ճանապարհը, որի հարակից տարածքում «Հայրենիք» ջոկատին առաջարկել են տեղակայվել, այդ ճանապարհով զորք է նահանջել:

Հրահատ Մխեյանը Արգիշտի Քյարամյանին հարց է տալիս, «Ինչո՞ւ էր Աբովյանի օմոնը, նրան կցված ՄՈԲ-ի նահանջում»: Ինքը հիմա արդեն գիտի այդ հարցի պատասխանը, բայց իր տեսակետը կբարձրաձայնի, երբ Քյարամյանը պատասխանի իր հարցին: «Ամսի 4-ի գիշերը հրաման եկավ պաշտպանության շտաբից, որ զորախումբը պետք է իր տեղակայումը փոխի եւ Շուշիից իջնի Շոշ գյուղի ուղղությամբ, որովհետեւ այնտեղ ռազմավարական ուղղության էր, այնտեղից հակառակորդը միանգամից հասնում էր Ստեփանակերտ: Դրա համար զորախումբն իր ողջ անձնակազմով տեղափոխվեց: Այնտեղ Հայաստանից եկած ոստիկաններ կային բավականին շատ, ոստիկանները փակել են ճանապարհը, մենք իջել ենք Շոշ գյուղի տակ: Զորախումբն այնտեղ կանգնել է մինչեւ վերջ, ամենավերջինն ենք դուրս եկել այնտեղից: Ոչ ոք այնտեղից չի փախել»,-ասաց Հրահատ Մխեյանը:

Մարտական ուղի անցած սպան վստահեցնում է, որ ոչ իրենց զորախմբի, ոչ առհասարակ դիրքերում կանգնած ոչ մարտական ուղի ունեցողների աչքերում վախ չի տեսել: Նա նաեւ հռետորական հարց է հնչեցնում. «Եթե Վանեցյանը փախչող էր, իր զորախումբը փախչող էր, նա իր երեխային կտանե՞ր Շուշի`ռմբակոծության տակ»: Բանախոսները պատմեցին, որ Շուշիում ռմբակոծության ժամանակ Արթուր Վանեցյանի որդին, որը նույնպես «Հայրենիք» զորախմբի կազմում էր, զորախմբի այլ անդամների հետ, շուրջ երկու ժամ կորել էր ու կապ էլ չի եղել, բայց Վանեցյանը չի նետվում իր որդուն փնտրելու, այլ շարունակում է համակարգել զորախմբի գործողությունները: Նրանք վստահեցնում են, որ երբ Շուշին ռմբակոծվում էր՝ Շուշիում արդեն մարդ չկար, մոտ մեկ տասնյակ ոստիկաններ են եղել:

Բանախոսները տարակուսում են իշխանական տարբեր գործիչների այն հայտարարություններից, որ շուրջ 80 հոգանոց «Հայրենիք» զորախումբը չի պաշտպանել Շուշին: Ավելին, չեն հասկանում, թե ինչպե՞ս պատահեց, որ հենց այն ժամանակ, երբ իրենք գտնվում էին «զորամասի կողքի բազայում, գրադով խփեցին բազային, անօդաչուով էլ խփեցին, բայց մինչեւ էդ, էդ տարածքը ամբողջովին ոչնչացված է եղել»:

Զինվորականները վստահ են, որ Շուշիի պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու դեպքում՝ նույնիսկ գունդ պետք չէր, երկու գումարտակը բավական էր, որ Շուշին անառիկ մնար: Նաեւ չեն հասկանում, թե ինչո՞ւ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպվեց, եթե ըստ Փաշինյանի, 25-30 հազարանոց զորք ունեինք Արցախում: «Լիսագորից մինչեւ Շուշի ՄՈԲ-ին բերել լցրել էին, թնդանոթի միս էլի.. ամեն խումբը 30-40 հոգի, իրարից 20-30 մետր հեռու եւ ցավն այն է, որ մի դիրքը մյուսի հետ կապ չուներ: Հրամանն ո՞վ էր տալիս, ի՞նչ ձեւով պիտի պաշտպանությունը կազմակերպվեր… միանձնյա հրամանատարություն չկար, վաշտերի ու դասակների հրամանատար էլ դնում էին ինստիտուտն ավարտած, զինվորական գործ չիմացող երեխեքի»,- ասաց Հրահատ Մխեյանը:

Բանախոսները վստահ էին, որ մենք ունեինք ներուժ, որ թշնամին առաջ չգար եւ եթե միտումնավոր զորքերը ետ չքաշվեին գերակա դիրքերից, ինչը հիմա էլ Հայաստանի սահմաններում է կատարվում, մենք անհամեմատ ավելի լավ վիճակում կլինեինք:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031