Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի բյուջեի բացը պետք է լրացնի Հայաստանը, այն դեպքում, երբ Հայաստանն ինքը վարկերի, փոխառությունների կարիք ունի». Պարսյան

Հունվար 15,2021 15:37

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը համոզված է, որ 2021 թվականին տնտեսական վիճակը առաջին հերթին կախված է քաղաքական իրավիճակից: Այսօր նա «Հենարան» ակումբում ներկայացրեց առկա խնդիրներն ու պատերազմից հետո սպասվող զարգացումները:

Տնտեսագետի խոսքով, նոյեմբերի 9-ին ստորագրած «խայտառակ համաձայնագրից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ տնտեսական, սոցիալական խնդիրներ, որոնք պետք է կառավարել:

«Այդ համաձայնագրի արդյունքում Հայաստանի տնտեսությունն ունեցավ բավականին մեծ եւ զգալի կորուստներ: Առաջինը՝ հողերի կորուստը, որոնց վրա աճեցվում էր հացահատիկ, մրգեր, որոնք լայն սպառում ունեին Հայաստանում: Եթե մենք դրա այլընտրանքը չգտնենք՝ 2021 թվականին ունենալու ենք նաեւ պարենի խնդիր: Արցախը տարիներ շարունակ մեզ ապահովել է հացով, թարմ մրգերով եւ հիմա այդ խնդիրն ունենք ու պետք է լուծումները գտնենք»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ պատերազմի հետեւանքով առաջացած մյուս խնդիրը էլեկտրաէներգիայի մատակարարումն է. «Արցախը տարեկան մոտ 330 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա է մատակարարել Հայաստան, որը կազմում է մեր ընդհանուր սպառման մոտ 5 տոկոսը: Շատ ցածր գնով էլէներգիա ենք ստացել: Հիմա դրա բացը կա եւ պետք է գտնենք ավելի թանկ էլեկտրաէներգիա՝ տեղը լրացնելու համար»:

Ըստ Սուրեն Պարսյանի, հաջորդ խնդիրը Արցախի տարածքում գործող մետաղական հանքերն են, որոնց մեծ մասը գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. «Մնացած հանքավայրերն էլ, օրինակ՝ Կաշենի հանքավայրը, այս պահին գործունեության մասով խնդիրներ կան, քանի որ ջուրը ստանում էր Նոր Մարաղայից, իսկ համաձայնագրի ստորագրման արդյունքում Նոր Մարաղան հանձնվեց թշնամուն: Հիմա ջրի մատակարարման հարց կա հանքավայրը շահագործելու համար: Եթե այդ հանքավայրը չգործի, ապա, Արցախի պետական բյուջեն լուրջ խնդիրներ կունենա: Այդ հանքավայրը շահագործող ընկերությունն ապահովում է Արցախի եկամուտների մեկ երրորդը: Արցախի բյուջեի բացը պետք է լրացնի Հայաստանը, այն դեպքում, երբ Հայաստանն ինքը վարկերի, փոխառությունների կարիք ունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031