«Ամենուր նայեք հետեւից խփող մեքենաների քանակին: Պատճառն է հեռախոս ու ծխախոտ»,- ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների հարցը:
Նախագծով առաջարկվում է ճանապարհային երթեւեկության խախտումների համար տուգանքների վերանայում: Մասնավորապես, ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, եթե վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործվեն, կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ 1 տուգանային միավոր կկիրառվի»:
«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ բալային համակարգի կիրառումից հետո այս հարցերը բաց էին մնացել: Պրակտիկայի ընթացքում են տեսանելի դարձել. «Հիմնականում խնդիրները հետեւյալն են՝ ինչպիսի պատասխանատվություն է կրում այն անձը, որ վարորդական իրավունք չունի, նրա նկատմամբ բալային համակարգ չեն կարող կիրառել: Գործող օրենքով մուծում է 29 հազար դրամ ու այդ վտանգավոր իրավախախտումն անում: Հիմա առանձին կարգավորում է մտցվում նրանց համար, ովքեր վարորդական իրավունք չունեն ու վարում են մեքենա: Նրանց համար տուգանքը կսահմանվի 200 հազար դրամ»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Արդեն մեկ տարուց ավելի է, որ այս համակարգը դրված է: Կուզեի մի պահ գար, որ այս համակարգի ամբողջական վերլուծությունն ունենանք: Հասկանալի է, որ ինչ-որ դրական բաներ ունենք»: Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ այս համակարգը կիրառվում է կիսատ՝ 30-40 տոկոսով ու արդեն 25-30 զոհ պակաս ունենք. «Մարզերում տեսախցիկներ չկան, ընդամենը արագաչափեր են: Երբ պարեկային ծառայությունը կկիրառվի, շատ ավելի լավ արդյունքներ կունենանք»:
Կարդացեք նաև
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ