Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերիների հարցն առանց երկչոտելու պետք է դնել որպես կարեւոր նախապայման». Հայկ Դեմոյան

Հունվար 15,2021 12:52

«Վերջին հանրային ելույթների ժամանակ ես անդրադարձել եմ անոմալիաների՝ երկու փաստաթղթերի ձեւով, բայց եկեք դա չհասկանանք սխալի եւ ճշտի տեսանկյունից, այլ դիտարկենք որպես անոմալիա՝ քաղաքական, ռազմական առումով»,- «Հենարան» ակումբում կայացած ասուլիսում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Անոմալիաներից առաջինը նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունն է, որտեղ ՀԱՊԿ անդամ երկու երկրներ ստորագրել էին համատեղ հայտարարություն ոչ ՀԱՊԿ անդամ երկրի հետ, եւ ոչ ՀԱՊԿ անդամ երկիրը ռազմական գործողությունների արդյունքում հաղթող էր համարվել, իսկ ՀԱՊԿ անդամ երկիրը՝ պարտվող:

Երկրորդ փաստաթուղթը եւս անոմալիաների շարքից է, որովհետեւ ԵԱՏՄ անդամ երկու երկրները ստորագրում են փոխգործակցության պայմանավորվածությունների մասին փաստաթուղթ ոչ ԵԱՏՄ անդամ երկրի հետ:

Երրորդ անոմալիա էլ կա՝ գերիների հարցը: Առաջին փաստաթղթում արձանագրվում է, որ պետք է տեղի ունենա գերիների փոխանակում, հայկական կողմը դա իրականացնում է, ընդ որում՝ իրականացնում է նաեւ բոլոր մնացյալ բոլոր կետերը, երկրորդ փաստաթղթի մեջ անգամ ուրվագծվում են համատեղ գործողություններ՝ փոխվարչապետերի մակարդակով, խոսվում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, բայց արի ու տես, որ առաջին փաստաթղթում արձանագրված կետերից մեկը՝ գերիների վերադարձը չի իրագործվում Ադրբեջանի կողմից:

Մինչդեռ, երբ խոսք է գնում փոխվարչապետերի, նաեւ սահմանազատումների մակարդակով աշխատանքներ իրականացնելու մասին, գերիների հարցը պետք է ինքնաբերաբար դուրս գար: Սա պարզագույն տրամաբանությունն է: Ուրեմն ինչո՞ւ դա տեղի չի ունենում, ինչո՞ւ Հայաստանը ներկայացնող ղեկավարը հայտարարում է, որ չկարողացավ լուծել գերիների հարցը»:

Պատմաբանը չի ցանկանում, իր խոսքով, դա դիտել փրկագին պահանջելու, կոմերցիոն գործողությունների ծիրից ներս: Կարծում է, որ հարցը ընդամենը մեկ րոպեում խոսելու եւ հանձնարարություններ տալու խնդիր էր Մոսկվայում՝ գոնե վերջին հանդիպման ժամանակ. «Ի՞նչ ունի Ադրբեջանը ստանալիք Հայաստանից, որպեսզի այս հարցը դեռեւս չլուծված կարգավիճակում մնա: Արդյոք Ադրբեջանն այս կերպ փորձում է լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար որպես գործիք ծառայեցնել գերիների հարցը»:Հայկ Դեմոյանի համոզմամբ, գերիների հարցը չպետք է դիտել Ադրբեջանի հետ ուղղակի կամ հորիզոնական հարթության մեջ, այլ հարկ է երրորդ, տվյալ դեպքում՝ ռուսական կողմին դիմել՝ ներկայացնելով խնդիրը որպես ստորագրված փաստաթղթերի խախտում:

Նա մի հանգամանք էլ առանձնացրեց. «Ադրբեջանի պահվածքը հասկանալի է. 26 տարի պարտված կարգավիճակից հետո դեռեւս շատ էյֆորիկ բաներ կան, բայց հիմա Ադրբեջանի քարոզչական, տեղեկատվական շարունակվող գրոհին ո՞վ է պատասխանելու, կա՞ Հայաստանի Հանրապետությունում մարմին, օղակ, իշխանական ներկայացուցիչ, որ գոնե կարձագանքի անընդհատ կատարվող այդ գործողություններին: Ամեն օր Բաքվից ինչ-ինչ փաթեթավորմամբ տեղեկատվական ռումբեր են նետվում հրապարակ, որոնց, ցավոք սրտի, չկա պատասխան»:

Ըստ Դեմոյանի, պետք է նաեւ ձեւակերպել, թե որոնք է հայկական կողմի կարմիր գծերը. «Շատերը հոռետեսորեն ասում են՝ պարտված ենք, ինչ ուզենան՝ կանեն, մինչդեռ այդպես չէ: Մի քանի կարմիր գծեր, այնուամենայնիվ, պետք է արձանագրվեն: Գերիների հարցը շատ հանգիստ, առանց երկչոտելու պետք է դնել որպես կարեւոր նախապայման: Եթե ստորագրվել է երկրորդ փաստաթուղթը, եւ այնտեղ կա գործողությունների պլան, ապա ավտոմատ կերպով գերիների ու փախստականների հարցը պետք է դառնա որպես նախապայման: Եթե այս հարցը չի լուծվում, պետք է ասենք, որ առկախում ենք մեր հետագա բոլոր գործողությունները՝ դեռեւս ռազմամոլ հայտարարություններով հանդես եկող ադրբեջանական կողմի հետ: Իմաստ չկա ստեղծել հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ, երբ բացեիբաց չի կատարվում պարզ մարդկային, մարդասիրական քայլերից մեկը, որն արձանագրված է առաջին փաստաթղթում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031