ՊԲ 3-րդ ՊՇ 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի հրամանատար կապիտան Գևորգ Գևորգյանն է` Ճարտարից։ Նա վաղուց էր բռնել հայրենապաշտության ճանապարհը։ Հայրենիքն իր համար վեհագույն արժեք էր։ Երեսուն գարուն ապրած հայորդու մասին ամեն օր են խոսում` ինչպես ընկերները, այնպես էլ ծառայակիցներն ու հարազատ, իրեն ճանաչող մարդիկ։ Բայց Գևորգը շատ խոսել չէր սիրում։ Իր կերպարում ամբողջացված էր մարդկային լավագույն հատկանիշները։ Նվիրված, պարտաճանաչ, վստահելի և պատասխանատու սպա էր։
«Շատ օրինակելի էր»,-ասում են։ Ռազմավարական փայլուն գիտելիքներով էր օժտված։
Գևորգը 2011 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, համազորային հրամանատարական մասնագիտությամբ, նշանակվել էր ՊԲ 35383 զորամասի 3 գումարտակի 7-րդ վաշտի հրամանատարի պաշտոնում։ Միշտ աչալուրջ, հետևողական ու նվիրված էր կատարում իրեն վստահված ամեն ինչ։
2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի ժամանակ կապիտանը չլինելով դիվերսանտ` կազմակերպել է դիվերսիոն գործողություններ և իր վաշտի հետ գրավել հակառակորդի 4 դիրք։ Նրան վստահվում է կարևորագույն մարտական առաջադրանքների կատարումը։
Կարդացեք նաև
Գևորգն իր ստորաբաժանման անձնակազմով և մի քանի կամավորականների հետ մեկնում է Հադրութ` այնտեղ ընթացող մարտերին մասնակցելու, սակայն նրանց չեն դիմավորում։ Հադրութի հատվածում նրանք առճակատվում են թշնամու հրոսակախմբի հետ։
Գևորգի ճիշտ քայլերի ու հմուտ ղեկավարման շնորհիվ ստորաբաժանումը մարտի մեջ է մտնում թշնամու մեծաքանակ ուժերի հետ` հասցնելով մեծաթիվ կորուստներ։ Այստեղ վիրավորում է Գևորգը, սակայն կապ հաստատելուց ու օգնություն խնդրելուց հետո, որն այդպես էլ տեղ չի հասնում, հրամայում է, որ հրետանավորները կրակ բացեն իրենց վրա (огонь на себя), քանի որ պահը լուրջ ու վճռական էր։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
«Փոքր ժամանակ գրեթե ամեն օր հորեղբորն ասում էր, որ պատմի կռվի մասին։ Միշտ ուշադիր լսում էր ու հարցեր տալիս»,-հիշում է Գևորգի քույրը։
Գևորգի հարազատ կրթօջախում բոլորը ցավում են։ Ուսուցիչների աչքի առաջ է Գևորգը։
«Արա Գեղեցիկ-Գևորգ Գեղեցիկ… շատ ինքնատիպ էր»,-իսկույն այս բնութագրումն է տալիս Զինաիդա Արզումանյանը` Գևորգի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին։ Նրա հուշերում Գևորգի հետ կապված շատ բան կա։ Առհասարակ, իրենց դասարանի հետ կապված ամեն ինչ անմոռանալի է։
Ընկեր Արզումանյանը հիշեց. «ՀԵՊ-ի դասաժամի սկզբում միշտ աղոթում ենք։ Մի օր աղոթքից հետո Գևորգը մոտեցավ և ասաց, որ խնդրանք ունի` կարևոր տեղ պիտի գնա։ Ես էլ ասեցի` Գևորգ, եթե կարևոր տեղ պետք է գնայիր, նախապես ինձ ասեիր` դասաժամի սկզբից բաց թողնեմ։ Նա պատասխանեց. «Չէ, ընկեր Արզումանյան, ես պիտի անպայման աղոթեի, հետո գնայի»։ Այսպիսին էր նա»։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ