Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյանը՝ ադրբեջանցիների հետ «գնալ-գալու», ագրեսիվ «համակեցության», իշխանության «ամլության» մասին

Հունվար 15,2021 13:57

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը «Հենարան» ակումբում կայացած ասուլիսում նշեց, որ հայկական կողմը գերիների հարցից հետո միանշանակ պետք է անդրադառնա փախստականների հարցին: Նրա համոզմամբ, փախստականների վերադարձը չի կարող միակողմանի լինել. «Իհարկե Ադրբեջանը ֆինանսական միջոցներ ունի եւ կփորձի դա օգտագործել իր շահերի համար, նաեւ ցուցադրական քայլեր կանի: Իրականում, Հեյդար Ալիեւի ժառանգին շատ քիչ է հետաքրքրում, թե որքան փախստական կվերադառնա, իրենք ցուցադրական մի քանի գյուղեր կվերականգնեն, որովհետեւ այն հսկայական միջոցները, որ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ վերականգնելու այդ քաղաքների ինչ-որ ենթակառուցվածքներ, ահռելի գումարներ են կազմում: Այստեղ պետք է տեսնել քարոզչական քայլեր»:

Դեմոյանի խոսքով, եթե Ադրբեջանը շարունակում է հայատյաց հայտարարությունները, մենք նրան չենք կարող դիտել որպես կողմ, որի հետ պատրաստ ենք համագործակցել. «Արբիտրի դերում պետք է Մոսկվան հանդես գա՝ գոնե բանավոր հայտարարության ձեւով: Ես հիշեցնեմ, որ պատերազմի ընթացքում ՌԴ արտգործնախարար Լավրովը հիշատակում էր, որ տարիների ընթացքում կուտակվել էր ատելության հայտարարությունների լիցք, ինչը պետք է բերեր պատերազմի: Նույն երրորդ կողմին կրկին պետք է նոր կուտակվող լիցքի մասին զգուշացում տալ: Հիմա դրոշմանիշի պատմությունը կա, մամուլում, սոցցանցերում շարունակվող ատելությունը: Դասական դիկտատուրայի պայմաններում, ինչպիսին Ադրբեջանն է, այդ հարցը կարելի է շատ արագ կարգավորել: Այնպես որ հետագա եռակողմ, թե երկկողմ պայմանավորվածության ժամանակ պետք է նաեւ այս հարցը բարձրացնել»:

Ըստ պատմաբանի, տրանսպորտային ապաշրջափակման եւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում պետք է հստակ արձանագրել Երեւան-Ստեփանակերտ ամենօրյա թռիչքների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Գորիս-Ստեփանակերտ թռիչքների առկայությունը, քանի որ կարեւոր է, որ հայկական կողմը ոչ միայն ցամաքային կապի երաշխիք ունենա, այլ օդային:

Հայկ Դեմոյանը խոսեց նաեւ այս պարագայում ներկա իշխանությունների պահվածքից. «Երբ Մոսկվայում ստորագրվում է երկրորդ փաստաթուղթը եւ տրվում է մեկնարկ՝ 29 տարի անց ապաշրջափակման, սահմանազատման հետ կապված, ու հայտարարվում է, թե գերիների հարցն այս փուլում չկարողացանք լուծել, ինձ համար դա քաղաքական ամլության խորհրդանիշ է: Եթե այսօրվա իշխանությունները չեն կարող ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությունը, անվտանգությունը եւ վերադարձը Հայաստանի Հանրապետության, դա համար մեկ ցուցիչն է անընդունակ լինելու հետագա գործողությունների, էլ չեմ խոսում Հայաստանի անվտանգությունն ապահովելու առումով»:

Պատասխանելով համակեցության վերաբերյալ հարցին՝ Հայկ Դեմոյանը նշեց. «Համակեցություն նշանակում է փոխըմբռնում, հանդուրժողականություն, բարիդրացիության, հանրագումարի մեջ դա խաղաղ համակեցություն է նշանակում, հետեւաբար համակեցությունը չի կարող ագրեսիվ լինել: Այո, Թուրքիան բարդ հարեւան է, խնդիրներ կան պատմական, ցեղասպանության հիշողության հետ կապված, մենք փորձել ենք հարաբերությունները կարգավորել ուղղակի, բայց եղել են նախապայմաններ: Հիմա կարծես այդ նախապայմանները դուրս են եկել օրակարգից եւ Անկարայից լսում ենք ինչ-ինչ հայտարարություն:

Հասարակության մեջ, նաեւ ինտելեկտուալ որոշ շրջանակներում հրճվանքի էլեմենտներ ենք նկատում, որ շուտով ապաշրջափակում կլինի, ադրբեջանցիների հետ գնալ-գալ կլինի, գրանտներ կլինեն թուրքական կողմի հետ: Այս շրջանակը նույն շրջանակն է, որը նախապատերազմական շրջանում համատեղ դրամաշնորհներ էր իրականացնում, որոնք բավականին լուրջ ներդրումներ են ընտանեկան, անձնական բյուջեներում: Հիմա իրենց համար բացվում են լայն հնարավորություններ…

Հիշում եք, թե 2020 թ Ծիծեռնակաբերդի շուրջ ինչ թոհուբոհ էր գնում, երբ այնտեղ խցկված տնօրենը հավակնեց մեզ նոր պատում պարտադրել՝ Ցեղասպանությունն ընկալելու, հանեց «պահանջում եմ» բառը արդեն իսկ հաստատված «Հիշում եւ պահանջում եմ» կարգախոսից, փորձեց առաջ բերել ինքնապաշտպանությունների թեզը: Այնպիսի «հայտնագործություն» էր անում, կարծես մենք այնտեղ աշխատելով՝ չգիտեինք, որ այդ ինքնապաշտպանությունները …Թե հիշյալ անձի, թե հաստատության վերադասի՝ ԿԳՄՍ նախարարության հետագա գործողությունները բերում էին այն համոզման, որ գոյություն ունի թերեւս մեկ ձեռագիր՝ մեկ կամ մի քանի կողմից ուղղորդվող, որ արհեստականորեն պարտադրվում է այս համակեցությունը: Իսկ համակեցությունն արհեստականորեն չեն պարտադրվում»:

Հայկ Դեմոյանը հիշեցրեց նոր չափորոշիչները, հայագիտական առարկաների դեմ արշավը, իր ձեւակերպմամբ՝ «թուրք ներելու» գործողությունները, որոնք կապված էին ներկա իշխանությունների հետ:

«Ես ինքս էլ հանդուրժող եմ, մենք որեւէ վատ բան չենք տեսնում համակեցության մեջ, բայց երբ տեսնում ես ագրեսիվ գործողություններ այն կողմից, որն ի ցույց է դնում իր հետագա, ռազմամոլ ագրեսիվ կեցվածքը քո հանդեպ, այստեղ տարրական անվտանգության հիգիենիկ հարց է առաջ գալիս: Մինչդեռ որոշ մարդկանց համար կարեւորը դրամաշնորհներն են, իրենք հանգիստ կստանան այդ դրամաշնորհները ու հանգիստ կմարսեն, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, դա նրանց այդքան էլ չի հետաքրքրում»,- ընդգծեց պատմական գիտությունների դոկտորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031