Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հետեւանքները կլինեն ցավոտ իրենց համար». Արման Սարգսյան

Հունվար 15,2021 14:23

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակությամբ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է 27 տարին լրացած եւ զինծառայություն չանցած տղաներին:

Նախկին ոստիկանապետ, օրերս ՊՆ փոխնախարար նշանակված Արման Սարգսյանը նույնպես ներկա էր նիստին: Նա իր ելույթում ասաց. «Հետախուզման ձեւեր, տեսակներ գոյություն ունեն՝ տեղական, միջպետական ու միջազգային: Իրականում, կապված հանցագործության ծանրության աստիճանից, թույլատրվում է միջազգային հետախուզում հայտարարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարածների նկատմամբ: Հայաստան տեղափոխվածները բազմաթիվ են: Չեն հասցնելու այսուհետ քաղաքացիություն ստանալ, որը կօգնի այդ երկրում պատսպարվել: Իմ պաշտոնավարման օրոք առնվազն 10 հազար մարդ հետախուզվել են ու ովքեր դրսում հայտնաբերվել են՝ ԱՊՀ երկրների տարածքում, հետեւանք իրենց համար չի առաջացել, տեղեկացվել են իրենց բնակավայրի մասին: Արդեն հետեւանքները կլինեն ցավոտ իրենց համար ու չի լինի այն ինչ մինչ օրս իրավակարգավորումներով եղել է»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մտավախություն ուներ, որ այս նախագծով դրսում սովորող ու Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողներին վատ ուղերձ են տալիս՝ սպասիր, մի արի, մի ծառայի, 27 տարին կլրանա, կգաս ու ժամկետային զինծառայության փոխարեն պայմանագրային զինծառայության կանցնես՝ նույնիսկ աշխատավարձով. «Բացի այդ, ես վստահ չեմ, որ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերածներին մենք կարողանալու ենք բերել: Եթե ուրիշ երկրի քաղաքացի է արդեն, 13 տարեկանից գնացել է, նրան չեն արտահանձնելու Հայաստանին: Այսինքն, սա լծակ չէ»:

Նախագիծը հետաձգվեց:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է «Զենքի մասին» օրենքում փոփոխություն անել ու ՊԵԿ-ին մարտական զենք տրամադրել՝ օպերատիվ ծառայության համար, օրինակ, մաքսանենգության, ՀՀ սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանման համար:

Այս նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031