Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան գրառումը
«Կո՞ղմ եք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանների բացմանը»․ Այսօր համացանցում մի այդպիսի հարց տեսայ եւ դրա տակ խրոխտաբար ՈՉ ասող իմ հայրենակիցների ԲԱՆԱԿ։
Ճատրակ (շախմատ) խաղալ գիտեցողները տեղեակ են, որ ընդհանրապէս այդ խաղում շահում է նա, ով նոյն ժամանակահատուածում աւելի շատ քայլեր է հասցնում վերլուծել։ Մերոնք, ցաւօք սրտի, հարցերի զգալի մասին պատասխանելիս միայն մի քայլ են վերլուծում։ Նախ մտածեցի՝ անկազմակերպ իշխանութիւնների դէպքում դա շատ վտանգաւոր հետեւանքներ կարող է ունենալ (օրինակը մեր տարածաշրջանի 4 մահմեդական դարձող երկիրն է), բայց եւ մտածեցի․ մէկ էլ ե՞րբ եմ այս նիւթի մասին անաչառ գնահատակ տալու առիթ ունենալու եւ գրեցի մէկնբանութիւն, որն ամբողջութեամբ տեղափոխում եմ իմ էջ։ Ահա այն․ (խնդրում եմ շատ բծախնդիր չլինել, զի մի շնչով եմ գրել եւ երկրորդ անգամ չեմ էլ կարդացել).
«Սիրելի պատասխանողների մեծ մասը նոյնացնում է սահման բացելն ու Հայաստանի ժողովրդագրական բռնազաւթում հասկացութիւնները։ Դրանք նոյնը չէն, բայց փթախտաւոր («կոռումպացուած») իշխանութիւն ունենալու դէպքում կարող են իրական վտանգ ներկայացնել։ Եթէ խօսքը սահմանի մասին է, պէտք է հասկանալ, որ վերահսկուող անցակէտերով հաղորդակցուող, սակայն կամայականօրէն անանցանելի (ինչպէս այսօր է) փակ սահմանի մասին չէ խօսքը։ Եթէ ունես կարգին օրէնքներ ստեղծելու ունակ, կարգին սահմանապահ ծառայութիւն եւ անվտանգութեան համակարգ ունեցող պետութիւն, կարճ ասած կարգին պետութիւն, ուրեմն խնդիր չես ունենայ։
Կարդացեք նաև
Հարցի խորքային իմաստն հետեւեալն է՝ ուզու՞մ ես ունենալ քեզ ենթակայ անցումային հնարաւորութեամբ սահմաններ, թէ՞՝ ուզում ես որ դու որեւէ դերակատարութիւնից զրկուած լինես։ Երբ սահմանները փակ չեն, դու քո պետական շահերից կամ նկատառումներից ելնելով կարող ես դրանցով անցու դարձ անողների հնարաւորութիւնները սահմանափակել կամ ընդարձակել, նաեւ ինչ-որ ժամանակով ամբողջութեամբ փակել սահմանը, իսկ եթէ քեզնից անկախ սահմանները փակ են, դու իրաւազուրկ ես (նաեւ քո հարեւանը, բայց դրանից դու աւելի մեծ իրաւունքների տէր չես դառնում)»։