Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1-ին տեղում «Արմենիա TV»-ն, 2-րդում՝ «Երկիր մեդիան», 3-րդում՝ «Շանթ»-ը. ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները

Հունվար 15,2021 13:36

Հունվարի 15-ին վերսկսվեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նիստը։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց՝ հանրապետական ծածկույթի համար ներկայացվել էր 6 սլոթ, մայրաքաղաքային ծածկույթի համար՝ 9 սլոթ: Այնուհետև շեշտեց. «Սակայն դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր ՀՀ-ի և ՌԴ-ի միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ առանց լիցենզավորման և երկու հեռուստաալիք ստանում է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր առանց լիցենզիայի: Դա նշանակում է՝ հանձնաժողովի՝ հունվարի 8-ի որոշմամբ՝ հանրապետական սլոթերի թիվը դառնում է 6-ից 5, մայրաքաղաքայինը՝ 9-ից իջնում է 7-ի»:

Տիգրան Հակոբյանը հայտնեց՝ հանրապետական սփռման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից երեքը դիմել են միայն հանրապետական սլոթի համար, 9-ը հանրապետական և մայրաքաղաքային: Միայն մայրաքաղաքային ծածկույթի մրցույթի հայտ ներկայացրել էր 4 հեռուստաընկերություն: Նա նաև նշեց՝ հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ն (1in.am) և Հանրային հեռուստաընկերությունը ետ են կանչել իրենց հայտը:

ՀՌՀ նախագահը ներկայացրեց, թե վերջնական արդյունքներով որ հեռուստաընկերություններն են մրցում. «Հանրապետական ծածկույթի սլոթի համար մրցում են «Արմնյուզ» ՓԲԸ-ն հանրապետական ծածկույթի համար, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն, «Շարկ» ՍՊԸ-ն (5-րդ ալիք), որը միաժամանակ հայտ է ներկայացրել նաև մայրաքաղաքային սփռման մրցույթի համար, «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ-ն, որը նաև հայտ է ներկայացրել մայրաքաղաքային ծածկույթի համար, «Արմենիա TV» ՓԲԸ-ն, ATV ՍՊԸ-ն, որը նաև հայտ է ներկայացրել մայրաքաղաքային սփռման համար, Freenews ՍՊԸ-ն, որը նաև հայտ է ներկայացրել մայրաքաղաքային սփռման համար, «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+), «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), որը նաև հայտ է մայրաքաղաքային սփռման համար, «Շանթ» ՍՊԸ-ն, որը նաև հայտ է ներկայացրել մայրաքաղաքային սփռման համար: Միայն մայրաքաղաքային ծածկույթի համար հայտ են ներկայացրել «Դար 21», «Մոթիվի» մեդիա հոլդինգը, «Արփի մեդիա» ՍՊԸ-ն և «Շանթ սպորտ» ՍՊԸ-ն: Այս ծրագրերը դրվելու են վարկանիշային քվեարկության»:

Մրցույթի արդյունքներով՝ 1-ին տեղում է «Արմենիա TV» ՓԲԸ-ն է՝ 713 միավորով, 2-րդում՝ «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) 688 միավոր, 3-րդում՝ «Շանթ» ՍՊԸ-ն՝ 680 միավոր, 4-րդում ATV ՍՊԸ-ն՝ 670 միավոր, 5-րդում «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ-ն (Կենտրոն հեռուստաընկերություն) 663 միավորով, 6-րդում՝ «Շարկ» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) 657 միավորով, 7-րդում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն 626 միավորով, 8-րդ տեղում «Արմնյուզ» ՓԲԸ –ն՝ 613 միավոր, 9-րդ տեղում՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+)՝ 545 միավոր, 10-րդ տեղում Freenews ՍՊԸ-ն՝ 531 միավոր:

Օրեր առաջ Aravot.am-ը Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանին հիշեցրեց՝ տեղեկություններ կան՝ հնարավոր է դադարեցվի հեռուստաընկերության աշխատանքը: Այս առիթով նա ասաց. «Մենք տեղեկություններ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի դեռ հանձնաժողովի անդամները չեն քվեարկել: Բայց մենք վստահ ենք մեր ուժերի վրա և չենք տեսնում որևէ թույլ կետ… Առիթ կամ պատճառ ավելի քան չկա, հետևաբար ոչ էլ մտածում ենք, որ մենք ենք այդ երկու հեռուստաընկերություններից մեկը, որ պետք է չստանա հաճախականություն»:

Մինչդեռ ինչպես երևում է հանրապետական սլոթի համար մրցույթի արդյունքներով՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքը 7-րդ տեղում է, իսկ հանրապետական սլոթերի թիվը 5-ն է:

Տիգրան Հակոբյանն այս առիթով պարզաբանեց. «Ամենաբարձր միավորները հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրային մուլտիպլեքսը, այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ թվանշաններ են հավաքել, նրանք տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում: Չկան այնպիսի հեռուստաընկերություններ, որոնք նվազագույն շեմը չեն հաղթահարել»:

Մայրաքաղաքային ծածկույթի համար հայտ ներկայացրած հեռուստաընկերությունների շրջանում մրցույթի արդյունքների մասին խոսելով՝ Տիգրան Հակոբյանը նշեց. «Դար 21»՝ 492, «Մոթիվի» մեդիա հոլդինգը (Նոր Հայաստան) 463, «Արփի մեդիա» ՍՊԸ՝ 542: Միակ հեռուստածրագիրը, որը չի հաղթահարել բավարար շեմը, «Շանթ սպորտ»-ն, որը 216 միավոր է հավաքել. նվազագույն շեմը 280 է: Որոշումը վերջնական կձևակերպենք, որը կլինի կայքերում և կուղարկենք հեռուստաընկերություններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031