Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակությամբ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է 27 տարին լրացած եւ զինծառայություն չանցած տղաներին:
«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի գնահատմամբ՝ նմանօրինակ օրենքները խրախուսում են դասալքությունը. «Ծանր հանցագործություն համարվող պատժի համար հնարավորություն է տրվում վճարի միջոցով ազատվելու: Կարծում եք, Կանադայում ապրող եւ 8-10 հազար դոլար աշխատավարձ ստացող ծրագրավորողը գալու է Հայաստան ու 100 հազար դրամով պայմանագրային զինծառայո՞ղ դառնա: Խորացնելու է սա դասալքությունը: Նմանօրինակ բան է ապօրինի շինարարությունը, երբ համայնքապետն ասում է՝ ապօրինի շինարարություն արա, հետո կգաս կօրինականացնես: Ե՛վ նա է խնդիրը խորացնում, ե՛ւ սա՝ դասալքությունը: Մենք գտնում ենք, որ անընդհատ պետք է այդ կարմիր գծի շուրջ մանեւրե՞լ: Չե՞ք կարծում, որ սա խրախուսելու է դասալքությունը, ոնց միշտ խրախուսել է»:
Արմեն Խաչատրյանը չհամաձայնեց: Նախկին կարգավորումը, ըստ նրա, ավելի վատն էր. «Միջին ծանրության հանցագործությունից դարձավ ծանր: Ձեր ասած Կանադայի ծրագրավորողը գտնվելու է հետախուզման մեջ: Այսօր պետությունը որեւէ հնարավորություն չունի նրանց արտահանձնման ենթարկել ու բերել ՀՀ: Նրանք փախնելու տեղ չեն ունենա, առաջին իսկ ռեգիստրացիայի, հաշվառման դեպքում հայտնաբերվելու են ու պատասխանատվության կանչելու մեխանիզմը շատ է հեշտանում: Իրականության հետ պետք է հաշվի նստել; Իրականում այդ մարդիկ կան, մեր հայրենակիցներն են ու տարբեր խնդիրներից ելնելով՝ չեն ծառայել: Մենք կարող ենք դնել ծանր հանցագործություն ու որեւէ լուծման չբերենք: Բայց այդ մարդիկ տասնյակ տարիներ մնալու են այնտեղ: Ինչի՞ թույլ չտանք գան, մեկ-երկու անձի փոխարեն շատ ավելի անձանց վնաս տանք»:
Կարդացեք նաև
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս օրենքը կանխարգելող նշանակություն ունի: Արդեն ծնողը երեխաներին երկրից հանելուց պետք է իմանա, որ իրենք տարիներ շարունակ լինելու են վախերի մեջ, չեն հասցնի իրենց երեխային դարձնել ծրագրավորող:
Առայժմ սակայն նախագիծը հետաձգում են՝ Քրեական օրենսգրքի նոր փոփոխությունների հետ ներդաշնակեցնելու եւ լրամշակելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իսկ ինչու՞ ոչ … Հանուն հայրենիքի ամեն ինչ էլ կարելի է անել՝ անգամ կյանքը զոհել: Ինչու՞ ոչ … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան