Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակությամբ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է 27 տարին լրացած եւ զինծառայություն չանցած տղաներին:
Անդրանիկ Քոչարյանը բացատրեց. «Նախկինում 27 տարին լրացածը գալիս էր, մուծումներն անում էր ու հանրային կառավարման կյանքից դուրս էր գալիս: Այս փոփոխություններով հետախուզում է լինելու: Խստացվում է: Իրենց՝ նաեւ դրսում մնալու խոչընդոտներ ենք ստեղծում: Իրենք կա՛մ պետք է վերադառնան Հայաստան, կա՛մ պետք է ընդհանրապես չվերադառնան»: Քոչարյանն ասաց, որ ՀՀ տարածքը ամենաանվտանգ միջավայրն է ու չեն կարող չուզենալ Հայաստան չգալ:
Փոփոխությունների առաջարկով՝ 27 տարին լրացածները գալու են Հայաստան, մուծելու են սահմանված գումարը, որը երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձի եւ հավելավճարների համամասնությամբ է, կա՛մ պայմանագրային ծառայության են անցնելու գալուց հետո ու պետությունը նույնիսկ վճարելու է այդ ծառայության համար:
«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ տարիներ շարունակ նոր կարգավորումներ են մտցրել ու անընդհատ հետախուզման մեջ մտնողներին գումարի դիմաց ազատել պատասխանատվությունից, իսկ դա վատ ուղերձ էր: Տարեցտարի հետախուզման մեջ գտնվողների քանակը ավելանում է, բանակում եղած խնդիրները՝ խորանում. «Այս նախագծով վերջնականապես կկարգավորվի այդ հարցը: Հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ արտահանձնում կկիրառվի: Նաեւ անձին հնարավորություն են տալիս քրեական պատասխանատվությունից ազատվել՝ վճարում կատարելով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ