Մի քանի օր կայուն վիճակում մնալուց հետո դոլարի կուրսը կրկին բարձրանում է։ 1 դոլարի առքն արդեն 525 դրամի է հասել, իսկ վաճառքը՝ 530-531 դրամի։
Հիշեցնենք, որ արտարժույթի տատանումները Հայաստանում սկսվեցին նոյեմբերի կեսերին։ Այդ ժամանակ դոլարը 480 դրամից բարձրացավ մինչև 510-520 և դեկտեմբերի կեսերից մոտ մեկ ամիս այդպես պահպանվեց։ Սակայն երկու օր է՝ արդեն նորից բարձրացում է նկատվում։
ՀՀ Կենտրոնական բանկն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ «ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։
Ֆինանսական շուկայի մասնագետ, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերի դրամի արժեզրկումը անհանգստացնող չէ, և այն ավելի շատ վարքագծային է: «1-2 դրամի բարձրացումը էական չէ իրականում։ Եթե համեմատում ենք նոյեմբեր ամսվա կուրսի հետ, ապա էական տարբերություն կա, բայց նոյեմբերից սկսված դրամի արժեզրկումն էլ, իմ կարծիքով, վարքագծային է եղել՝ հիմնված մարդկանց սպասումների վրա։ Մարդիկ սկսեցին իրենց խնայողությունները դրամային դաշտից տեղափոխել արտարժութային դաշտ, ինչով էլ պայմանավորված՝ դրամն արժեզրկվեց։ Իսկ հիմա ես կարծում եմ, որ արժեզրկման համար լուրջ պատճառներ չկան, իսկ եթե լինեն էլի վարքագծային պատճառներ, ապա, կարծում եմ, Կենտրոնական բանկը համապատասխան քայլեր կձեռնարկի։ Վստահ եմ, որ Կենտրոնական բանկում այդ ռեսուրսները կան։ Հետևաբար այդ ֆոնին անհանգստացնող արժեզրկում տեղի չի ունենա»,- ընդգծեց տնտեսագետը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում