Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ ստեղծված մարմինները, կարծես, դարձել են կոռուպցիայի դասական օրինակ․ բյուջեից մեծ գումարներ են հատկացվում ոչնչի համար. «Հրապարակ»

Հունվար 15,2021 10:45

Կոռուպցիայի դեմ ստեղծված մարմինները, կարծես, դարձել են կոռուպցիայի դասական օրինակ․ բյուջեից մեծ գումարներ են հատկացվում ոչնչի համար, ավելի ճիշտ՝ որոշ մարդկանց համար, քանի որ այդ նպատակով ստեղծված կառույցները կա՛մ գործում են քաղաքական նպատակահարմարությամբ, կա՛մ էլ, մեղմ ասած՝ անգործության են մատնված։

Օրինակ, 2019-ին ձեւավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը 35 անձից է կազմված, հանձնաժողովի ղեկավար մարմնի 4 անդամներից շարքային 3 անդամի համար նախատեսված է մոտ 800 հազարական դրամ աշխատավարձ, իսկ նախագահի համար՝ ավելի քան 900 հազար դրամ։ Այս ամենին գումարենք շենքային, գույքային ծախսերը։ Իսկ ինչո՞վ է աչքի ընկել սույն հանձնաժողովը, բացի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ վիճահարույց եզրակացությունը, թե իբր նա խախտել է օրենքը՝ լինելով պատգամավոր եւ միաժամանակ զբաղվելով նաեւ բիզնեսի կառավարմամբ։ Բայց, քանի որ եզրակացությունը հրապարակվեց այն ժամանակ, երբ Ծառուկյանը հայտարարեց կառավարության հրաժարականի պահանջի մասին, ակնհայտ էր քաղաքական պատվերը։ Հանձնաժողովի եզրակացությունը ընդդիմադիր առաջնորդի փաստաբաններն անհիմն որակեցին, եւ այն որեւէ հետեւանք չունեցավ։ Իսկ իշխանական տխրահռչակ պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ դիմումը «գրվեց սառույցին»։ Հանձնաժողովը Սեւանի ափին տեղի ունեցած հայտնի փարթիից հետո մի քանի ամիս շարունակ քննեց պատգամավորի գործունեությունը, բիզնես կապերը, բայց այդպես էլ որեւէ բան չգտավ։ Մյուս աղմկոտ եզրակացությունն էլ վճռաբեկի նախագահ, այժմ ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ էր, որն իշխանական պատգամավորների ձեռքին գործիք դարձավ` խոստացել էին ՍԴ նախագահ դարձնել, բայց «քցեցին»։

Կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգելու նպատակով, անցած տարի ստեղծվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի նոր հաստիք։ Այդ պաշտոնում անցած տարվա սեպտեմբերի 1-ին նշանակվեց արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանը։ Մի քանի ամիս է՝ վարչությունը գործում է, բայց աշխատանքի մասին ոչինչ հայտնի չէ, եւ, ըստ tert.am-ի՝ նոր ստեղծված կառույցի վրա դատախազությունն ավելի քան 60 մլն դրամ է ծախսել:

Հատուկ նպատակով ստեղծված կառույցի ղեկավարը, որի նպատակն ապօրինի գույքի բռնագանձումն է, պատերազմի օրերին 10 մլն դրամ արժողությամբ «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենա է գնել՝ ծառայողական նպատակով: Ավելին՝ նոր հաստիքով դատախազ դարձած Սրբուհի Գալյանն առանձին նստավայր կունենա, որի կառուցման համար դատախազությունն ավելի քան 50 մլն դրամ գումար է տրամադրել: Գալյանը կաշխատի դատախազության շենքից դուրս՝ երկաթգծի վարչության շենքի հարեւանությամբ գտնվող մասնաշենքում, որը վերանորոգում են՝ նրա նստավայրը դարձնելու համար:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031