Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է օր առաջ փոխել այս քաղաքականությունն ու այս թիմը, որը ձախողման է տանում բիզնեսին». Սուրեն Պարսյան

Հունվար 15,2021 14:51

«Անցյալ տարվա նոյեմբերի դրությամբ մեր վարկային բեռը կազմում է 7,5 միլիարդ դոլար: Եվ այդ վարկային բեռը շատ արագ տեմպերով ավելանալու է»,-այսօր «Հենարան» ակումբում կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Բեռի ավելացումը տնտեսագետը պայմանավորեց պատերազմական գործողությունների հետեւանքով կրած մեծ վնասներով. «Հայկական կողմը պատերազմի ժամանակ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է ձեռք բերել, որի մի մասի համար վճարել է, մի մասի համար վարկ է ձեւակերպել: Հիմա հաշվարկներն ամփոփվում են եւ կիմանանք՝ ինչ թվի մասին է խոսքը: Երկրորդ՝ Հայաստանի կառավարությունը երաշխիքներ է տրամադրել հայկական բանկերին, որոնք ֆինանսավորել են Արցախում ՀԷԿ-երի կամ այլ ձեռնարկությունների շինարարություն: Խոսքը մոտ մեկ միլիարդ դոլարի մասին է: Այսինքն՝ այդ գումարների վերադարձման երաշխավորությունը Հայաստանի կառավարությանն է: Եվ դա չվերադարձնելու դեպքում Հայաստանի կառավարության համար դառնալու է պարտք: Մեկ միլիարդ դոլարով վարկային բեռն ավելանալու է»:

Սուրեն Պարսյանի խոսքով, պետական բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է լրացուցիչ 700 միլիոն դոլարի չափով վարկ՝ բյուջեի կապիտալ եւ ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու եւ այդ գործընթացի անխաթար ընթացքը կազմակերպելու համար:

Տնտեսագետի կարծիքով, ինչպես 2019 թվականին, այնպես էլ 2020-ին, այս կառավարության հիմնական ձախողումը կրկին լինելու է կապիտալ ծախսերի չիրականացումը, ինչի արդյունքում նրանք գումար են խնայում:

«Դիցուք՝ նրանք պիտի ճանապարհ կառուցեն եւ այդ ճանապարհը չեն կառուցում  եւ այդ գումարն ուղղում են ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը՝ թոշակ են վճարում, աշխատավարձեր եւ այլն: Բայց սրա արդյունքում երկիրը կորցնում է իր տնտեսական աճի գործոնները: այսինքն՝ մենք լուծում ենք ընթացիկ խնդիրը, բայց չենք լուծում տնտեսության աճն ապահովող երկարաժամկետ, միջնաժամկետ գործոնները: Եվ սրա արդյունքում մենք ռումբը մեծացնում ենք, տնտեսական խնդիրները՝ նույնպես»:

Տնտեսագետը համոզված է, որ այդ տրամաբանությամբ՝ կրճատելով խոշոր տնտեսվարողների հարկերը, ավելացնելով հասարակության հարկերը, երկար չենք կարող շարունակել. «Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 3 տոկոսով աղքատների թիվն ավելացել է՝ ի տարբերություն 2018 թվականի: Եվ այս սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում աղքատությունն ավելի է խորանալու: Եկամուտների բաշխվածությունը դարձյալ խորանալու է: Անհավասար բաշխվածությունը դարձյալ խորանալու է: Եվ սրա լուծումները չկան: Պետք է օր առաջ փոխել այս քաղաքականությունն ու այս թիմը, որը ձախողման է տանում բիզնեսին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031