Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ հակամարտության էսկալացիայի ավարտից հետո շրջանում մարդասիրական ճգնաժամ է առաջ եկել:
«Պատերազմից հետո մեզ մոտ սկսվել է մարդասիրական ճգնաժամ, և սոցիալական հարցերը շատ սուր են դրված: Առաջ եկող խնդրահարույց հարցերը մենք լուծում ենք ինչպես մեր, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների ուժերով, Հայաստանի Հանրապետության, ռուս խաղաղապահների օգնությամբ»,- ասել է Թանդիլյանը:
Նա պարզաբանել է, որ այժմ շատ սուր են դրված տեղահանվածների կացարանային հարցերը, բայց արդեն սկսվել են նրանց տեղավորման ծրագրային աշխատանքներ:
«Մենք արդեն սկսել ենք լուծել խնդրահարույց հարցերը, նաև արդեն կարող ենք խոսել երկարաժամկետ ծրագրերի մասին»,- ասել է Թանդիլյանը:
Կարդացեք նաև
Գործակալության հետ զրույցում նախարարը նաև նկատել է, որ շատ սուր է դրված նաև անվտանգության հարցը: Նա հիշեցրել է, որ չորեքշաբթի շփման գծում Արցախի պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ